06/08/2015 12:38
Լեպսի համերգի տոմսերը կհայտնվեն վաճառքում օգոստոսի 15-ից
Ռուս էստրադարային աստղ, ճանաչված երգիչ Գրիգորի Լեպսի համերգին մեծ անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսը: Համերգը կկայանա նոյեմբերի 13-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ու թեև տոմսերը դեռ վաճառքում չեն հայտնվել, հանդիսատեսն արդեն մտավախություն ունի, թե դրանք չի կարողանա ձեռք բերել:
Օրեր առաջ սոցցանցերում սկսեցին լուրեր շրջանառվել, թե 5000 դրամանոց տոմսերը արդեն սպառված են: Aysor.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ «Մեցցո փրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը տեղեկացրեց, որ տոմսերը դեռ չկան վաճառքում. «Տոմսերը կլինեն վաճառքում օգոստոսի 15-ից»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանք կարժենան 5000-120.000 դրամի սահմաններում:
Անի Սաղոյանի խոսքով՝ համերգի ընթացքում կլինեն անակնկալներ: «Հաշվի առնելով նման արտիստի յուրահատկությունը, կարծում եմ՝ բավականին հետաքրքիր համերգ է սպասվում: Նրա համերգները մեկը մյուսից միշտ էլ տարբերվել են և չեն կրկնվել: Կարծում եմ՝ այս անգամ ևս կլինեն լիքը անակնկալներ»,- նշեց Ա. Սաղոյանը:
Հիշեցնենք, որ Գ. Լեպսը Հայաստանում կլինի արդեն երկրորդ անգամ: Այս անգամ նա գալիս է Հայաստան «Մեցցո փրոդաքշն» ընկերության հրավերով: «Մի քանի ամիս բանակցություններ ենք վարել, որպեսզի իր գրաֆիկում հարմար օր գտնի Հայաստանում համերգ տալու համար»,- նշեց ընկերության տնօրենը:
Նշենք, որ Գրիգորի Լեպսը ծագումով վրացի էստրադայի երգիչ է, կոմպոզիտոր, պրոդյուսեր և էստրադային արվեստի գործիչների միության անդամ: Նա արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «World Music Awards»-ի, «Տարվա երգ»-ի, և «Ոսկե գրամոֆոն»-ի: