20/07/2015 19:53
Էդուարդ Զորիկյանը պապիկ է դարձել
Օրերս լույս աշխարհ է եկել բանաստեղծ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ Էդուարդ Զորիկյանի թոռնուհին, ով երգահանին առաջին անգամ ստիպեց զգալ պապիկ դառնալու իրական բերկրանքը: «Փոքրիկին դեռ տուն չենք տարել, հավանաբար` վաղը դուրս կգրվի: Թոռնուհիս ծնվել է Մարգարյան հիվանդանոցում, 3 կգ 700 գրամ քաշն է, 53 սմ` բոյը: Առողջ ու լավ բալիկ է»,-հուզված և ուրախ տեղեկացրեց նորաթուխ պապիկը:
Փոքրիկի ծնողները` դերասան Հայկ Զորիկյանը և դիզայներ, դերասանուհի-նկարչուհի Անահիտ Տեր-Սարգսյանը դեռևս չեն կողմնորոշվել անվան հարցում: Մի բան հստակ է` տատիկների անունը չկա անվանացանկում: «Երիտասարդները տատանվում են Նինար և Նոյեմ անունների մեջ: Տատիկների անունների հետ կապված` ասեմ, որ մեզ մոտ նման բան չկա: Իրենց ասել ենք` Ձեր երեխան է, որոշողը դուք եք: Գուցե արտասահմանյան տարբերակով երեխան այդ երկու անուն էլ կրի՞: Եթե, իհարկե, թույլ կտան»:
Ինչ վերաբերում է առաջին անգամ պապիկ դառնալու զգացողություններին, մեր զրուցակիցը ժպիտով նշեց, որ դեռևս կարգավիճակի փոփոխություն չի զգում. «Ես դեռ թոռնիկիս էլ չեմ տեսել: Մեր ընտանիքի բոլոր անդամներն այնտեղ են, բայց ես այլ գործերով եմ «վազվզում»: Վաղը տուն կբերենք և կզգամ, կվայելեմ թոռնիկիս»:
Այսօր երեկոյան «Forsh» ակումբում համերգ ծրագրով և մոնոներկայացմմբ հանդես կգան Էդուարդ և Հայկ Զորիկյանները: Համերգի առիթը, բնականաբար, փոքրիկի ծնունդն է:
Aysor.am-ը սիրով շնորհավորում է Զորիկյանների ընտանիքին: