01/08/2015 17:04
Հայաստանի ամենաբարձրահասակ տղամարդը երազում է ընտանիքի ու սիրո մասին
Aysor.am-ի զրուցակիցը Արշավիր Գրիգորյանն է: Գուցե նրա անուն-ազգանունը շատ բան չասի, բայց 2 մ 32 սմ հասակով հայ երիտասարդը արդեն իսկ հետաքրքիր է: Ընթերցողը նրան ծանոթ է հեռուստաէկրաններից` ֆիլմերից ու նախագծերից: Համեստ ու բարի ՀՍԿԱՆ առանձնահատուկ համակրանք է միշտ վայելել:
-Արշավիր, գիտեմ, որ հիմա Հայաստանում չեք: Որտե՞ղ եք, ի՞նչ նպատակով:
-Հրավեր ունեցա մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք 2մ 20սմ և ավելի հասակ ունեցող անձանց միջոցառմանը: Միջոցառումը շատ հետաքրքիր էր կազմակերպված: Ներկա էին տարբեր երկրներից ժամանած անձիք: Շատ հետաքրքիր էր և արտասովոր՝ տեսնել ինձանից բարձրահասակ մարդկանց: Ներկա 20 անձանցից ես երրորդն էի իմ հասակով:
-Իսկ ե՞րբ եք վերադառնալու:
-Ունեմ որոշ առողջական խնդիրներ, ուզում եմ մնամ և բուժվեմ: Թե երբ կվերադառնամ հայրենիք` չգիտեմ, չեմ կարող ասել:
-Հարազատներ ունե՞ք այդտեղ:
-Ոչ, հարազատներ չունեմ:
- Ֆրանսերենին տիրապետո՞ւմ եք
-Դեռ ոչ, բայց կսովորեմ, չնայած, որ շատ բարդ լեզու է:
-Վերջին տարիներին Ձեզ հաճախ ենք հանդիպում ֆիլմերում, նախագծերում: Այժմ նման առաջարկներ չունե՞ք:
-Ֆրանսիայում առաջարկ ունեցա նկարահանվելու մի հետաքրքիր բարեգործական տեսահոլովակում, այն դեռ պատրաստ չէ:
- Շոու-բիզնեսի ասպարեզում լինելով` հասցրե՞լ եք հիասթափվել, թե՞ առաջարկների դեպքում սիրով կշարունակեիք համագործակցել հայ աստղերի հետ:
-Իսկապես, եղել են պահեր, որ հիասթափվել եմ, բայց անցողիկ է եղել: Եթե ամեն ինչ լավ լինի, գամ հայրենիք և նորմալ պայմաններով առաջարկներ ունենամ, իհարկե կընդունեմ:
-Ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, բայց չեմ աշխատել: Շատ եմ սիրել մաթեմատիկան, ընդհանրապես, թվերի հետ կապված ամեն բան:
-Ինչպե՞ս հայտնվեցիք Մեդիա ոլորտում, այս դաշտում ծաոթնե՞ր ունեք, թե՞ պատճառն արտասովոր հասակն էր:
-Ամեն ինչ սկսվեց «Թաքնված տաղանդ» նախագծից, շատ էի ուզում մասնակցել…Իսկ հետագայում, իսկապես, ոլորտում հայտնվելու պատճառը հասակս էր: Շատ հպարտ եմ իմ հասակով: Ճիշտ է, դժվարություններ շատ կան, բայց ինչ արած:
-Դեռ կանդրադառնանք դժվարություններին… Շատ դերասաների, երգիչների հետ եք շփվում, նրանց մեջ ընկերներ, մտերիմներ ունե՞ք:
-Այո, շատերի հետ եմ շփվել, բայց ոչ երկարատև:
-Արշավիր, վստահ եմ, տղաներից շատերը կերազեն, Ձեր բոյի ուղիղ կեսը գոնե ունենալ: Բայց հետաքրքիր է, պատահե՞լ է, որ բարձրահասակ լինելը Ձեզ անհանգստացնի:
- Այո, անհարմարություններն ամեն քայլափոխի են…
-Օրինակ, ինչո՞վ է օգնում և ինչո՞վ խանգարում Ձեզ Ձեր հասակը:
-Ցածր վայրերը, քաղաքային տրանսպորտից օգտվելն ու այդպես շարունակ… Իսկ օգնում է նրանով, որ օգտակար եմ լինում մարդկանց` բարձր տեղերի հետ կապված:
- Պատահել է, որ դրսում հաճախակի հայտնվեք սկանդալների մեջ` հասակի պատճառով:
-Ոչ, նման խնդիրներ չեն ծագել:
-Մեզ կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ամուսնացած չեմ, ունեմ ծնողներ և մեկ եղբայր:
-Ձեր եղբա՞յրն էլ Ձեզ պես բարձրահասակ է:
-Ոչ այդքան` 1մ 80 սմ: Մեր ազգում բարձրահաակները շատ են:
-Թեև աղջիկները սիրում են բարձրահասակ տղամարդկանց, բայց հայ աղջիկների «բախտը չի բերել». նրանք այնքան էլ բարձրահասակ չեն` անգամ բարձրակրունկ կոշիկներով: Որտե՞ղ եք փնտրում Ձեր սիրելիին, թե՞ արդեն գտել եք:
-Աղջկա հարցն էլ է դժվար: Բայց գիտեք, հասակն այդքան էլ կարևոր չէ, կարևորը մարդկային արժեքներն են: Նաև, ինձ ընդունի այնպես, ինչպես որ կամ: Ամեն ինչ իր ժամանակն ունի, ու ամենակարևորը, որ հայուհի լինի, բարի և հոգատար:
-Խանդո՞տ եք:
-Այո, խանդոտ եմ: Խանդը սերն ավելի է ուժեղացնում:
-Մարդկային, ընկերական, անձնական հարաբերություններում ինչպիսի՞ն եք բնավորությամբ:
-Բնավորությամբ բարի, հանգիստ, հոգատար մարդ եմ: Նաև մի վատ կողմ ունեմ. շուտ եմ վստահում մարդկանց, ինչն ինձ շատ է վնասում կյանքում:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Երաժշտություն եմ սիրում լսել, գիրք կարդալ և զբոսնել:
-Իսկ երազանքներ և նպատակնե՞ր:
-Ուղղակի ուզում եմ կազմել իմ ընտանիքը, ապրել առողջ և երջանիկ...