21/07/2015 19:53
Արմեն Մարության. Մենք կինո ունեցել ենք, էլի կունենանք, վստահ եմ
Եղավ մի շրջան, որ սերիալներում նկարահանվում էին ասելիք ու մասնագիտական կենսափորձ ունեցող շատ դերասաններ, սակայն, հավանաբար, «սերիալաստեղծների» ֆինանսակա հնարավորությունները երկար «չձգեցին»: Այսօր կարելի է յուրաքանչյուր սերիալում հանդիպել մեկ կամ երկու արտիստների, ովքեր փորձում են սեփական ուսերին կրել սերիալի հաջողությունն ու անհաջողությունը, բեռը:
Արմեն Մարությանն այսօր առավել զբաղված է թատերական գործունեությամբ: Սերիալային հետաքրքիր առաջարկներ դերասանը չունի. «Առաջարկներն այնքան էլ շատ չեն, եղածներն էլ կարդացել ու չեմ հավանել… Մեր սերիալներում մի քիչ դժվար է կողմնորոշվել. դերը տալիս են, հետո նոր սկսում են դերը գրել: Սերիալի ընթացքում կերպարդ ոստիկանից դառնում է հանցագործ, կամ հակառակը: Այդ հարցում շատ բան ունենք սովորելու ռուսական սերիալներից. 20-30 սերիա, երբ ի սկզբանե հստակ գիտես ասելիքդ: Այս սերիալներն ասելիք ունեն, զարգացում և կուլմինացիա»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:
Նա մանրամասնեց, որ այսօր սերիալներում հիմնականում զբաղված են սկսնակները. «Մեր լավագույն դերասաններից ո՞վ է խաղում, գրեթե ոչ-ոք: Միայն «Բախտաբեր» սերիալում Հարություն Մովսիսյանն է զբաղված: Տիգրան Ներսիսյան, Արմեն Էլբակյան. Արմեն Մարության, Նելլի Խերանյան, Ալլա Վարդանյան… Իրենց որևէ մեկին տեսնո՞ւմ եք այսօր: Իհարկե ոչ»:
Մեր այն դիտարկմանը, որ գուցե արտիստները հրավեր չլինելու պատճառով չեն նկարահանվում, Արմեն Մարությանը նշեց. «Կա նման բան, բայց այդ հրավերների բացակայությունը պայմանավորված է ոչ թե արտիստների վատը լինելով, այլ «չդերասաններին» քիչ վճարելով: Ֆիլմը, ստեղծագործությունը պետք է ասելիք ունենա, որը մեզ մոտ չկա. սերիալներում «վապշե» խաղում են, «վապշե» ծիծաղեցնում են, «վապշե» տխրեցնում են, «վապշե» ջղայնանում են… Այդպես չի լինում, չի կարելի»:
Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ կինո նկարելն էլ գումար է պահանջում. «Այդ պատճառով նկարած ֆիլմերն էլ ֆիլմ չեն լինում: Մենք փոքր երկիր ենք, պետք է շատ լուրջ մոտենանք այդ հարցին: Մենք մեր դեմքն ենք կորցնում կրկնօրինակելով: Շատ վատ սովորություն ունենք` նմանվում եք ամերիկացուն, իռլանդացուն, մի պահ նման էինք ադրբեջանցուն, ամբողջ Հայաստանը ադրբեջանական մուղամ էր լսում»:
Իսկ, թե ե՞րբ ենք նմանվելու ինքներս մեզ` հարցին Արմեն Մարությանը պատասխանեց. «Այ դա թեմա է: Իմ ուսուցիչ Մհեր Մկրտչյանը` Ֆրունզիկը, մի անգամ ասել է. «Այդքան ֆիլմեր եմ խաղացել, բայց թատրոնի մի փոքր դերը չեմ փոխի ոչ մի ֆիլմի հետ»: Թատրոնը խորը, ժամանակակից լեզվով ասած` օնլայն արվեստ է: Արվեստի միջոցով պետք է փորձել ամեն մի չարիքի առաջն առնել: Գնահատելով կսովորենք ստեղծել մերը, հպարտանալ մերինով, և ոչ թե ուրիշների անորակ արտադրանքը սեփականացնելով»:
Այս օրերին Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնն էր անցկացվում: Փառատոնները շատերի մոտ «փող լվանալու», շատերի մոտ էլ` արվեստը զարգացնելու և փորձը փոխանցելու տպավորություն են թողնում: Aysor.am-ի զրուցակիցը նշեց, որ ընդհանրապես, դրական կարծիք ունի բոլոր փառատոնների վերաբերյալ: «Մի քանի անգամ Թուրքիայում թատերական փառատոնների եմ մասնակցել: Իրենց ասացի. «Դուք թատրոն չունեք, չգիտեք` թատրոնն ինչ է: Թատերական փառատոնի շրջանակներում` կինոյի դահլիճում եք խաղում, ինչո՞ւ եք այդքան լուրջ փողեր ծախսում»: Եվ գիտե՞ք ինչ պատասխանեցին. «Բա անում ենք, որ ունենանք: Լեհը, իտալացին, դուք գաք, տեսնենք թատրոնն ի՞նչ է, ձգտենք դրան հասնել»: Այնպես որ, հիմա էլ մեր «Ոսկե ծիրանին» թող գան լավ ռեժիսորներ, թող լավ ֆիլմեր բերեն: Մենք կինո ունեցել ենք, էլի կունենանք, վստահ եմ»,- լավատեսորեն եզրափակեց Արմեն Մարությանը: