20/07/2015 19:46
Սոնա Շահգելդյանը գաղտնի ամուսնացել է
Օրերս համացանցում հայտնվեց Սոնա Շահգելդյանի նոր` «Հավատա» երգի ձայնագրությունը` գրված Էդգար Գյանջումյանի երաժշտությամբ և Վահան Անդրեասյանի խոսքերով: «Երգը հատուկ գեղեցիկ զույգի կողմից է պատվիրվել` իրենց նշանադրության առիթով: Այդ զույգն է ինձ ընտրել, ես էլ մեծ սիրով կատարում եմ: Այժմ այն իմ երգացանկում ընդգրկված է, ամեն օր աշխատանքի ընթացքում երգում եմ»,-մանրամասնեց երգչուհին:
Նա նշեց, որ շուտով հանդես կգա նաև այլ ոճերում. «Տարբեր ոճերում նոր երգեր եմ պատրաստել: Ներկա պահին նոր երգ եմ պատրաստում, հին հայկական ժողովրդական շարան է, կոչվում է «Ասենք շնորհավոր»: Նաև այս տարի թվով երրորդ տեսահոլովակը կնկարահանեմ: Շուտով Հայաստանի տարբեր շրջաններ համերգային շրջագայության կմեկնեմ»:
Սոնա Շահգելդյանին է վստահվել նաև փոքրիկների ծնունդը խորհրդանշող մի երգ, որը նույնպես հատուկ պատվեր է. «Մարինե Մխիթարյանի հեղինակմամբ նոր երգ է գրվել երեխայի մասին: Այն կոչվում է «Մալվինա»: Երգելու եմ ինձ շատ հարազատ մարդկանց երկրոդ բալիկի առիթով: Այս երգը ևս կընդգրկվի իմ մշտական երգացանկում»:
Որքան էլ գերզբաղված, սակայն երգչուհին չի հրաժարվի ամառային հանգստից: Շուտով մայրիկի հետ կմեկնի Դիլիջան, այնուհետև սիրելիի հետ` ծովափնյա երկիր: «Ես շատ եմ սիրում մեր Հայաստանի բնությունը, հանգիստն անցկացնելու հրաշալի վայրեր ունենք: Ինքս ակտիվ հանգստի սիրահար եմ: Մեզ հետ հանգստի կմեկնի նաև շունիկս: Երբ Դիլիջանից վերադառնամ, անպայման հանգստի կգնամ նաև սիրելիիս հետ»,-ժպիտով եզրափակեց Սոնան:
Մեր այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ այս ամառ Սոնան և իր ընտրյալը կամուսնանան, մեր զրուցակիցն անակնկալ պատասխան տվեց. «Ես արդեն ամուսնացել եմ, շատ ուրախ ու երջանիկ եմ: Շատ բաներ չեմ ուզում խոսել իմ անձնականից, կարծում եմ՝ այն վերաբերում է միայն ինձ և ամուսնուս»:
Թեև շատերը սպասում էին, որ Սոնա Շահգելդյանի հարսանիքը պետք է լինի ավանդական և մեծ աղմուկ բարձրացնի, սակայն ամեն ինչ եղավ հակառակը. «Հարսանիք չենք արել, բայց օրինական ամուսիններ ենք: Կարծում եմ՝ հարսանիքն այնքան էլ կարևոր չէ: Կարևորը հետագա կյանքն է, մեր երջանիկ լինելը: Շատերը հարսի շոր չեն հագել, բայց հավատացեք, դա նրանց երջանկությանը չի խանգարել: Բայց գուցե հարսի շորով ֆոտոսեսիա անեմ, չգիտեմ»,- իր երջանկությամբ և նորությամբ Aysor.am-ի հետ կիսվեց երչուհին: