22/07/2015 15:44
Երվանդ Զախարյան. Էներգետիկ համակարգի զարգացման նոր ծրագիրը կբացառի ՀԷՑ-ում ֆինանսական վնասների ձևավորումը
Զարգացման ծրագրերը կարող են կյանքի կոչվել միայն առողջ համակարգում: Այս մասին այսօր «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ /մինչև 2036 թվականը/ զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց Էներգետիկայի և բնական պաշարնորի նախարար Երվանդ Զախարյանն` ավելացնելով.
«Սա է պատճառը, որ դեռ 2014 թ. մայիսից խորը, բազմակողմանի վերլուծություն իրականացրեցինք ամբողջ էներգահամակարգում: Արդյունքում՝ ձևավորվել է առողջացման ծրագիր, որը պետք է ապահովի էներգահամակարգի կայունությունը և հուսալիությունը»:
Նախարարի խոսքով` մշակված ծրագրերի իրականացմամբ կունենանք անվտանգ ու հուսալի էներգետիկ համակարգ. «Այս դեպքում կունենանք նաև կանխատեսելի սակագներ և կորուստների կրճատում»,- ասաց Երվանդ Զախարյանը` նշելով.
«Արդեն իսկ մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխողի էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը դրվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ինչը բացառելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական վնասների ձևավորումը»:
Երվանդ Զախարյանի խոսքով, այնուամենայնիվ, դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց վրա աշխատանքները շարունակվում են: