27/07/2015 11:09
Արտաշես Ալեքսանյանը և Ալյոնա Ապինան` նոր բազմասերիանոց ֆիլմում
Ամենաշատ պահանջարկ ունեցող հայ դերասաններից Արտաշես Ալեքսանյանը վերջին շրջանում նոր նախագծերում չի երևում: Սակայն դա չի նշանակում, որ նա մասնագիտական պարապուրդի մեջ է: «Ներկա պահին Հայաստանում սերիալային, ֆիլմային առաջարկներ չունեմ, բայց արտերկրում տարբեր առաջարկներ ունեմ: Մեկ ամիս առաջ մեկնեցի Ռուսաստան` նկարահանվելու բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում: Շատ հետաքրքիր ֆիլմ է»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց արտիստը:
Մեր զրուցակիցն այստեղ կերտում է հայ բժշկի կերպար, ով ատամնաբուժական կենտրոն ունի Մոսկվայում: «Լավ կերպար է, ուղղակի մի քիչ հանցագործ բժիշկ է: Գլխավոր դերում եմ, շատ լավ դերասաններ են հրավիրված: Իմ կնոջ կերպարում նկարահանվել է երգչուհի Ալյոնա Ապինան: Ֆիլմը դեռևս նկարահանման ընթացքի մեջ է: Ֆինանսական որոշակի խնդիրների պատճառով նկարահանումը մի քիչ ձգձգվում է, բայց հուսով եմ, շուտով էկրաներին կլինի: »,-ծիծաղելով մանրամասնեց նա:
Սա Արտաշես Ալեքսանյանի միակ արտասահմանյան առաջարկը չէր: Եվս մեկ ֆիլմ արդեն պատրաստ է. «Ռուս-կանադական մի ֆիլմում եմ նկարահանվել: Նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում: Այժմ այն արդեն Կանադա են տարել`մոնտաժային աշխատանքները կատարելու համար: Այստեղ 2-րդ-ական դերակատարներից էի, շատ լավ խաղընկերներ ունեի. գլխավոր դերակատարները ճանաչված ամերիկյան դերասաններ էին: Այստեղ ներկայացնում էի չեչենի, ով Ռուսաստանի Դաշնությունում մաֆիա է ձևավորում»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են ռեժիսորները նրան գրեթե միշտ այդպիսի կերպարներ վստահում, պատասխանեց. «Ես, օրինակ, հակառակը կանեյի` բոլորովին այլ կերպար կառաջարկեի ինձ: Բայց կարևորն այն է, որ այստեղ լուրջ աշխատանք էր տարվում: Զգում էիր, որ դու իսկապես արտիստ ես, այդ աշխարհի մարդ, ճիշտ ես գնահատված: Ես այդպիսի բան տեսել էի, երբ տարիներ առաջ աշխատում էի Մարոկկոյում` ֆրանսիացիների, իտալացիների հետ: Արտիստը նրանց համար Աստված էր»:
Ի դեպ, դերասանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն էր պատճառոը, որ Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմը, որտեղ իր դերակատարումն է ունեցոլ նաև նա, այդպես էլ հաջողություն չունեցավ. «Այս ֆիլմը էկրան չի բարձրացել, որ հաջողություն ունենա կամ չունենա: Միայն փակ դիտում է եղել մեկ անգամ…Համենայնդեպս, այն աշխատաքը, որն ինձանից էր պահանջվում, ես կատարել եմ: Հետո չենք ընկնելու «ետևից»` տեսնենք ինչու չի ցուցադրվում: Մենք մեր աշխատանքն անում ենք, մնացածն արդեն մյուսների գործն է: Մեր խնդիրը կերպար ստեղծելն է»:
Նշենք, որ դերասանին ֆիլմում վստահված էր ոճրագործ թուրքի դերը. «Շատ ավելի թույլ եմ ներկայացրել այդ ոճրագործ թուրքին, քան նա ու նրա նմաները եղել են 1915 թվականին: Կցանկանայի, որ հանդիսատեսը տեսներ ու գիտակցեր, թե ԻՆՉ է թուրքը… Շեքսպիրը մի լավ խոսք ունի: Ասում է. «Ինչ բան է մարդը, եթե նրա փափագը միայ ուտելը և քնելը լինի. Անասուն` ոչինչ ավելին»: Այս կերպարը ուտել, քնել և անասուն լինելն էր` իր բոլոր դաժանություններով: Այս կերպարով ևս մեկ անգամ ցանկանում էի արթուն պահել մեր ժողովրդին, մեր ազգին` հիշեցնելով, պահանջելով և երբեք չմոռանալով»:
Ինչ վերաբերում է տեղական առաջարկներին, ապա դերասանն այդ առումով կատակեց. «Հայկական կինոդաշտում դեռևս «գործազուրկ» եմ: Մեկ-երկու նախագծի հրավեր ունեմ, բայց դեռևս հստակ ոչինչ չեմ կարող ասել: Օրը կգա, փակագծերը կբացեմ»:
Քանի որ Արտաշես Ալեքսանյանը միջազգային և տեղական կինոարտադրության ամենափորձառու արտիստներից է, հետաքրքրվեցինք` մե՞ծ է շրջանառվող հոնրորարների տարբերությունը Հայաստանում և Հայաստանից դուրս: «Ահռելի տարբերություն կա: Օրինակ, Սիլվեսթեր Ստանոնեն պայմանագիր է կնքում 21 մլն դոլարով, իսկ Հայաստանում 21 միլիոն դրամ էլ չեն տալիս քեզ»,-ժպիտով եզրափակեց նա: