23/07/2015 17:10
Ռեժիսոր. Կիսատ-պռատ թատերական փառատոները էական ոչինչ չեն ապահովում, այնինչ «Ոսկե ծիրանը» խոստումնալից է
Օրեր առաջ Երևանում ավարտվեց «Ոսկե ծիրան-2015» կինոփառատոնը: Ինչո՞վ այն կարող է օգտակար լինել մեր կինոշուկային, որը վերջին շրջանում արվեստի ամենաթույլ օղակներից մեկն է:
«Ես ավելի քան վստահ եմ, որ «Ոսկե ծիրանը» նպաստում է հայ կինոարվեստի զարգացման և ներկայանալի կերպով տարածման գործին: Չէ՞ որ այն ստեղծում է նոր կերպար և ոգևորում ոչ միայն երիտասարդ կինոգործիչներին, այլև բոլորիս: Եթե այսօր հայ կինոն ժամանակավոր դժվարություններ ունի, նշանակում է` մենք ավելի շատ ունենք այս փառատոնի կարիքը: Սա մշակութային մեծ քայլ է»,-Aysor.am-ի հետ զրույցում նշել է ամերիկաբնակ դերասան Հովհաննես Բաբախանյանը:
Նա կարևորում է հանդիսատեսին որակյալ հոգևոր սնունդ ապահովելու հարցը: Գտնում է, որ փառատոնը օգնում է վերականգնել, իր իսկ խոսքով, կինոթատրոն հաճախելու գեղեցիկ ավանդույթը: «Կեցցեն այն բոլոր կազմակերպություններն ու անհատներն, ովքեր հովանավորում են այս գեղեցիկ միջոցառումը: Դա, անշուշտ, խոսում է նրանց բարձր ճաշակի ու ազգանվիրվածության մասին: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել «Ոսկե ծիրանի» բոլոր կազմակերպիչներին և մասնակիցերին` մաղթելով ստեղծագործական ուժ ու կորով, որպեսզի շարունակեն կազմակերպել այս հիանալի փառատոնը, ավելի ու ավելի ընդլայնեն մշակութային կապերը»,-խոսքը եզրափակել է Հովհաննես Բաբախանյանը:
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը կարևորում է փառատոները` գտնելով, որ երկիրը կարող է զարգանալ դրանց միջոցով: «Մենք դրանով ուշադրություն ենք գրավում համաշխարհային տարբեր բնագավառերում, բավական տարբեր մարդիկ են այդ առիթով այցելում Հայաստան: Մշակութային կյանքն ակտիվանում է: Այլ բան է թե ի՞նչ միջոցներով և ինչպես են կազմակերպվում փառատոները, բայց «Ոսկե ծիրան» արդեն բավականին ամուր հիմքեր ունի, աշխարհում ճանաչված կինոփառատոն է: Երբ տարբեր երկրներում եմ լինում, շփվում կինոգործիչների հետ, հասկանում եմ, որ նրանք ծանոթ են այս փառատոնին»:
Մեր այն հարցին, թե որքանո՞վ կարող է այս կինոփառատոնը «վերակենդանացնել» Խորհրդային Միությունից հետո ընդհատակ անցած հայկական կինոարվեստը, մեր զրուցակիցը նշել է. «Պետք է, որ նպաստի այդ գործընթացին: Համենայնդեպս, տեսնում եմ, թե համաշխարհային կինոյում ինչ է տեղի ունենում և կարծում եմ, որ այս միջոցով մարդիկ հաճախում են կինոսրահներ, նայում, շփվում, ինչ-որ մի բան սովորում: Մեր կինոարտադրությունն այլ պատճառներով է այս վիճակում հայտնվել, իսկ փառատոնը միմիայն նպաստում է, որ զարգանա»:
Կինոարվեստի հետընթացի մեջ ռեժիսորն առաջին հերթին մեղադրել է ուսումնական հաստատություններին, ավելի ճիշտ` դրանց բացակայությանը: Թերի է կատարում իր ֆունկցիան նաև Թատերական ինստիտուտը. «Ես չեմ կարող Հայաստանում մեկ ուսումնական վայր նշել, որը լուրջ կինոգործիչներ է մատակարարում` կինոռեժիսորներ կամ դերասաններ: Չէ՞ որ ամեն ինչ ուսումից է սկսում: Ես մտածում եմ, որ Թատերական ինստիտուտն առանձնապես ոչինչ անել չի կարող, որովհետև այդ բազան չունի: Այսօր ո՞վ է կինոարվեստ դասավանդում Թատերական ինստիտուտում, կամ ի՞նչ կարող է տալ` ես չգիտեմ: Մեր կրթությունը կաղում է, այդ պատճառով էլ լուրջ ֆիլմեր, կինոարտադրություն չի լինում: Մենք այսօր բավարարվում ենք գռեհիկ և անճաշակ սերիալներով, որից այն կողմ դեռ չենք գնում: Իհարկե, հաջողված եզակի ֆիլմեր լինում են, բայց դա հազվադեպ»:
Սուրեն Շահվերդյանը լավատես է և հավատում է, որ մի օր կինոոլորտը մեր երկրում կզարգանա. «Ես կինոն կապում եմ նաև թատրոնի հետ. թատրոնը չի զարգանում, իսկ կինոն սերվում է թատրոնից` դերասաններից»:
Թատերական աշխարհում այսօր մի քանի փառատոներ կան, կինոաշխարհը դեռևս վայելում է միայն «Ոսկե ծիրանը», ինչը, ըստ մեր զրուցակիցի, առավել հաջողված և գովելի է: Կիսատ-պռատ թատերական փառատոները էական ոչինչ չեն ապահովում, այնինչ «Ոսկե ծիրանը» խոստումնալից է: