19/08/2015 20:38
Ոչ մի «թղթիկ» բան չի փոխում, ինչպես ապրում էինք, այդպես էլ ապրում ենք. Ժակլին Սարխոշյան
ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանը մեկ ամիս առաջ իր անձնագրում ամրագրեց` ամուսնացած է: Aysor.am-ի հետ բալետի պարուհին անկեղծացավ ընտանեկան հարաբերությունների, գործնական առաջարկների, բեմից հեռանալու մտածմունքների մասին: Ի դեպ, հինգ տարի ընդմիջումից հետո Օպերայի և բալետի թատրոնի բեմում օրեր առաջ կրկին «Ժիզելն» էր, որում իր «փրկարար առաքելությամբ» հանդես էր գալիս առաջատար պարուհին:
-Ժակլին, դուք վերջին շրջանում Ձեր ամուսնու հետ հրավերով գտնվում էիք Բեյրութում: Որքա՞ն ժամանակ է՝ վերադարձել եք:
-Արդեն երկու ամիս է:
-Նոր առաջարկներ չեղա՞ն, թե՞ ինքներդ չցանկացաք գործունեությունը շարունակել այնտեղ:
-Իհարկե, առաջարկներ եղան: Հիմա էլ մի քանի տեղից հրավերներ ունենք, բայց դեռ քննարկում ենք մեկնելու հարցը:
-Այժմ ինչո՞վ եք զբաղված, արձակուրդային շրջանո՞ւմ եք, թե՞…
-Հուլիսի 4-ին հանդես եկա իմ կողմից բեմադրված «Երազ» ներկայացման մեջ, 7-ին «Օթելլո» ներկայացման մեջ` որպես Դեզդեմոնա: Արդեն պատրաստվում էի մեկնել հանգստանալու, բայց ինձ ընդգրկեցին «Ժիզել» բալետի մեջ. ցավոք, այն աղջկան, ով «Ժիզել»-ում պետք է երկրորդական դերում լիներ, դժբախտություն էր պատահել: Ես պետք է փրկեի իրավիճակը: Սակայն բեմական վերջին փորձի ժամանակ երկրորդ գործողության մեջ Ժիզելի դերակատար ընկավ և վնասեց ծունկը: Հենց նույն օրը ժամը 5-ին որոշեցին, որ ես եմ պարելու` առանց փորձի, առանց նվագախմբին լսելու: Ինձ ասացին. այն բնավորությունը, որ դու ունես, կարող ես մեզ փրկել (ժպտում է): Եվ ամսի 28-ին Ժիզել պարեցի…
-Թեև դուք 2000 թվականից ի վեր այդ ներկայացման մեջ գլխավոր կերպարում եք եղել` Ժիզել եք պարել, բայց, ամեն դեպքում, դժվար չէ՞ր 5 տարի ընդմիջումից հետո կրկին պարելը, դերի մեջ մտնելը:
-Այո, 5 տարի ներկայացումը չէր բեմադրվել: Այս անգամ, երբ որոշվեց բեմադրել, ես երկրից բացակայում էի: Նոր զգեստներով, դեկորներով էր բեմադրվելու: Դժվար չէր, քանի որ, ամեն դեպքում, 10 տարի պարել եմ այդ կերպարը: Եվ հետո, ժամանակ չունեի, հենց բեմում վերհիշեցի: Երբ երկրորդ կազմն էր պարում, այստեղ արդեն «դվոյկա»-յի, և ոչ թե Ժիզելի դերում եմ եղել… Նորից փրկել եմ (ժպտում է):
-Չնեղվեցի՞ք րկրորդական կերպարում հանդես գալուց:
-Դերասան ենք, ամեն ինչ պատահում է: Չպետք է մոռանանք, որ առաջնահերթ մարդ ենք, ու պետք է միշտ միմյանց օգնենք` ամբիցիաները մի կողմ դնելով:
-Հայաստաում օպերային թատերարվեստը, կարծեք, թե այնքան էլ պահանջված չէ: Նկատե՞լ եք, որքանով են երիտասարդները, և́ որպես մասնագետ, և́ որպես հանդիսատես` հետաքրքրված արվեստի այս ճյուղով:
-Իսկապես, մի պահ արվեստի այս ճյուղն այնքան էլ պահանջարկ չուներ, երիտասարդությունն էլ թատրոն չէր գալիս: Բայց արդեն երկու-երեք տարի է` զգում եմ, որ երիտասարդները սկսել են հետաքրքրվել, գալ: Մեր հանդիսատեսը շատ ջերմ ու հասկացող հանդիսատես է:
-Ո՞ր տարիքից պետք է սկսել բալետով զբաղվել, ունե՞նք համապատասխան դպրոցներ ու մասնագետներ:
-Մենք պարարվեստի քոլեջ ունենք, որը լավ ուսում է տալիս, այնտեղ հրաշալի մասնագետներ են աշխատում: Ասեմ, որ քոլեջում սկսում են պարապել 7-8 տարեկանից, բայց ես գտնում եմ, որ մինչ բալետի բերելը կարելի է տանել գեղարվեստական մարմնամարզության, որպեսզի երեխան նախապատրաստված լինի:
-Ժակլին, ինչպես սպորտում, այնպես էլ բալետում որոշակի տարիքից հետո «մարզչական» գործունեությամբ են զբաղվում: Դեռևս չե՞ք մտածում այդ ուղղությամբ:
-Արդեն 15 տարի է, ես նաև դասավանդում եմ…Իսկապես, ուզում եմ բեմից հեռանալ և ինձ լիովին նվիրել բեմադրելու և դասավանդելու արվեստին: Բայց ինձ դեռ չեն թողնում հեռանամ: Ասում են` մեզ պետք ես, փրկարար (ծիծաղում է):
-Ի դեպ, Ձեր իսկ բեմադրած «Երազ» ներկայացումը ընդգրկվել է Օպերայի և բալետի խաղացանկում…
-Այո, դա մեծ հաղթանակ և պատիվ է հատկապես կին բալետմայստերի համար, այն էլ այսքան երիտասարդ:
-Այսօր դուք մեր բալետի առաջատար պարուհիներից եք, ի՞նչ եք կարծում, հեռանալուց հետո արժանի հետևորդ կունենա՞ք:
-Ցավոք, դեռ ոչ մեկին չեմ տեսնում:
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ի՞նչ պատմեմ մեր ընտանիքի մասին. հասարակ, պոզիտիվ ընտանիք է (ժպտում է):
-Դե, օրինակ, Ձեր դստրիկի մասին:
-Սեպտեմբերին կլրանա նրա 20-ամյակը: Սովորում է Սլավոնական համալսարանում, 3-րդ կուրսում` Գովազդ և հասարակության հետ կապերի բաժնում:
-Ընտանիք եք կազմել «Բարեկամություն» անսամբլի փորձավար, առաջատար մենապարող Կարեն Մակինյանի հետ, մեկ ամիս առաջ էլ` հուիսի 19-ին, «Զագս»-ում ամրագրեցիք Ձեր միությունը: Ինչպե՞ս է ամուսնական կյանքը:
-Ոչ-մի արտառոց փոփոխություն չկա օրինական ամուսնությունից հետո: Մինչ այդ մենք երկու-երեք տարի էր, միասին էինք: Ոչ մի «թղթիկ» բան չի փոխում, ինչպես ապրում էինք, այդպես էլ ապրում ենք:
-Դուստրերը մայրերին միշտ խանդում են «օտար» տղամարդկանց նկատմամբ: Հետաքրքիր է Ձեր դստեր և Կարենի հարաբերությունները ինչպե՞ս է դասավորվել:
-Երևի թե նրա մոտ էլ խանդ կար, բայց կարողացել եմ նրան ամեն ինչ ճիշտ և ընկալելի բացատրել: Հիմա նրանք լավ ընկերներ են: Դժվարություններից պետք չէ փախչել, պետք է հաղթահարել:
-Չե՞ք մտածում ընտանիքը համալրելու մասին:
-Դեռ ոչ… Եթե Աստված ցանկանա` կլինի:
-Ժակլին, խանդո՞տ ամուսին է Կարեն Մակինյանը:
-Ոչ այդքան: Չափի մեջ է նրա խանդը:
-Ընտանիքում տարրաձայնություններ հաճա՞խ են լինում: Եթե այո, ապա ի՞նչ թեմաների շուրջ և առավել շատ ո՞վ է զիջողի դերում:
-Մեր տարրաձայնությունները լինում են զուտ պրոֆեսիոնալ «հողի» վրա, իսկ զիջողը միշտ Կարենն է (ժպտում է):
-Եղե՞լ են Ձեր կյանքում այնպիսի պահեր, որոնք կցանկանայիք ջնջել հիշողությունից, կենսագրությունից:
-Եղել են, բայց չեմ ցանկանա ջնջել, քանի որ ուժեղանում ես, երբ վատ օրեր ես տեսնում: Հետագայում գնահատում ես ամեն մի օրը, րոպեն, երբ դու երջանիկ ես և առողջ: Երջանկանում ես նաև դրանով, քեզ շրջապատող մարդիկ ևս առողջ ու ուրախ են: Չէ՞ որ իրենք են քո հարստությունը… Որոշ մարդիկ այդ ամենը չեն գնահատում, իսկ երբ հասկանում են, շատ ուշ է լինում: Այնպես որ, պետք է երբեմն էլ սխալվես, որպեսզի իմանաս` ճիշտը որն է, և մյուս անգամ նման սխալ չանես: