24/07/2015 13:50
Հուլիսի 28-ին և 30-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի «Ժիզելը» բալետային ներկայացումը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 28-ին և 30-ին, ժամը 19:00-ին, կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Ժիզել» երկու գործողությամբ վերականգնված բալետային ներկայացումը: Այս մասին տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բեմադրությունը՝ Ժ. Կորալիի, Ժ. Պերոյի և Մ. Պետիպայի:
Ներկայացման մեջ ներգրաված են թատրոնի առաջատար արտիստներ Ս. Առուստամյանը, Ժ. Սարխոշյանը, Մ. Դիվանյանը, Ս. Փիրումյանը, Մ. Հովհաննիսյանը, Ռ. Մուրադյանը, Ս. Ավետիսյանը, Հ. Քյուրջյանը, Զ. Հարությունյանը:
Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վ. Գալստյանը: Բալետային ներկայացման դիրիժորն է ՀՀ վաստ. արտիստ Կ. Դուրգարյանը:
Նշենք, որ «Ժիզել» բալետի հիմքում ընկած է մի հին պոետիկ լեգենդ, թե ինչպես մինչև հարսանիքը մահացած հարսնացուները` «վիլլիսները», կեսգիշերին դուրս գալով շիրիմներից, սկսում են պարել` ձգտելով նորից վերապրել իրենց երջանիկ օրերը: Այստեղ սերն անասելիորեն ուժեղ է մահից, հաղթում է մահվանը՝ հերթական անգամ փաստելով սիրո անմահությունը:
Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: Ներկայացումը հարուստ է ակնառու գործողություններով, նրբագեղությամբ և բալետային ինքնատիպ ձեռագրով: «Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում, որը համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ստեղծագործությունների ցանկում է:
«Ժիզել» բալետով կեզրափակվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 82–րդ թատերաշրջանը: