07/08/2015 20:24
«Նոր ալիք» մանկական երաժշտական մրցույթում անակնկալ փոփոխություններ են եղել
Մանկական «Նոր ալիք» մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող 12-ամյա Մերի Քոչարյանը արդեն մի քանի օր է, գտնվում է Ղրիմում: Մեր մասնակցի մայրիկի փոխանցմամբ` մթոլորտն այնտեղ շատ ուրախ է և Մերին իրեն շատ լավ է զգում: Հասակակիցների հետ անընդհատ փորձերի մեջ են: Սակայն «Նոր ալիքում» որոշակի փոփոխություններ են եղել, որը, թերևս, աղջնակի տրամադրության վրա չի ազդել: «Մերին չի կատարելու նախապես որոշված երգերից մեկը` Ջեսի Ջեյի երգը, որն անգլերն կատարում էր: Մեզ միայն ասացին, որ այդ երգը մեծի երգ է, սակայն գիտենք, որ մյուս տարիներին այդ երգը երգվել է»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց փոքրիկ երգչուհու մայրիկը` Սերինե Սանեյան-Քոչարյանը:
Ի դեպ, Մերին պատրաստվում էր ղրիմյան բեմ բարձրանալ հատուկ իր համար Հայաստանում կարված զգեստով, որի դիզայներն է Վահան Խաչատրյանը: Սակայն, այդ հարցում ևս արգելքների է հանդիպել, և ոչ միայն ինքը. «Գրեթե բոլորի զգեստները փոխել են: Ոչինչ չեն պարզաբանում: Միակ բանը, որ ասում են` «դա մեզ հարմար չէ»: Բայց ասեմ, որ նոր հագուստներն իրենք էլ տրամադրում են»:
Մեր այն հարցին, թե արդյոք նրանց տրամադրած զգեստների համար պետք է վճարվի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ` ոչ: Բոլորովին նոր շորեր են, որոնք, ըստ իս, պետք է գովազդվեն և նորից ետ վերադարձվեն»:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք» մանկական մրցույթը կայանալու է 2 օր` օգոստոսի 11-ին և 12-ին, իսկ օգոստոսի 13-ին համերգային օր է լինելու, մասնակիցները կատարելու են ընդհանուր երգ և ստանալու են իրենց մրցանակները:
Մեր մասնակից Մերի Քոչարյանին Ղրիմ են ուղեկցել երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը, հայրիկ-պրոդյուսեր` Արթուր Քոչարյանը, փոքրիկ եղբայրն ու մայրիկը: Մրցութային առաջին օրը կլինի երգի պրեմիերա. մեր մասնակիցը կերգի հատուկ իր համար գրված նոր երգ, որը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Մարտին Միրզոյանը: