22/07/2015 13:41
Ռուբեն Մաթևոսյան. Հիմա տաքսի վարելն է հեշտ ու երգիչ դառնալը
Հուլիսի 25-26-ը Երևանում անցկացվելու է «Ոսկե ձայն» միջազգային երգի առաջին մրցույթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մրցույթի կազմակերպիչ Կարեն Զոհրաբյանը:
Մրցույթի կազմակերպիչն է Տենոր արվեստի համաշխարհային ասոցիացիան: Մրցույթն ունի չորս ժանր՝ դասական, էստրադային, ջազ, ֆոլկլորային երգեցողությություն:
Մրցույթի երկրորդ փուլի համար ընտրվել է 23 մասնակից, որոնցից 7-ը Հայաստանից են:
«Առաջին փուլում մենք ունկնդրել ենք տեսաձայնագրությունները, կատարել ընտրություն: Նրանք, ովքեր անցել են երկրորդ փուլ, ելույթ կունենան հուլիսի 25-26-ին»,- ասաց Կ. Զորաբյանը:
Մրցույթի ժյուրիի անդամ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը ասաց, որ նման մրցույթ անցկացնելու հիմնական նպատակն է ի հայտ բերել այն տաղանդավոր կատարողներին, ովքեր մինչ այժմ հայտնի չեն և ներկայացնել ավելի մեծ բեմերում:
«Լավին պետք է խրախուսել, տեր կանգնել, սովորեցնել, թե ինչպես չի կարելի երգել, ինչպես երգել: Եթե խստություն լինի, ապա արդյունքում հայկական բեմերը լի կլինեն իսկական տաղանդներով: Հիմա տաքսի վարելն է հեշտ, մեկ էլ երգող դառնալը: Երգել կարող է ամեն մարդ՝ ծնված օրվանից մինչև վեջին օրը, դա կենցաղային երգեցողությունն է: Երգիչ նշանակում է ունենալ մասնագիտություն, սովորել, թե ինչպես են երգում: Իսկ ինչու շնորհալի երեխային, որ գիտե զգալ հայ երգը, չուղղորդել, չուղարկել կրթվելու, որ դառնան ավելի լավը»,- ասաց նա: