07/08/2015 12:49
Երբ Դադասյանն իմացավ, որ ես և Անահիտը՝ կինս, ընկերություն ենք անում, նրան ևս հեռացրեց` առանց մեկնաբանությունների. Հայկ Զորիկյան
Aysor.am-ի հյուրասրահում դերասան Հայկ Զորիկյանն է, ով անկեղծացավ առաջին անգամ հայր դառնալու, թատրոնից հեռանալու և սեփական բիզնես հիմնելու, նոր առաջարկների և ձեռքբերումների մասին:
-Հայկ, ընդամենը օրեր առաջ հայրիկ դարձաք: Ինչպիսի՞ն են զգացողությունները:
- Շատ խառը. ուրախ եմ, երջանիկ, շփոթված:
-Ձեր մեջ փոփոխություններ զգո՞ւմ եք:
-Զգում եմ, որ բացի ինձանից արդեն ևս մեկի համար եմ պատասխանատու:
-Օրեր առաջ, երբ խոսում էի Ձեր հայրիկի հետ, ասաց, որ անվան հարցում դեռևս տատանվում եք: Վերջապես որոշեցի՞ք փոքրիկի անունը:
-Այո, իհարկե: Ունեինք 3 տարբերակ` Նոյեմի, Մինար և Միլա: Արդյունքում, որոշեցինք նրան անվանել Նոյեմինար Զորիկյան:
-Ինչո՞ւ էիք տատանվում հենց այդ անունների միջև:
-Պարզապես մեզ հենց այդ անուններն են դուր գալիս: Երկար ենք քննարկել, մինչև ընտրությունը կանգ է առել այս երեքի վրա: Ցանկանում էինք, որ նախ` տարածված անուն չլինի, նաև` հայկական լինի: Մինարը և Նոյեմին հին հայկական անուններ են, Միլան սլավոնական անուն է, բայց հավանում էինք: Մտածեցինք դնել Միլա-Նոյեմինար, սակայն հասկացանք, որ երեք անունը շատ կլինի (ծիծաղում է):
-Հայ տղամարդիկ նախընտրում են իրենց առաջնեկներին ծնողների անուններով կոչել: Ինչպե՞ս է, Ձեր մայրիկի անվամբ չկոչեցիք Ձեր դստրիկին:
- Հայ տղամարդիկ, բացի այդ սովորությունից, ևս մի շարք սովորույթներ ունեն, որոնք ինձ համար դոգմա չեն (ժպտում է):
-Լավ, անցնենք մեր զրույցի գործնական հատվածին. այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Հենց այս պահին իմ միակ զբաղմունքը աղջիկս է: Իսկ գործնական առումով` այժմ արձակուրդի մեջ եմ:
-Որևէ թատրոնում հաստատվա՞ծ եք:
- Ցավոք` ոչ
-Մոտ 10 տարի աշխատել եք Երևանի Մնջախաղի պետական թատրոնում: Ինչո՞ւ որոշեցիք հեռանալ թատրոնից:
-Այո, 10 տարի աշխատել եմ Մնջախաղի թատրոնում և հեռացել եմ հարկադրված, քանի որ թատրոնում տիրում էր անտանելի պայմաններ և մթնոլորտ…
-Կմանրամասնե՞ք:
-Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը պարտադրում էր Հայաստանում, անգամ արտերկրում իր համար ձրի աշխատել` գրպանելով դերասանների հոնորարները: Հերթական դեպքից հետո ես և թատրոնի ևս 2 դերասաններ՝ Ռուզան Հակոբյանն ու Համլետ Չոբանյանը, արտահայտեցինք մեր կարծիքը այդ ամենի մասին: Եվ, կարծում եմ, արդյունքը պարզ է. երեքս էլ այժմ չենք աշխատում այդ թատրոնում:
-Եթե չեմ սխալվում, Ձեր կինն այդ ժամանակ նույնպես Մնջախաղի թատրոնի դերասանուհի էր:
-Այո: Այն ժամանակ ամուսնացած չէինք: Երբ Դադասյանն իմացավ, որ ես և Անահիտը ընկերություն ենք անում, նրան ևս հեռացրեց` առանց մեկնաբանությունների:
-Այժմ երկուսդ էլ գործազո՞ւրկ եք:
-Ոչ, կնոջս հետ համատեղ ունենք մեր ստուդիան` «Պանտոլաբը», որտեղ դասավանդում ենք պլաստիկա, մնջախաղ և յոգա: Բացի այդ, ես աշխատում եմ Ավետ Տերտերյանի անվան Արվեստի դպրոցում. դերասանական դասարանն եմ վարում, կնոջս հետ բեմադրություններ ենք անում և ոչ միայն…
-Հայկ, թեև մասնագիտությամբ դերասան եք, սակայն հաճախ ներկայանում եք Ձեր իսկ բեմադրած ներկայացումներով: Ի դեպ, դժվար չէ՞ լինել նույն ներկայացման և́ բեմադրիչը, և́ դերասանը:
-Դե, ցանկացած գործ ունի իր բարդությունը, բայց դրան զուգահեռ` նաև իր հաճելի և դրական կողմերը
-Էկրաններին, եթե չեմ սխալվում, Ձեզ հանդիպեցինք միայն «Շանթ» հեռուստաընկերության «Անծանոթը» սերիալում, որի կրկնությունը հիմա ցուցադրվում է: Այլ առաջարկներ չեղա՞ն, թե՞ «սերիալային» գործունեությունը Ձեր սրտով չէր:
-Այո, խաղացել եմ շատ փոքրիկ դեր «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալում և «Շանթ» հեռուստաընկերության «Անծանոթը» սերիալում: Դրանից հետո առաջարկներ եղան, բայց սկսեցի զբաղվել դասավանդմամբ և մեր անձնական գործով` «Պանտոլաբ»-ով: Սերիալային գործունեությանը ես բացարձակ վատ չեմ վերաբերում, եթե հիմա լինեն հարմար առաջարկներ, կածում եմ, սիրով կընդունեմ:
-Իսկ Գեղարվեստական ֆիլմո՞ւմ ինչու չենք տեսնում Ձեզ:
-Պոպուլյար գեղարվեստական ֆիլմերից առաջարկներ չեմ ստացել, սակայն խաղում եմ հեղինակային ֆիլմերում: Դրանցից վերջինը Արծրուն Գանջիլյանի «Ներեցեք, կարելի՞ է» ֆիլմն էր:
-Դուք բանաստեղծ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ Էդուարդ Զորիկյանի որդին եք, իսկ հայտնի ծնողների անունները երբեմն օգնում, երբեմն խանգարում են զավակներին: Ձեզ մոտ ո՞ր դեպքն է:
- Մենք արվեստի տարբեր բնագավառներում ենք աշխատում և ինձ հորս հայտնի լինելը ոչ օգնում է, ոչ էլ խանգարում (ժպտում է):
-Ձեր կինը մասնագիտությամբ դիզայներ-նկարիչ է, դերասանուհի: Նույն ոլորտի ներկայացուցիչները հաճա՞խ են վիճում:
-Մենք հիմնականում չենք վիճում, ամեն մեկս ունենք մեր տեսակետները, որոնք երբեմն համընկնում են, երբեմն` ոչ: Մի խոսքով` իրար հասկանում ենք:
-Խանդո՞տ ամուսին եք:
-Ոչ, բացարձակ խանդոտ չեմ: Եթե խանդոտ լինելը կյանքում որևէ բան փոխեր կամ օգներ, գուցե և լինեի:
-Կյանքում շա՞տ գաղտիքներ ունեք: Ի՞նչ գաղնիք կբացեք Aysor.am-ի ընթերցողի համար:
-Դե ցանկացած սուբյեկտի միտք կարելի է գաղտնիք համարել: Իմ վերը ասվածները կարող եք համարել դրանցից (ժպտում է):
-Հայկ, շնորհակալ եմ անկեղծանալու համար: վերջում մեզ հետ կիսվե՞ք Ձեր երազանքներով ու նպատակներով:
-Չեմ ցանկանա կոնկրետ թվել իմ երազանքները և նպատակները: Կասեմ ավելի գլոբալ. կուզենայի, որ մեր երկրում ստեղծվեին այնպիսի պայմաններ, որորնք թույլ կտային գոնե 5 տարվա կտրվածքով կյանքդ պլանավորել: Իմանայիր` այդ ընթացքում ե՞րբ և ինչի՞ կարող ես հասնել: