22/07/2015 16:29
Հայկական կինոշուկային կարող են օգնել լավ հայկական ֆիլմերը` նույնիսկ առանց փառատոնի. Ռեժիսոր
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը կարևորում է փառատոնների դերը մշակութային կյանքում, «Ոսկե ծիրանի» մասին ևս, իր իսկ խոսքերով, ունի խիստ դրական կարծիք: Դրական երևույթների մեջ է ընդգրկում նաև Օրնելլա Մուտիի ժամանումը Հայաստան: «Ուղղակի նշեմ, որ «красная дорожка» երևույթը մեզ մոտ բառացի թարգմանել են: Կարմիր գույնի խալի փռելը դեռ բավական չէ, դա մի երևույթ է, որտեղ ամեն մանրուք հաշվարկված է: Արտասահմանում դա հատուկ մասնագիտություն է»,- ժպիտով նշեց ռեժիսորը:
Թե որքանո՞վ կարող է այս փառատոնը օգտակար լինել հայկական կինոշուկային, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հայկական կինոշուկային կարող են օգնել լավ հայկական ֆիլմերը` նույնիսկ առանց փառատոնի: Բայց ես շատ լավ եմ վերաբերում փառատոններին. Բոլորս սիրում ենք չէ՞ ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատ նայել, իսկ ֆուտբոլիստները երազում են մասնակցել: Նույն մոտեցումն է կինոգործիչների բնագավառում: Պարզապես, կա աշխարհի չեմպիոնատ, Եվրոպայի, երկրի ու մարզի»:
Մեր այն հարցին, թե արդյոք չի գտնում, որ կինոարվեստը վերջին տարիներին ամենաթույլ օղակն է, վերջինս ճշմարտություն պարունակող հումորով արձանագրեց: «Չէի ասի, որ ամենաթույլն է: Օրինակ նավթ` հաստատ չունենք, իսկ տաղանդավոր մարդիկ շատ ունենք: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս փառատոնը վնաս չի բերում, այլ ընդհակառակը` խթան է հանդիսանում: Սխալ մոտեցում է կինոփառատոնը կապել կինոարվեստում տիրող իրավիճակի հետ: «Ոսկե ծիրանի» լինել-չլինելը կապ չունի մեր` լավ ֆիլմեր ունենալ-չունենալու հետ: Դրանք միմյանցից անկախ կյանք ունեցող երևույթներ են»,- խոսքը եզրափակեց նա:
Ռեժիսոր Արթուր Վարդանյանն էլ ընդգծեց, որ «Ոսկե ծիրանը» Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ մեծ առաքելություն է իրականացնում: «Ասել, որ ողջունում եմ ու լավ կարծիք ունեմ այս փառատոնի մասին, կնշանակի` ոչինչ չասել: Մեր ժամանակներում, երբ, ցավով պետք է նշեմ, տիրում է մշակութային անբավարարվածություն, հոգևորի բացակայություն` նման միջոցառումները հանդիսանում են իբրև փրկօղակ և դաստիարակչական բնույթ են կրում՝ ներազդելով ենթագիտակցության վրա: Այն ավելի արդյունավետ է, քան այժմ գոյություն ունեցող տարածված պլակատային քարոզչական քաղաքականությունը («Եղի՛ր հանդուրժող», «Սիրի՛ր Հայրենիքդ») և այլն:
Ակամայից հիշեցի դպրոցական տարիները, երբ հերթական էքսկուրսիաներից մեկի ժամանակ, մեր դասարանին տարել էին հացի գործարան: Մի ամբողջ օր մենք հետևեցինք արտադրության այդ ընթացքին՝ ինչպես են ալյուր ստանում, խմոր հունցում, հաց պատրաստում: Այսինքն, այն պատրաստի հացը, որ մենք տեսնում էինք առօրյայում, գիտակցեցինք, թե որքան սեր, խնամք, հոգատարություն, մարդկային, քրտնաջան աշխատանք է պահանջում: Այդ ամենը տեսնելով՝ պարզապես չես կարող հացը նետել աղբամանը, ինչպես այսօր, ցավոք, հաճախ են անում:
Ասածս այն է, որ պլակատային նախադասություններով չպետք է դաստիարակել ու սովորեցնել. դա լուծում չէ: Փորձը, կենցաղը պետք է լինեն այդպիսին, դա պետք է դառնա ապրելակերպ և ազդի ոչ թե գիտակցության, այլ՝ ենթագիտակցության վրա:
Այսպիսի ազդեցություն ունի նաև կինոն: «Ոսկե ծիրանն» այն հոգևոր հացն է, որը, ի ուրախություն ինձ, աստիճանաբար առավել մեծ մասսայականություն է վայելում և ընդլայնում իր աշխարհագրական սահմանները՝ Հայաստան բերելով հանրաճանաչ բազում կինոդեմքերի: Նրանց հետ շփումն ու վարպետության դասերը երիտասարդների համար կարևոր և օգտակար իրադարձություններ են: Բնականաբար, այս ամենը նպաստում է մեր կինոշուկայի զարգացմանը»,-մանրամասնեց ռեժիսորը:
Նրա կարծիքով փառատոնն առաջին հերթին շփում է, ներկայանալու հնարավորություն, նոր կապերի, ծանոթությունների միջավայր և կինոարտադրությանը նպաստող կարևորագույն խթան: Իսկ այն, որ մեզ մոտ կինոարվեստը, մեղմ ասած, կաղում է, Ա. Վարդանյանն ափսոսանքով նշեց. «Ցավով պետք է նշեմ, որ արվեստի մյուս ոլորտները ևս հոգեվարքի մեջ են: Փառատոնի առկայությունը միմիայն բարձր կարող եմ գնահատել: Իհարկե, ցանկալի կլիներ առավել շատ բազմաբնույթ փառատոններ կազմակերպել, որպեսզի հանրությունը և, առավել ևս, երիտասարդությունը, լուծի իր զբաղվածության խնդիրը և հետաքրքրությունների շրջանակը զարգացնի նման ինտելեկտուալ միջոցառումներում»:
Ի դեպ, ռեժիսորն այժմ աշխատում է նոր նախագծի վրա, սակայն մանրամասնել ու բարձրաձայնել այդ մասին` չցանկացավ: Միայն ժպիտով վստահեցրեց. «Շուտով կհանդիպենք»: