22/07/2015 13:53
Երևանում ողջ ամիս կրկեսային տոն է լինելու. Ամբողջ տարին ենգիբարյանական է լինելու
Երևանում ողջ ամիս կրկեսային տոն է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
Նրա խոսքով` Երևանում հյուրախաղերով հանդես է գալու Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին, նախատեսված են բազմաթիվ այլ միջոցառումներ, բազմաթիվ միոջոցառումներ են իրականացվել գյուղերում և զորամասերում:
«Ամբողջ տարին ենգիբարյանական է հայտարարված: Լինելով նրա աշակերտը, կարծում եմ, որ պետք է պետական մակարդակով նշենք Ենգիբարյանի 80-ամյակը, և որոշեցի ռուսական ամենալավ շապիտոներից մեկին հրավիրել Երևան: Ծրագիրն իրականացնում ենք Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ»,- ասաց նա:
Նրա խոսքով` կրկեսին տեղ է հատկացվել Երևանի նախկին դելֆինարիումի տարածքում:
Ս. Պետրոսյանի խոսքով` Սանկտ-Պետերբուրգի կրկեսը Երևան գալու համար «ութ ֆուռով» Երևան է տեղափոխելու ավելի քան 20 վարժեցված կենդանիների` այդ թվում` առյուծներ, կապիկներ, ուղտեր, ձիեր, պոնիներ և անհրաժեշտ պարագաները: Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը Երևանում հանդես է գալու օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը:
«Վաղուց նման մասշտաբային, հագեցած ծրագիր չենք ունեցել՝ կրկեսային բոլոր ժանրերի արտիստների մասնակցությամբ»:
Ասուլիսին ներկա «Իմպերիալ» շապիտո-կրկեսի պրոդյուսերի տեղակալ Անդրեյ Միտաչկինը նշեց, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաաստվում Երևանում կայանալիք հյուրախաղերին:
«Մեր պրոդյուսերը միշտ երազում էր հյուրախաղերով հանդես գալ Երևանում: Երկար ենք աշխատել ծրագրի իրականացման ուղղությամբ: Համոզված ենք` կարդարացնենք հայ հանդիսատեսի հույսերը»,- ասաց նա:
Ս. Պետրոսյանն ասաց, որ թեև ժամանակի խնդիր կա, սակայն իրենք ցանկություն ունեն ծրագիրը նաև մարզերում իրականացնել և մտածում են այդ ուղղույթամբ: