01/08/2015 14:19
Մարկ. Նրա տեսակը չի կրկնվում. Ընկերները հիշում են Մարկ Սաղաթելյանին
Երեկ լրացավ Մարկ Սաղաթելյանի բացակայության երկրորդ տարելիցը: Նրա համար ամեն ինչ դեռ առջևում էր` գործնական, անձնական, ընտանեկան հաջողություններ ու ձեռքբերումներ, երջանիկ ու վառ տարիներ… Ավաղ, կյանքի կանոններն անհասականլի են:
Ինչպիսի՞ն էր նա որպես ընկեր ու գործընկեր և որքանո՞վ է այս երկու տարվա նրա բացակայությունը նկատելի ընկեր-գործընկերների կյանքում: «Նկատելի է այնքանով, որ անընդհատ քո երևակայության մեջ նա կա և ժամանակ առ ժամանակ քեզ չի հերիքում իր մարդկային տեսակը: Ես իրեն միշտ դիմում էի «Գլորվող բարություն», ինչը մեր քաղաքում պակասում է: Այդ պակասի պատճառով էր երևի, որ նա երբեմն այս քաղաքում խեղդվում էր, իրեն շատ բաներ չէր հերիքում: Իր երևակայությունը երբեք չըմբռնեց մեր այսօրվա Երևանը, իր երևակայությունը մեր հին, բարի քաղաքի հետ էր: Ժամանակ առ ժամանակ նա «փախնում» էր այս երկրից, բայց անընդհատ հետ էր գալիս, որովհետև իր գենն էր խոսում, տեսակը, հայ լինելը: Նա, կարծում եմ, ոչ միայն ինձ, այլ շատ-շատերին չի հերիքում: Նրանից անփոխարինելի, անբացատրելի էներգիա էր գալիս: Սրանք ուղղակի սիրուն խոսքեր չեն»,- Aysor.am-ի հետ զրույցում անկեղծացավ դերասան Լևոն Հարությունյանը:
Ընկերները սիրում են միմյանց հետս կիսվել, խոսել, խուրհուրդ տալ ու հարցնել: Թեև Լևոնն ու Մարկը հաճախ էին զրուցում, սակայն չէին փորձում միմյանց սովորեցնել: «Մենք երբեք միմյանց խորհուրդեր չենք տվել, ուղղակի զրուցել ենք: Մարկը սիրում էր իր կարծիքը հայտնել, բայց երբեք չէր պարտադրում: Իրեն էլ ինչ-որ մի բան համոզելը շատ դժվար էր: Եթե իրեն թողնեին, նա կաներ այն, ինչը տեսնում էր իր երևակայության մեջ: Գուցե կողքինների աչքով դա անիրականանալի էր, բայց նա սիրում էր իրականացնել իր երևակայությունը: Ես ինչ-որ չափով իր տեսակը ընկալել, հասկացել էի: Իրեն իր աշխարհից հանելը շատ դժվար էր, դրանով կարող էիր վիրավորել, ինչպես երեխայի: Այ այդպիսի պարզության մեջ էր Մարկը»:
Միշտ էլ կյանքում ունենում ենք մեծ կամ փոքր մի երազանք, որն ամենանվիրականն է, ամենաբաղձալին: Թեև Մարկ Սաղաթելյանն իր 4 տասնամյակի ընթացքում քիչ բանի չէր հասել, սակայն ամենակարևորը առջևում էր. «Կցանկանայի, որ նա գոնե իրենից հետո իր տեսակն ունենար, որը կծնվեր իրենից: Դա իր մեծ երազանքն էր, ցանկություն, որը փայփայում էր: Նա ուզում էր իր տեսակին կողքից նայել, իր երևակայությունից հաներ ու կողքին կանգնած տեսներ: Շատ-շատ էր ցանկանում զավակ ունենալ… Միայն դա չհասցրեց, գործնական, անձնական առումով ամեն ինչ ուներ»:
Երբ նկարահանվեց Մարկ Սաղաթելյանին նվիրված փոքրիկ ֆիլմ-հաղորդումը, շատերի աչքից չվրիպեց արցունքառն աչքերով Լևոն Հարությունյանի` «Չհասցրեցի նրանից ներողություն խնդրել» արտահայտությունը: «Ներողություն, որ նրա կողքին չեմ եղել… Շատ օրեր կան, որ ես պետք է իր կողքին լինեի, բայց կամ չհասցրեցի, կամ չկարողացա այդ պահը գնահատել… Ես կցանկանամ, որ նա նորից լինի… և կարող է լինել… Դա միայն բնությունը գիտի, մեկ էլ Աստված»,-հուզավ ու տխրությամբ զրույցը եզրափակեց Լ. Հարությունյանը:ծ
Ավագ ընկեր Աշոտ Ղազարյանի համար Մարկն այն մարդկանցից է, ովքեր անփոխարինելի են: Նրանց տեսակը չի կրկնվում: «Այս դաշտում պակասեց մի գույն, մի երանգ: Սա կորուստ էր բոլորի համար, որովհետև, նախ` Մարկը սիրված էր բոլորի կողմից, նաև, շատ հանճարեղ էր, տաղանդավոր էր, ասելիք ուներ: Ճիշտ է, հիմա «հանճար», «տաղանդ» բառերը որակազրկվել են, բայց նա բառիս բուն իմաստով այդպիսին էր: Լավ դերասան էր, հումորիստ, կազմակերպիչ: Իր հետ ֆիլմում նկարահանվելու, Կրեմլի դահլիճում բեմ բարձրանալու առիթներ եմ ունեցել… Հրաշք մարդ էր, շատ ափսոս, իր համար շա~տ շուտ էր»,-նշեց Ա. Ղազարյանը:
Հեռուստադիտողին Մարկը ծանոթ էր էկրաններից` իր ուրախ, հումորով ու ժպտերես տեսակով: Ավագ ընկերոջ խոսքերով` էկրանից այն կողմ տարբերությունը մեծ չէր. «Բոլորին հասնող էր, օգնող, աջակցող: Տրամադրությունը միշտ բարձր էր, էներգիայով լի էր, ուրախ: Իսկապես, անսպառ էներգիա ուներ: Մարդ ենք, բոլորիս կյանքում էլ տխուր օրեր, անտրամադիր պահեր լինում են, բայց նա ոչ մեկի մոտ դա ցույց չէր տալիս, որպեսզի դրանով դիմացինի տրամադրությունը, մթնոլորտը «չփչացներ»: Շատ կարգին մարդ էր, շա~տ»:
Ըկերները նրան «բացակա» չեն դնում, բայց միևնույն է, բացակայությունը զգում են: «Տարիներ առաջ մեր անվանի երգիչներից մեկը Հայաստանից գնաց: Երբ հեռուստատեսությունում հարցազրույց էինք անում` ասաց. «Մենք` արվեստագետներս, կարծեք մի մեծ ծաղկեփունջ լինենք: Այդ ծաղկեփնջում ամեն մեկն իր բույրն ունի, իր գույնն ու հոտը և իր ներկայությունը պարտադիր է: Ու երբ մարդը գնում է, այդ ծաղկեփնջից մի կարևոր գույն, մի հոտ պակասում է»… Չէի ցանկանա, որ Մարկի պես լուսավոր ու լավ մարդը հեռանար», -ափսոսանքով եզրափակեց մեր զրուցակիցը: