28/07/2015 20:26
Դեռ պարզ չէ, թե ինչ տեսքով կվերադառնա «Վիտամինի» անձնակազմը
Տևական ժամանակ է, «Vitamin» ակումբը «Շանթ» հեռուստաընկերության հեռուստադիտողին է հրամեցնում «ժամկետանց» ապրանքատեսակ. տղաները կամ նոր ասելիք չունեն, կամ` «ՀԶՈՐ» նորություն են պատրաստում: Aysor.am-ը կապ հաստատեց ծրագրի պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ` տեղեկանալու, թե որն է էկրանային լռության պատճառը. անսովոր է, որ երկար ժամանակ հեռուստաընկրությունը ցուցադրում է այս կամ այն հաղորդաշարի կրկնությունները:
«Անսովոր չի, նման բան եղել է, մենք միակը չենք: Ինչ վերաբերում է մեր էկրանային պասիվությանը, ապա պատճառն այն է, որ տվյալ պահին տղաները զբաղված են տարբեր նախագծերում»,- պարզաբանել է Վ. Սահակյանը:
Պրոդյուսերը նշել է, որ դեռ պարզ չէ, թե ի՞նչ տեսքով կվերադառնա «Վիտամինի» անձնակազմը. «Հանդես կգանք կամ նոր նախագծերով, կամ նորից «Վիտամինը» կլինի: Սակայն երբ և ինչպե՞ս, դեռ չեմ կարող ասել: Դա ոչ թե փակ ինֆորմացիա է, այլ ուղղակի անորոշ է, ինքներս էլ չգիտենք, թե ի՞նչ կնախաձեռնենք: Տվյալ պահին զբաղված ենք, օրը կգա, բոլորը կիմանան»:
«Աշնանը` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պարզ կլինի, թե ինչ նախագծով հանդես կգանք, կամ հանդես կգա՞նք, թե՞ ոչ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: