20/07/2015 18:34
«Շատտիկ-2015» միջազգային մրցույթ-փառատոնից հայ պատվիրակները վերադարձել են հաղթանակներով
Հուլիսի 3-7-ը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է ամենամյա «Շատտիկ-2015» միջազգային մրցույթ-փառատոնը: Մասնակից երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Բուլղարիա, Մոլդովա, Բելառուս, Ուզբեկստան, Լատվիա, Լիտվա, Ղազախստան մրցույթ-փառատոնի 5 անվանակարգերում ներգրավված էին շուրջ 350 մասնակից:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկված էին Երևանի մշակույթի պետական քոլեջի 4 մասնակից, որոնք «Էստրադային երգեցողություն», «Ժողովրդական երգեցողություն», «Ազգագրական երգեցողություն» անվանակարգերում, տարբեր տարիքային խմբերում արժանացել են գլխավոր մրցանակների. Համլետ Հովհաննիսյան` Գլխավոր մրցանակ /Գրան պրի/, Անի Սարգսյան` առաջին մրցանակ, Ալեքսեյ Ունանյան` առաջին մրցանակ, Սուսաննա Վարդանյան` առաջին մրցանակ:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ հայ պատվիրակները նաև անվանական հրավերներ են ստացել մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների և փառատոների: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Վրեժ Կիրակոսյանը: