28/07/2015 20:36
Արման Նավասարդյանը չորս նոր ֆիլմերում կնկարահանվի
Իր կոլորիտային կերպարներով հանդիսատեսին ծանոթ Արման Նավասարդյանն, ով հեռուստադիտողին ծանոթ է նաև «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Սուպեր մամա» և մի շարք այլ ֆիլմերից, ամառային «հանգիստն» անցկացնում է նկարահանման հրապարակներում:
Մինչև տարեվերջ նկարահանվելու է 4 ֆիլմերում, որոնցից երկուսն արդեն իսկ ընթացքի մեջ են, երկուսն էլ` սպասում են իրենց հերթին: «Ֆիլմերից մեկը նկարահանում է ռեժիսոր Արման Մարությանը: Փակագծերը շատ չեմ բացի, բայց ասեմ, որ կերպարանավորում եմ հյուրանոցի դռնապահին, ով անընդհատ խառնվում է իրեն չվերաբերող հարցերի մեջ: Իմ կերպարն անընդհատ միջամտում է սյուժեի զարգացմանը, միևնույն ժամանակ` նաև օգնում է, քանի որ իր միջոցով հերոսները որոշ հարցերի պարզաբանումներ են գտնում: Կոպիտ ասած` «խանգարող հանգամանք» է իմ հերոսը»,- ժպիտով մանրամասնեց դերասանը:
Երկրորդ ֆիլմում Արման Նավասարդյանը մարմնավորում է գլխավոր հերոսին, ով գիտաժողովի պատրաստվող բժիշկ է: «Այդ գիտաժողովից է կախված իր ապագան, պաշտոնը… Բայց հանկարծակի հայտնվում է սիրուհին և հայտնում, որ իրենք որդի ունեն: Հանգամանքներից ելնելով` գիտաժողովն անընդհատ ձախողվում է, դեպքերն այնպես են զարգանում, որ բժիշկը չի կարողանում գիտաժողովի բացմանը մասնակցել: Սա շատ ակտիվ կոմեդիա է, վստահ եմ, որ բոլորը կհավանեն»,- նշեց նա:
Այյս ֆիլմի ռեժիսորն է Սերգեյ Հայրապետյանը: Աշխատանքային վերնագիրն է «Մի անգամ հիվանդանոցում»: Ի դեպ, ֆիլմի մասին որոշ մանրամասներ Aysor.am-ը դեռ երեկ ներկայացրել է իր ընթերցողներին:
Երկու ֆիլմերն էլ կատակերգական ժանրում են: «Kargin» ստուդիայի արտադրանքն էկրաններին կհայտնվի, հավանաբար, հոկտեմբեր ամսին, «Մի անգամ հիվանդանոցումը»` սեպտեմբերին:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև մյուս երկու ֆիլմերի մասին, որոնց նկարահանումները կսկսվեն աշնանը: Ի դեպ, դրանք արդեն կատակերգական ժանրում չեն: «Ֆիլմերից մեկի ռեժիսորը ծնունդով գյումրեցի ֆրանսաբնակ Լևոն Մինասյանն է: Նախնական վերնագիրն է «Բրավո, վիրտուոզ»: Այստեղ գլխավոր հերոսի հակառակորդին եմ մարմնավորելու: Քասթինգը դեռևս չի ավարտվել, այդ պատճառով ավելին ասել չեմ կարող: Իսկ երկրորդ ֆիլմը ռուսական կինոարտադրության է, Գյումրիի երկրաշարժի մասին է: Բայց սա ևս մանրամասնել չեմ կարող»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասան Արման Նավասարդյանը: