23/07/2015 20:00
«Մի անգամ հիվանդանոցում». Նոր հայկական կատակերգական ֆիլմ
«Menq» փրոդաքշնը և Համազգային թատրոնը համատեղ նախագծով կներկայանան հանդիսատեսին. նոր խաղարկային, կատակերգական ֆիլմ է նկարահանվում, որում զբաղված են Կարապետ Բալյանը, Կարինե Ջանջուղազյանը, Արմինե Պողոսյանը, Դավիթ Հակոբյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը:
«Ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Հայրապետյանն է, օպերատորը՝ Արման Օրդյանը: Երկուսն էլ չափազանց պրոֆեսիոնալ մարդիկ են, իրենց գործի գիտակ: Մեծամասամբ, Համազգային թատրոնի դերասաններն են ընդգրկված, սակայն նշեմ, որ, թեև մեր թատրոնից չէ, բայց ֆիլմում ներգրավված է նաև դերասան Սերգեյ Դանիելյանը»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով մանրամասնեց դերասան-ռեժիսոր Կարո Բալյանը:
«Մի անգամ հիվանդանոցում». այսպես է վերնագրված խաղարկային ֆիլմը, սակայն ավելին բացահայտել մեր զրուցակիցը չցանկացավ. «Միայն ասեմ, որ ֆիլմն իրենից ներկայացնում է մի պատմություն, որը տեղի է ունենում հիվանդանոցում: Վստահեցնում եմ, որ սկզբից մինչև վերջ շատ ծիծաղելի իրավիճակներ են լինելու: Իսկ կերպարիս մասին դժվարանում եմ խոսել: Կխոսեմ էկրանից՝ իմ խաղով: Պետք չէ մեկնաբանել այն, ինչը որոշ ժամանակ հետո պետք է հանդիսատեսի դատին հանձնես»:
Թե երբ կլինի ֆիլմի պրեմիերան, դերասանը դժվարացավ ասել, քանի որ նկարահանումները դեռևս ընթացքի մեջ են:
Թեև շատերը ամռանը հանգստանում են, սակայն Կարապետ Բալյանը բուռն գործնական զբաղվածություն ունի: Եվ դա միայն այս կատակերգությունը չէ. «Ինձ վստահված է ևս երկու նախագիծ՝ որպես ռեժիսր: Այս երկուսը ներկայացման պատվերներ են: Առաջինի պրեմիերան, ըստ պայնագրի, պետք է հասցնեմ սեպտեմբերի կեսերին: Այնուհետև կանցնեմ մյուսի աշխատանքներին: Սակայն, այստեղ ևս փակագծեր դեռ չեմ բացի»,- զրույցը եզրափակեց նա: