07/08/2015 10:22
Հայկական դուդուկը կհնչի Մոսկվայի Կանաչ թատրոնում
Օգոստոսի 14-ին աշխարհահռչակ դուդուկահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի և իր թիմակիցների մատուցմամբ հայկական դուդուկը կհնչի Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) Կանաչ թատրոնում: «Այժմ փորձեր ենք անում, նախապատրաստվում ենք համերգին: Հրավերը ստացել ենք ռուսական կողմից, ևս մեկ անգամ կհիշեցնենք մեր հայկական երաժշտության մասին»,- Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ջիվան Գասպարյան կրտսերը:
Խումբը կմեկնի ամսի 13ին, կվրադառնա համերգից անմիջապես հետո: Համերգային ծրագիրը կլինի միայն մեկ օր` մեկ ժամ տևողությամբ. «Բեմում հիմնականում 4 հոգով ենք լինելու, հնարավոր է, մեզ միանան նաև ռուս երաժիշտներ: Եթե չեմ սխալվում, ևս երկու հոգի մեզ կմիանան Սիբիրից»:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` համերգի շրջանակում նոր ծրագրով ելույթ կունենան նաև նեոդասական գործիքային «Two Siberians» դուետը և «Վոլգա» նախագիծը: