12/08/2015 10:31
Մահացել է Լևոն Մելիք-Շահնազարյանը. Հոգեհանգիստը՝ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում
Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Լևոն Մելիք-Շահնազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին Նոր-Նորքի 5-ի զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում` ժամը 18:00-ից 21:00-ն: Քաղաքական գործչին վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 13-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից:
Լևոն Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թ. Կիրովաբադում: 1974թ. ընդունվել է Տաշկենտի Ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտ: 1988թ. Մելիք-Շահնազարյանը տեղափոխվել է Արցախ: Եղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ:
Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Գանձակում հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: Իսկ 1991թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1992-1995թթ. ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է ԼՂՀ Ազգային ժողովի գերագույն խորհրդի նախագահությա ն անդամ:
Լևոն Մելիք-Շահնազարյանը 1997թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբ: Հեղինակել է ավելի քան 500 քաղաքագիտական վերլուծականներ և հոդվածներ:
Aysor.am-ի խմբագրակազմը ցավակցում է քաղաքագետի հարազատներին՝ ծանր կորստյան կապակցությամբ: