19/08/2015 19:10
Ես 36 տարեկան եմ, կինս` 20. Գոռ Մարտիրոսյանն ամուսնացել է ծանրորդ Վարդան Միլիտոսյանի դստեր հետ
Դերասան-երգիչ Գոռ Մարտիրոսյանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» հեռուստասերիալից, ամուսնացել է: Այդ մասին Aysor.am-ը տեղեկացավ հենց դերասանից: «Արդեն երկու ամսից ավելի է, որ ամուսնացել եմ: Երկար չենք հանդիպել` 1-2 ամիս: Ընդհանրապես, ես շատ դժվարությամբ եմ ընտրություն կատարում, բայց այս անգամ երկար չմտածեցի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչը Գոռին օգնեց այդքան շուտ ընտրություն կատարել, ավելին` ամուսնության որոշում կայացնել: «Նրա մարդկային տեսակը… Ես 36 տարեկան եմ, կինս` 20: Պատկերացնո՞ւմ եք, ես 16 տարեկան եմ եղել, երբ նա ծնվել է, բայց նոր եմ նրան հանդիպել: Կինս հոգեբան է, հոգիս պիտի բանա»,-ծիծաղելով մանրամասնեց նա:
Արդյոք նրանց միջև եղած տարիքային տարբերությունը տարրակարծության, ընտանիքների մեջ անհամաձայնության պատճառ չդարձավ. «Իրենց ընտանիքում ոչ-ոք դեմ չէր մեր միությանը, նույնիսկ նրա հայրիկը: Այ ինձ մի փոքր անհանգստացնում էր, բայց շփվելով մի քանի «մեծ» աղջիկների հետ` հասկացա, որ նրանց հետ հաստատ լեզու չեմ գտնի: Որոշեցի, որ սա է իմը ու վերջ: Իհարկե, սկզբում մի քիչ մտավախություն ունեի, բայց հետո ամեն ինչ անցավ: Իմ ընտաիքը նրան շատ սիրեց: Կարծես, մեր ընտանիքի անդամ լինի, մայրս նրան ծնած ու որոշ ժամանակ այլ տեղ թողած լինի, հետո տուն բերի»:
Ի դեպ, հարսնացուն հայ ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի դուստրն է` Սյուզի Միլիտոսյանը: Թեև նա չհասցրեց տեսնել դստեր ընտանիք կազմելը, բայց օրհնեց նրանց ապագա միությունը: «Նա գիտեր, որ ես կամ իր աղջկա կյանքում, պարզապես չհասցրեցինք ծանոթանալ: Ես իրեն ճանաչում էի ու հպարտանում` պատմությունից, նա ինձ` հեռուստատեսությունից: Քանի որ կինս ընդամենը 3 ամիս առաջ է կորցրել հայրիկին, բնականաբար, հարսանիք չենք արել: Ուղղակի գնացինք հյուր, պայմանավորվեցինք և հենց այդպես` սուս ու փուս իմ հարսիկին տուն բերեցի: Այ երբ բալիկ կունենանք, կծնվի, մեծ ու աննախադեպ հարսանիք կանենք»,-խոստացավ Գ. Մարտիրոսյանը:
Զույգը նաև ամուսնությունների գրանցման մատյանում չի ամրագրել միությունը: «Այդ պաշտոնական թերթիկը սուտ բան է: Հայրս ու մայրս 1000 տարի է` ամուսնացած են, բայց «Զագս»-ում գրանցված չեն, իսկ մարդիկ էլ կան հենց առաջին օրը «Զագս» են գնում, բայց երկու օր հետո բաժանվում են: Այնպես, որ դա ինձ համար ձևական բնույթ է կրում»,-կատակով նշեց նա:
Նորաստեղծ ընտանիքն ապրում է Գոռի ծողների հետ: Մեր այն հարցին, թե արդյոք չեն պատրաստվում առանձնանալ, վերջինս պատասխանեց. «Ես ուզում եմ, որ առանձին ապրենք, բայց կինս ասում է` ուզում ես` գնա ապրի, բայց ես մնալու եմ իմ հոր ու մոր հետ ապրեմ»:
Ինչ վերաբերում է նրա դերասասանական գործունեությանը, ապա դեռևս լուրջ նորություններ չունի: «Մանր-մունր առաջարկներ կան, բայց դեռ սպասում եմ: Այս ընթացքում մի քանի ֆիլմում եմ նկարահանվել, սակայն ոչ մեծ դերերում: Տեսնենք, ինչ կլինի»,-եզրափակեց դերասան երգիչը:
Aysor.am-ը շնորհավորում է նորաստեղծ ընտանիքին` ցանկանալով երջանիկ ու խաղաղ տարիներ: