20/08/2015 19:51
«Դոգմա» խումբը Հայաստանում համերգային շրջագայություն կունենա
«Դոգմա» պրոգրեսիվ էթնիկ ռոք-մետալ խումբը օգոստոսի 20-ից 31-ը համերգային շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում: Համերգային շրջագայության մեջ ընդգրկված են հետևյալ քաղաքները՝ Վանաձոր, Գյումրի, Սիսիան, Ստեփանակերտ, Կապան, Գորիս, Արմավիր: Համերգները կանցացվեն յուրաքանչյուր քաղաքում առկա թատերական-մշակութային դահլիճներում, իսկ Գյումրի քաղաքի համերգը կլինի բացօթյա, որը տեղի կունենա քաղաքի կենտրոնական հրապարակում: Այս մասին հայտնում են «Ռոստելեկոմի» հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շրջագայության առաջնային և հիմնական նպատակը կենդանի համերգի` ողջ ատրիբուտիկայով համերգ կազմակերպելու փորձը և մշակույթը Հայաստանի մարզեր ներմուծելն է, մարզային հանրությանը միջազգային չափանիշներին համապատասխան ձայնային և լուսային բարձրակարգ սարքավորումներով համերգ մատուցելն ու դրա իրականացման ձևին ծանոթացնելը՝ հույսով, որ այս համերգները կարող են էտալոն դառնալ՝ մարզերում կենդանի համերգի կազմակերպման, և մարզային հանրության մոտ միանգամայն կփոխեն իրական երաժշտության, համերգային հնչողության մասին ունեցած պատկերացումները`վերջիններիս մոտ ձևավորելով երաժշտական բազմաշերտ ժանրեր ընդգրկող այլընտրանքային ճաշակ և դարձնելով մատուցված երաժշտության որակի հանդեպ առավել պահանջկոտ: Ինչպես նաև`այս օրինակը հետագայում կարող է կիրառելի դառնալ ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանյան երաժիշտների և խմբերի կողմից:
«Դոգման» շրջագայության կմեկնի Հայաստանում բարձրակարգ մասնագետներից կազմված տեխնիկական իր թիմով և համերգի անցկացման համար անհրաժեշտ այնպիսի տեխնիկայով, ինչպիսին ամբողջ աշխարհում կիրառվում է բարձր դասի երաժիշտների համերգների ժամանակ: