22/07/2015 20:28
Հայ հրաձիգները` Եվրոպայի առաջնությունում
Սլովենիայի Մարիբոր քաղաքում հուլիսի 18-ին մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը` գնդակային (25 մ, 50 մ, 300 մ) և ստենդային հրաձգությունից: Հայաստանը հրացան ձևում ներկայացնում են Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան և Իրինա Լաուերները, իսկ ատրճանակ ձևում` Զավեն Իգիթյանը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 46 երկրի շուրջ 1000 մարզիկ: Մեծահասակների պայքարում խաղարկվում է «Ռիո-2016»-ի 21 օլիմպիական վարկանիշ: 19-ամյա Հրաչ Բաբայանն ու 16-ամյա Զավեն Իգիթյանը կմասնակցեն երիտասարդների պայքարին: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Երեկ` հուլիսի 21-ին, 50 մ, հրացան 3 դիրքից, 3X20 կրակոց կանանց վարժությանը մասնակցել է Իրինա Լաուերը և 546 միավորով եզրափակել 67 հոգանոց մրցաշարային աղյուսակը: 50 մ, հրացան պառկած դիրքից, 60 կրակոց տղամարդկանց պայքարում Քրիստիան Լաուերին չի հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը, և նա դուրս է մնացել հետագա պայքարից:
Վաղը` հուլիսի 23-ին, մրցելույթները կսկսի Հրաչ Բաբայանը` 50 մ, հրացան 3 դիրքից վարժությունում: Նույն օրը 50 մ, հրացան պառկած դիրքից կանանց վարժությանը կմասնակցի Իրինա Լաուերը: