22/07/2015 18:55
Ինչպե՞ս կարող է ֆիզկուլտուրայի ուսուցիչը դասավանդի երգ կամ պար
Երաժշտությունն ուժ է տալիս: Այս առարկայի մուտքը հանրակրթական դպրոցներ նշանակում է` մեր քաղաքացուն տեսնել կիրթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ, հրապարակախոս, արձակագիր Դավիթ Սարգսյանը:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստորագրված հրամանով «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվի։
Նրա խոսքով, որպեսզի առարկան ծառայի իր նպատակին, պետք է լինի ճիշտ ուսուցում միայն մասնագետների կողմից:
ՀՀ առաջին ժողովրդական նվագարանների ֆիլհարմոնիկ պետական նվագախմբի, «Տկզարներ» հնագույն շնչական նվագախմբի, ժողովրդական նվագարանների հատուկ դպրոցի հիմնադիր Կառլեն Միրզոյանը ասաց, որ այս առարկան պետք է ժամանակի ընթացքում խորանա, դասավանդվի առաջին դասարանից և դասավանդումը իրականցվի ըստ հատուկ կազմված ծրագրի:
Անդրադառնալով մասնագետներին` Կ. Միրզոյանը ասաց, որ անհրաժեշտ են այնպիսի դասատուներ, ովքեր կարող են ճիշտ ուղղորդել աշակերտներին և ճիշտ ներկայացնել նյութը:
«Ինչպե՞ս կարող է ֆիզկուլտուրայի ուսուցիչը, թեկուզ վերապատրաստվելուց հետո, դասավանդի երգ կամ պար: Մի արեք այդպիսի բան: Այդպես ամեն բան փչացնում են»,- ասաց Կ. Միրզոյանը: