31/07/2015 16:13
«Ծաղրասարյակ սպանելը». Լույս տեսավ աշխարհահռչակ վեպի հայերեն թարգմանությունը
Նախօրեին «Լոֆթ» կենտրոնում տեղի ունեցավ Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպի հայերեն հրատարակչության շնորհանդեսը: Բնագրից հայերն թարգմանությամբ «Ծաղրասարյակ սպանելը» գիրքն առաջին անգամ լույս է ընծայում «Զանգակ» հրատարակչությունը:
«Ծաղրասարյակն ինձ համար մարդու ընդհանուր կերպարն է, ծաղրասարյակ մի սպանիր՝ մարդ մի սպանիր, մի ոչնչացրու մարդու բյուրեղապակյա աշխարհը, որը նրա մանկությունն է»,- նման կարծիք շնորհանդեսի ընթացքում կազմակերված քննարկմանը հայտնեց գրականագետ Վահե Արսենը:
Վեպի հայերեն թարգմանության հեղինակը նրա հայրն է՝ Արամ Արսենյանը:
«Ես կարողացա մտնել երեխայի մաշկի մեջ»,- քննարկման ժամանակ ասաց թարգմանիչը՝ հիշեցնելով, որ վեպի գլխավոր հերոսուհին 9-ամյա աղջնակ է՝ արդարության ձգտումով:
«Գլխավոր հերոսուհու մականունը Սրաչուկ է: Ես գտա որ մանկական միջավայրում այդ անունն ավելի ընկալելի կլինի: Կարծում եմ՝ լավ կլինի, որ գիրքը պատանիները կարդան, մանուկներն էլ կարող են կարդալ, իսկ մեծահասակները պետք է մի քանի անգամ վերընթերցեն, որպեսզի մանկական հոգեբանությունը ճանաչեն»,- ասաց Արամ Արսենյանը՝ ընդգծելով, որ գրքի առավելությունը դրա անկեղծությունն է:
«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ նույնիսկ ամենախստապահանջ ընթերցողը պետք է որ գոհ լինի գրքի թե′ բովանդակությունից, թե՛ պոլիգրաֆիական կատարումից:
«Գրքում խոսքը հիմնականում ռասայական խտրականության մասին է, բայց մեր երկրի ներսում էլ մենք երբեմն չենք հանդուրժում մեր տեսակից տարբեր խմբի տեսակետը, վեպը սովորեցնում է հանդուրժող լինել»,- ասաց հրատարակչության տնօրենը:
Նշենք, որ Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպը լույս է տեսել 1960թ-ին: Մինչ այսօր այն վաճառվել է ամբողջ աշխարհում՝ ավելի քան 30 միլիոն օրինակով:
Վեպի հիման վրա նկարահանված է համանուն ֆիլմ, որը ստացել է երեք «Օսկար»:
Վեպի գործողությունները տեղի են ունենում ամերիկյան փոքր քաղաքում՝ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով պատկերված իրադարձությունները ստիպում են մտածել հանդուրժողականության, արդարադատության, բարության ու խղճի մասին: