24/07/2015 15:48
«Լյուբավա-Արմենիա». Ի՞նչ է արտադրում ու ի՞նչ է մատակարարում ՀՀ ԶՈւ հայ-լեհական այս ձեռնարկությունը
Քողարկիչ ծածկեր, կեղծ թիրախներ, վրաններ, զրահաբաճկոններ, հետախույզի հագուստ և այլ պարագաներ: Սրանք Չարենցավանում գտնվող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ձեռնարկության արտադրանքի միայն մի մասն է:
Այսօր ձեռնարկության արտադրամասերում ակտիվ աշխատանք է՝ կատարում են ՀՀ Պաշտպանության նախարարության հերթական պատվերը: Բազմաթիվ սեղաններից մեկի վրա ստուգում են Լեհաստանից բերված հատուկ քողարկող կտորի որակը, մյուսի վրա ձևում են ու ստեղծում քողարկման համար անհրաժեշտ կոմբինացիան (ոչ մի վրանի դեպքում այն չի կրկնվում), հետո հատուկ սարքերի միջոցով կարում, ստուգում, վերստուգում, տեղավորում հատուկ պատյանի մեջ ու ուղարկում ՀՀ Զինված ուժեր:
Ձեռնարկության գործադիր տնօրեն Յարոսլավ Ռուխի հետ շրջեցինք գործարանի արտադրամասերում ու տեսանք, թե ինչ է կատարվում Չարենցավանում արդեն հայտնի դարձած «Լյուբավայի» պատերից ներս:
Քողարկիչ ծածկեր
Ընդհանուր առմամբ «Լյուբավան», որ մեզ առավել հայտնի է իր ռազմական արտադրանքով, այնքան էլ ռազմականացված չէ: Ձեռնարկության արտադրանքի 20%- ն է միայն ռազմական նպատակներին ծառայում, մյուս 80%-ը՝ քաղաքացիական արտադրանք է:
Յարոսլավ Ռուխի խոսքով՝ գործարանի «ռազմականացված» արտադրանքը կեղծ թիրախներն են, քողարկիչ վրաններն ու ծածկոցները, պաշտպանիչ պարագաները (զրահաբաճկոններ, սաղավարտներ, հետախույզի հագուստ), քաղաքացիականը՝ ամառային սրճարանների գովազդային հովանոցներն ու տեքստիլ այլ արտադրանքը:
Այսօր էլ արտադրամասում իրականին 100 տոկոս նմանողությամբ ստեղծված կեղծ՝ ռետինե ՀՄՄ-ի կողքին, կարելի է տեսնել օրինակ «Carlsberg» գարեջրի գովազդային հովանոցը: Բայց սրա մասին՝ առանձին:
Արտադրամասի առաջին սեղանին դրված է սովորական կամուֆլյաժային կտոր հիշեցնող գործվածք: Իրականում այն ներկվել է Լեհաստանից, անցել է հատուկ քիմական մշակում ու հենց դրանով՝ մեր Պաշտպանության նախարարության պատվերով, «Լյուբավայում» կարվելու է Զինված ուժեր ուղարկվելիք քողարկիչ վրանների նոր խմբաքանակը:
Ինչո՞վ է գործվածքն առանձնահատուկ: Յարոսլավ Ռուխի խոսքով՝ այն մարդուն կամ զինտեխնիկան հակառակորդի աչքի համար դարձնում է 100 տոկոսով անտեսնելի: Ընդ որում՝ ոչ միայն աչքի համար:
Եթե այս գործվածքով ծածկենք օրինակ մեր տանկը՝ այն հնարավոր չի լինի տեսնել ոչ մի տեսակի օպտիկական, ռադարային ու անգամ՝ ջերմատեսիլ սարքերով: Նույնը նաև կենդանի ուժի դեպքում: Այսինքն կտորը կարողանում է ջերմատեսիլ սարքի համար քողարկել անգամ մարդու մարմնի արձակած ջերմությունը:
Նշենք, որ գործարանի բացումից անմիջապես հետո (2014թ.-ի հոկտեմբերի 16) «Լյուբավան» մեկ խմբաքանակ այսպիսի վրաններ արդեն ուղարկել է մեր Զինված ուժեր և սա ՊՆ արդեն երկրորդ պատվերն է:
Ձեռնարկության գործադիր տնօրենի խոսքով՝ «Լյուբավայի» գլխամասային ձեռնարկությունից այսպիսի վրաններ գնում են ՆԱՏՕ- ի անդամ մի շարք բանակներ ու քողարկման այս տեխնոլոգիան համարվում է այս պահին աշխարհում ամենաժամանակակիցը:
Պաշտպանիչ զրահաբաճկոններ, հետախույզի հագուստ և այլ պարագաներ
Նույն տեխնոլոգիայով՝ ինչ քողարկիչ վրանների դեպքում, «Լյուբավան» արտադրում է նաև հետախույզի ձմեռային հագուստ: Այսինքն՝ ձյան վրա դրանով եղած հետախույզը չի երևա հակառակորդին անգամ ջերմատեսիլ սարքերով:
Ինչ վերաբերում է զրահաբաճկոններին, ձեռնարկությունում դրանք արտադրվում են երկու տեսակի ներդիրներով՝ կերամիկական (կշռում է մոտ 3 կգ ու կարող է դիմակայել Դրագունովի դիպուկահար հրացանի կրակոցին) և կեվլարային (կշռում է մոտ 1.5 կգ և կարող է դիմակայել Կալաշնիկով ավտոմատի 6 խոցման):
Բացի այդ «Լյուբավայում» արտադրվում է նաև հետախույզի ուսապարկ, որով կարելի է տեղափոխել մոտ 90 կգ:
Յարոսլավ Ռուխի խոսքով՝ բոլոր այն բանակներում, ուր իրենք մատակարարում են ուսապարկերը, անցկացվում են հատուկ դասընթացներ, որոնց ընթացքում հետախույզները սովորում են փակ աչքերով օգտվել դրանից.
«Միայն առաջին հայացքից է սա սովորական պայուսակ, իրականում այստեղ ամեն մանրուք մտածված է ու նախատեսված է այնպես, որ և հետախույզը և նրա ընկերը կարողանան մութ պայմաններում յուրաքանչյուր գրպանից հեշտությամբ գտնեն անհրաժեշտ իրը»,- ասաց Յարոսլավ Ռուխը:
Նշենք, որ այս արտադրանքից որոշակի նմուշներ այս պահին փորձարկվում են ՀՀ ՊՆ-ում և հնարավոր է՝ շուտով լինեն պատվերներ:
Կեղծ թիրախներ
Կեղծ թիրախների կիրառումը բանակներում սկսվել է դեռ դարեր առաջ: Դրանցով կարողանում ես ոչ միայն հակառակորդի ուժերը ծախսել ոչ իրական տեխնիկայի վրա, այլև՝ այդպիսով քողարկել ու հարվածից պաշտպանել իրականը:
«Լյուբավա-Արմենիայում», օրինակ, կարելի է ականատես լինել, թե ինչպես է մի քանի րոպեների ընթացքում սև ու կանաչ ռետինե զանգվածից հենց արտադրամասի մեջտեղում հայտնվում իրական չափերին 100%-ով համապատասխանեցված տանկը:
Հետաքրքիր է, որ այն պատրաստված է քողարկիչ ծածկերի հակառակ տեխնոլոգիայով: Այսինքն՝ կեղծ թիրախը պատրստված է այնպիսի նյութից, որը արձակում է հատուկ ազդակներ ու «որսում է» ջերմատեսիլ սարքերի, ռադարների «ուշադրությունը»:
Փչովի վրաններ
Այս արտադրանքն, ըստ «Լյուբավա-Արմենիայի» գործադիր տնօրենի, կարող է կիրառվել և′ քաղաքացիական, և′ ռազմական նպատակներով.
«Մասնավորապես հիմա նմանատիպ վրանների պատվեր ունենք Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Կարևոր է, որ նման փչովի վրանը հավաքվում է հատուկ սեղմված օդի միջոցով և կարող է զրոյական տեսքից վերջնականապես բացվել ընդամենը մեկ րոպեում»,- ասաց Յարոսլավ Ռուխը:
Ինչ վերաբերում է ռազմական կիրառությանը, վրանները օգտագործվում են որպես դաշտային հոսպիտալ:
Գովազդային հովանոցներ
Հայաստանում «Լյուբավա-Արմենիան» դեռևս չունի գովազդային այսպիսի պատվերներ: Չնայած սրան՝ աշխարհում ընկերությունը համագործակցում է բազմաթիվ առաջատար ընկերությունների հետ:
Հետաքրքիր է, որ «Լյուբավայի» հետ միաժամանակ աշխատում են իրար հետ մրցակցող այնպիսի ընկերություններ, ինչպիսին են օրինակ «Pepsi»-ն ու «Coca Cola»-ն, «McDonald's»-ն ու «KFC»-ն:
«Լյուբավա-Արմենիայի» սոցիալական նշանակությունը
«Լյուբավա-Արմենիայի» հիմնադրման օրվանից՝ ի թիվս այլ սկզբունքների, հաշվի է առնվել նաև տարածքների համաչափ զարգացումը:
Հենց սա է պատճառը, որ որոշվեց հայ-լեհական այս ձեռնարկությունը հիմնել հենց Չարենցավանում՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի 80%-ի վրա:
Մեզ հետ «Լյուբավա-Արմենիա» այցելած ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ, գնդապետ Մուրադ Իսախանյանը նշեց, որ այսօր ձեռնարկությունում աշխատող ամբողջ անձնակազմը տեղից է, բացի այդ նախատեսվում է ամեն տարի արտադրանքի ընդլայնմանը զուգահեռ ստեղծել 25 նոր աշխատատեղ.
««Լյուբավա-Արմենիան» հիմնվել է 51%-49% համամասնությամբ, որից 51%-ը պատկանում է լեհական «Լյուբավային», 49%-ը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Այնպես որ՝ պատվերների ավելացման մեջ շահագրգռված է երկու կողմն էլ»,- ասաց գնդապետը:
Նրա խոսքով՝ այսօր «Լյուբավա-Արմենիան» պատվեր է իրականացնում ՀՀ ՊՆ և ՏԿԱԻՆ-ի համար, հարևան Վրաստանի համար ու նաև ունի մեկ խոշոր պատվերի պայմանավորվածություն հարևան երկրներից մեկի զինված ուժերի հետ: