07/08/2015 20:13
«Հրեշների գայլը». Գոռ Վարդանյանը նոր ֆիլմ է նկարահանում` նվիրված Ոստիկանությանը. Լուսանկարներ
Գոռ Վարդանյանը այս օրերին պատրաստվում է նոր` դրամա-թրիլլեր ժանրի ֆիլմի նկարահանումներին, որտեղ ընդգրկված կլինեն հանրապետության լավագույն դերասանները: Մարզիկ-սցենարիստը բազմասերիանանոց ֆիլմի մասին բացառիկ մանրամասներ հայտնեց Aysor.am-ին:
-Գոռ, դուք ֆիլմի և ռեժիսորն եք, և սցենարի՞ստը:
-Ես մտահղացման հեղինակն եմ, ինձ հետ սցենարիստների հրաշալի խումբ է աշխատում: Նաև ռեժիսորն եմ ու գլխավոր դերակատարը:
-Կմանրամասնե՞ք ֆիլմի մասին:
-Բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ է, որը նկարահանում ենք «Հայֆիլմ» ստուդիայով: Ֆիլմի նկարահանմանը աջակցում է Ոստիկանությունը: Այժմ նախապատրաստական աշխատանքների մեջ ենք, շուտով կսկսեք նկարահանումները:
-Ինչի՞ մասին է ֆիլմը, որ արժանացել է ոստիկանության աջակցությանը:
- Արդար, հանցավորության դեմ պայքարող ոստիկանության սպայի մասին է, ում մարմնավորելու եմ ինքս: Այնպիսի կերպարներ են լինելու, որոնց ձգտում ենք նմանվել, երազում, ցանկանում այդպիսի ոստիկանություն ունենալ: Ցույց ենք տալու ոստիկանության աշխատակցի առօրյան` ի՞նչ կյանքով են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն, ի՞նչ մարդկային փոխհարաբերությունների մեջ են, ի՞նչ հոգեբանական տանջանքների մեջ են ընկնում, ցանկացած հանցագործություն բացահայտելու համար ի՞նչ ճանապարհներով են անցնում: Գիտե՞ք, ամեն ինչ շատ հեշտ է, երբ կողքից ես նայում: Մենք այս ֆիլմում կփորձենք ցույց տալ այս տղաների նաև հոգեբանական վիճակը. ինչպե՞ս և ինչ գնով են կարողաում բացահայտել հանցագործությունները:
-Կա՞ն մեր ոստիկանական համակարգում այնպիսի աշխատակիցներ, որոնք օրինակելի են ու Ձեր նշած կերպարներին համահունչ:
-Այո, մեր իրավապահ համակարգում կան շատ օրինակելի աշխատակիցներ, ոստիկաններ, սպաներ: Ինքս այդ համակարգում աշխատել եմ բավականին երկար ժամանակ և անձամբ եմ շփվել նմանատիպ մարդկանց հետ: Այժմ էլ բավական շատ ընկերներ, ծանոթներ ունեմ ոստիկանության համակարգում, և ուրախ եմ, որ իրենք այն տեսակին են պատկանում, որոնց այս ֆիլմում կտեսնեք: Հպարտ եմ, որ մեր ոստիկանության համակարգում կան այդպիսի տղաներ: Մեր հույսը տղաների այդ տեսակն է, քանի որ նրանք երբեք չեն գնա սխալ ճանապարհով: Հատկապես վերջին շրջանում նկատելի է առաջընթացը, բայց դա դեռ քիչ է: Յուրաքանչյուրս պետք է աշխատենք, որ հասնենք այն աստիճանի, որ մեր երեխաներն, ի դեմս ոստիկանության` տեսնեն պաշտպանող կառույց, հպարտանան ոստիկաններով և ցանկանան նրանց մի մասը դառնալ: Պետք է ցանկանանք օգնել ոստիկաններին, որովհետև, եթե հասարակությունը չօգնի, ապա ոստիկանը ինչպե՞ս կկարողանա մեզ պաշտպանել: Մենք պետք է վստահենք նրանց և մեր կողքին տեսնենք մեր պաշտպանին: Ի վերջո, երեխաների համար հերոսի չափանիշ պետք է լինի ոչ թե ինչ-որ մի կրիմինալ տարր, հանցագործ, այլ իրավապահ համակարգում աշխատող ազնիվ մարդ: Պետք է երեխաների, երիտասարդների մեջ առաջանա համազգեստ կրելու ցանկությունը: Ոստիկանությունը ցանկացած պետության կարևոր օղակ է, ժողովրդի և ոստիկանության կապը կարևոր է:
-Դուք մեծամասամբ դրական կերպարներում եք լինում: Ըստ Ձեզ, կյանքում և՞ս օրինակելի եք, թե՞ դեր եք խաղում:
-Այդ գնահատականը կարող են տալ այն մարդիկ, ովքեր իրական կյանքում շփվում են ինձ հետ: Չեմ կարող թաքցնել` ես նման եմ իմ դրական կերպարներին: Ասեմ ավելին` ես դերասան չեմ, չեմ խաղում, պարզապես ցանկություն ունեմ լավ բան անելու և անում եմ: Ինձ համար կարևորը ասելիքն է, իմ ֆիլմի «մեսիջը»: Լավ, թե վատ եմ խաղում` դա արդեն հանդիսատեսի որոշումն է: Եթե նա փորձում է նմանվել այդ հերոսին, նշանակում է` այնքան էլ վատ չի:
-Գոռ, արդյոք ֆիլմը Ոստիկանությա պատվեր չէ:
-Ոչ, որպես պետական գործիչ, մանկավարժ, կարծում եմ` դրական մարդ, նման ֆիլմ նկարահանելու ցանկությունը, մտահղացումն իմն է եղել: Ուզում եմ, որ բոլորը դառնան մի մասը ոստիկանության հետ աշխատանքների: Ամեն մեկս պետք է փորձենք ինչ-որ չափով օգտակար լինել և օգնել: Ես ամբողջ ֆիլմի ընթացքում համազգեստով եմ լինելու, կերպարս պետք է օրիակելի դառնա:
-Արդեն իսկ որոշվա՞ծ է վերնագիրը:
-«Հրեշների գայլը»: Սա շատ գեղեցիկ քրեական պատմություն է, որտեղ կան և պետական պաշտոնյաներ, օլիգարխներ, հանցագործներ, ծախված իրավապահներ, դեպուտատներ և բիզնեսմեններ…
-Ի՞նչ եք կարծում, կլինե՞ն հայտնի գործիչներ, ովքեր իրենց «կճանաչեն» Ձեր ֆիլմի կերպարներում:
-Կարծում եմ` այո, նման մարդիկ կլինեն: Կցանկանամ, որ ֆիլմը դիտեսլիս բացասականները դաս վերցնեն և ուղղվեն, վերափոխվեն, իսկ դրականները հպարտություն զգան և շարունակեն նույն ոգով աշխատել: Մենք պետք է կարողանանք այդ դրական սինդրոմով վարակել մնացածին: Սա է մեր ֆիլմի գաղափարը:
-Հետաքրքիր է, ինչո՞ւ հենց «Հրեշների գայլը»:
-Որովհետև գայլը միակ կենդանին է, որը չի վարժվում, նույնիսկ կրկես չի մտնում: Հրեշներն այն մարդիկ են, ովքեր իրենց արարքներով պատուհաս են մեր ժողովրդի գլխին: Մեր հերոսի տեսակն այնպիսին է, որ չի գնում այդ հրեշների գայթակղությանը և չի դառնում իրենցից մեկը, այլ դառնում է այն գայլերից, ովքեր պետք է պայքարեն այդ հրեշների դեմ… Իրականության մեջ կա մի մեծ համակարգ` ժողովուրդ, այդ համակարգի մեջ մի մեծ օղակ, որտեղ իրար են խառնված քավոր-սանիկ հանցագործներ, ովքեր ամեն տեղ խնդիրներ են առաջացնում: Երբեմն հերոսները, ուզած-չուզած, ձուլվում են այդ շրջանակին: Սակայն մեր հերոսը սպա է, ում համար կա պետություն, հրաման, օրենք, արդարություն: Նա չի կարող դառնալ հրեշների կամակատար…Մեր ոստիկանական համակարգում ունենք նման գայլեր, ովքեր չեն ենթարկվում ոչ-մի հրեշի, չեն անցնում վատի, հակապետականի կողմը: Կցանկանայի, որ համալրվեն նրանց շարքերը:
-Նշեցիք, որ ֆիլմը բազմասերիանոց է: Սերիա՞լ է, թե՞…
-Ոչ, սերիալ չէ: Ես սերիաներով չեմ նկարում, այլ նկարում եմ մի մեծ ֆիլմ, որը մոնտաժային աշխատանքներից հետո սերիաների կբաժանվի` 8, 10, 12… Չգիտեմ… «Վրիժառու» ֆիլմի մոտիվներով նկարահանվող ֆիլմ է… Ժամանակին իտալական ֆիլմ կար` «Ծովահրեշը (Спрут)»: Այս ֆիլմերն ընդհանուր նմանություններ ունեն, պարզապես սա այսօրվա Երևանի մասին է: Ինչպես այդ ֆիլմը դիտելիս են շատերը ցանկացել ոստիկան դառնալ, այնպես էլ այս ֆիլմը դիտելիս ուզում եմ ցանկություն առաջանա, որ երիտասարդներն ընդունվեն Ոստիկանական ակադեմիա և դառնան լավ, և ոչ թե կեղծ ոստիկան: Միացյալ Նահանգներում դեռ դպրոցներից է քարոզվում իրավապահ համակարգի աշխատակցի կերպարը, այդպիսի մոտեցում պետք է նաև մենք ցուցաբերենք: Պետք է այնպիսի ֆիլմեր նկարահանենք, որ դրական ազդեցություն թողնի, ոչ թե կրիմինալ կյանքով ապրող մարդը բարձրացվի: Այդպես չի կարելի: Մենք պետք է համազգեստ կրող մարդկանց, պայքարող մարդկանց բարձրացնենք, նրանք են կանգնած պետության հիմքում: Նրանք մեր և́ պետության, և́ յուրաքանչյուր անհատի անվտանգության երաշխիքն են: Եթե չլինի իրավապահ համակարգը, մեր երկրում «անարխիա» կլինի, կարգ ու կանոն չի լինի: Բայց որպեսզի իրենք լավ աշխատեն, պետք է սիրենք, վստահենք և դառնանք նրանց մի մասը:
-Նկատե՞լ եք, այսօր շատ երիտասարդների թվում է, որ ոստիկանության հետ համագործակցելը «գործ տալ» է:
-Ոչ, դա սխալ մոտեցում է, մենք բոլորս պետք է միանանք, մտածենք որևէ լավ բան անելու մասին: Եթե բոլորս նստենք և ասենք` թող այսպես կամ այնպես լինի, ապա ոչինչ էլ չի լինի: Ինքս ինձ շատ անգամ հարց եմ տալիս. որպես անհատ, քաղաքացի, պետական գործիչ, ֆեդերացիայի նախագահ` ի՞նչ եմ անում: Երբ որևէ լավ բան եմ անում և օրինակ դառնում` հավատացեք, լավ եմ զգում:
-Ե՞րբ ֆիլմը կլինի էկրաններին:
-Էկրաններին կլինի աշնանը` հավանաբար հոկտեմբերի վերջերին:
-Արդեն որոշվա՞ծ է հեռուստաընկերությունը, որին կվստահվի ֆիլմի ցուցադրությունը:
-Այո, բայց չեմ ցանկանում շատ մանրամասնել: Երբ ֆիլմի նկարահնման աշխատանքներն ավարտվեն, արդեն շատ այլ փակագծեր կբացեմ: Ճիշտն ասած` շատ մեծ ոգևորվածությամբ եմ անցել ֆիլմի ստեղծման աշխատաքներին: Բավական լուրջ կազմ է ինձ հետ աշխատում. մեծ դերասանական, ստեղծագործական խումբ: Այս ֆիլմն իմ ֆիլմերի շարքում առանձնահատուկ տեղ կունենա, քանի որ վերջապես նկարահանվելու եմ համազգեստով: Ճիշտ է, ինքս աշխատել եմ քրեական հետախուզությունում, այնպես չի, որ համազգեստն ինձ անծանոթ է, բայց սիրում եմ համազգեստ (ժպտում է):
-Համազգեստները, հավանաբար, ոստիկանությունն է տրամադրել:
-Այո:
-Ձեր նախորդ ֆիլմում առաջին անգամ հանդես եկաք ոչ Ձեր անվամբ: Այս ֆիլմում այդ միտումը կպահպանվի՞:
-Նախորդ ֆիլմը հոլիվուդյան ֆիլմ էր, որտեղ ներկայանում էի «Մաքս»-ի կերպարում: Այստեղ ես նորից Գոռն եմ, ով միշտ պայքարում է այդ «Մաքս»-երի դեմ (ժպտում է):
-Ովքե՞ր են լինելու Ձեր խաղընկերները:
-«Վրիժառու» ֆիլմում նկարահանված գրեթե բոլոր արտիստները և ոչ միայն…Դեռևս ընտրում ենք դերասաններ, այդ պատճառով շատ բան չեմ ցանկանա ասել: Բայց շատ հետաքրքիր դերասանական կազմ է հավաքվել, կտեսնեք:
-Շնորհակալ եմ զրույցի համար: Սպասենք ցուցադրմանը:
-Ես ևս շնորհակալ եմ: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր ոստիկանապետին, որ լսեց առաջարկս և չմերժեց, փորձեց աջակից լինել այս ֆիլմի իրականացմանը: Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ կողքիս են և միշտ օգտակար են լինում իրականացնելու մտահղացումերս: