29/07/2015 10:34
Եթե Շանթին թողնենք, նա մեր երեխաներին կկոչի Նժդեհ կամ Թալին. Հասմիկ Կարապետյան
Ասում են, եթե ցանկանում ես իղձերդ իրականանան, բարձրաձայնիր, և Աստված կլսի: Հասմիկ Կարապետյան-Կիրմիզյանը (երգչուհին Facebook-ում ազգանունը փոխել է) միշտ առանձնացել է իր անկեղծությամբ և երազանքների ու նպատակների բարձրաձայնմամբ: Aysor.am-ի այն հարցին, թե ի՞նչ երազանքներ ունի, վերջինս պատասխանեց:
«Շատ եմ երազում մայրանալու մասին: Ես կասեի, ամբողջ ազգն է սպասում իմ «լավ լուրին». ինձ վերջապես ամուսնացրեցին, հիմա էլ սպասում են, որ երեխա ունենամ: Շատ հաճել է տեսնել մարդկանց անկեղծությունը, բարությունը, կամեցողությունը: Ես վստահ եմ, որ Աստծո կամոք դա լինելու է, իսկ թե երբ` միայն Աստված գիտի»,- ժպիտով նշեց երգչուհին:
Հասմիկի խոսքերով` ամուսինը` Շանթ Կիրմիզյանը, 4 զավակ է ցանկանում ունենալ` երկու աղջիկ և երկու տղա: Այս հարցում երգչուհին այլ նախասիրություններ ունի` մեկ որդի և դուստր: «Ինձ համար ավելի կարևոր է որակը, քան քանակը: Բայց ամենաքիչը երկու երեխա կցանկանամ ունենալ: Շանթը միշտ ասում է` թող առաջինը եղբայրը լինի, որպեսզի քրոջ մասին հոգ տանի: Ամեն դեպքում, կարևորը առողջ ու բախտավոր երեխա լույս աշխարհ գա»:
Զույգը ընտանեկան միջավայրում հաճախ է բանավիճում փոքրիկների անվան շուրջ: Շանթը որոշել է նրանց անվանել սփյուռքահայության մեջ տարածում ունեցող զուտ հայկական անուններով, Հասմիկը` ժամանակակից: «Ես կողմնակից եմ այնպիսի անունների, որոնք բոլոր լեզուներով էլ հնչում են, մեկ են: Ցանկանում եմ այնպիսի անուն լինի, որը հետագայում կօգնի, ոչ թե կխանգարի իմ զավակին կամ զավակներին: Ինքս միշտ սիրել եմ Դավիթ և Մարիամ անունները, իսկ եթե Շանթին թողնենք, նա կկոչի Նժդեհ կամ Թալին: Նժդեհը ամուսնուս հերոսն է. ծնված և մեծացած լինելով ԱՄՆ-ում` նա հրաշալի գիտի հայոց պատմությունը, նույնիսկ ես, որ այստեղ եմ ծնվել ու մեծացել, շատ բաներ իրենից սովորում եմ: Գիտեք, կարծում եմ, երբ պահը հասունանում է, ծնողներն ինտուիտիվ զգում են, թե որ անունն է երեխայինը: Երևի, երբ նրան տեսնենք, անմիջապես գլխի կընկնենք: Աստված տա, այդ օրը գա»,- հավատով մեկնաբանեց Հասմիկը:
Ինչ վերաբերում է ստեղծագործական նորություններին, երգչուհին պատրաստվում է ամենաուշը սեպտեմբերի 21-ին հանրությանը հանձնել Ավետ Բարսեղյանի խոսքերով և իր երաժշտությամբ գրված «Դու պիտի ապրես» երգը, որի գործիքավորումը վստահված է Դեր Հովային: «Այս երգն արդեն երկու տարի է, տարբեր պատճառներով չի ստացվում ավարտել: Տեսահոլովակը պետք է նկարահանվեր մինչև եղեռնի 100-րդ տարելիցը, սակայն հարգելի պատճառներով չհասցրեցինք. մահացավ Դեր Հովայի հայրը, նա մեկնեց Կանադա: Երգը մեր ժողովրդի մասին է. մի ազգ, որը ընտրյալ է, միշտ հալածվել է, բայց մնացել է ուժեղ ու շարունակում է գոյատևել: Պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի մեր անկախության տոնին այն պատրաստ լինի»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հասմիկ Կարապետյանը: