24/08/2015 14:46
Երևանում կկայանա «Սառույցի արքաները» շոուն՝ Եվգենի Պլյուշչենկոյի և Իրինա Սլուցկայայի հետ
Երևանում նոյեմբերի 20-ին կկայանա «Սառույցի արքաները» փառահեղ սառցե շոուն, որի մանրամասները ներկայացնում է «SHOWSTAR» ընկերության տնօրեն Սոնա Թանանյանը:
- Սոնա, որտե՞ղ է կայանալու շոուն:
- Շոուն տեղի կունենա Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կազմակերպել ենք մենք՝ Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ: «Սառույցի արքաները» հռչակավոր գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի և նրա գործակալ Արի Զաքարյանի նոր ծրագիրն է: Մեր հանդիսատեսի դատին կհանձնենք շոու, որը սառցե շոուների աշխարհահռչակ պրոդյուսեր Արի Զաքարյանը ստեղծել է հենց հայ հանդիսականի համար: Նախապես չեմ բացի փակագծերը և չեմ հայտնի բոլոր գաղտնիքները: Կասեմ միայն, որ շոու-համերգին մասնակցելու են հանրահայտ սպորտսմեններ և երգիչները: Մասնակիցների հոյակապ խումբ է հավաքվելու:
- Հստակ կնշեք, ո՞վ:
- Գեղասահորդներ Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Թոմաշ Վերները, Գև Մանուկյանը, Վախթանգ Մուրվանիձեն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը և Այդաս Ռեկլիսը, Գեղասահքի բալետի խումբը՝ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ և այլոք:
Շոուին կմասնակցեն նաև հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, մեր սիրելի երգիչ և երգահան Հայկոն, երգիչ Վախթանգը: Իհարկե սա մասնակիցների ամբողջական ցանկը չէ, ավելի ուշ մենք կտեղեկացնենք այլ մասնակիցների մասին, ովքեր նույնպես օլիմպիական չեմպիոններ և աշխարհահռչակ գեղասահորդներ են: Դա կլինի վառ ու կենդանի, ջերմ և բարի շոու:
- Մոտավորապես ի՞նչ տևողություն կունենա շոուն և ի՞նչ կարժենան տոմսերը:
- Շոուն կտևի շուրջ 3 ժամ: Տոմսերի արժեքները տարբեր են՝ սկսած 6000 դրամից: Գները, Պլյուշչենկոյի տաղանդի երկրպագուների համար, կարծում եմ, տանելի են, իսկ նման այլ շոուների կամ համերգների համեմատ՝ միանգամայն ընդունելի:
- Իսկ ո՞ր երկրներում է շոուն հաջողություն ունեցել:
- Կարելի է ասել, բոլոր: Շրջագայել են ամբողջ Եվրոպայում և բոլոր երկրներում դա եղել է մեծագույն իրադարձություն: Մեր եվրոպական գրասենյակը գտնվում է Լեհաստանում, և մենք հետևել ենք միջոցառման ընթացքին:
Եվգենի Պլյուշչենկոյի "Kings on ice" («Արքաները սառույցի վրա») շոուն Վարշավայում հավաքել էր հազարավոր հանդիսականների, Ազգային մարզադաշտի տրիբունաներում բառացիորեն ազատ տեղ չկար: Օլիմպիական չեմպիոնը իր Վարշավայում շշմեցուցիչ հաջողություն ունեցավ:
Երկու տարի առաջ «Սառույցի արքաները» շոուն մեծ հաջողություն ունեցավ Ռումինիայում, Լեհաստանում, Իտալիայում և այլ շատ երկրներում: Ակնհայտ է, որ այն մեծ համբավ է վայելում՝ չնայած գեղասահքի ոլորտի այլ շոուների նկատմամբ հետաքրքրության կորստի մասին հնչող կարծիքներին:
- Սոնա, պատմեք խնդրեմ ընդհանուր առմամբ շոուի, սցենարի, այլնի մասին:
-Այս շոուին բնորոշ է շատ փոփոխական կազմը, որում ընդգրկված են աշխարհահռչակ մի քանի գեղասահորդներ: Նրանցից մեկը Իրինա Սլուցկայան է: Հանրահայտ ռուս գեղասահորդուհի, ով 2002 թվականի օլիմպիական խաղերի արծաթե և 2006 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն, գեղասահքի պատմության մեջ առաջին մենակատար - Եվրոպայի յոթակի չեմպիոն, գեղասահքի համաշխարհային Գրան-պրի շարքի եզրափակիչների՝ աշխարհում առաջին մենակատար-քառակի հաղթող, 1999 թվականի Ունիվերսիադայի փոխչեմպիոն:
Շոուի բացման արարողությունը բեմադրել է Արի Զաքարյանը, որի ընթացքում յուրաքանչյուր գեղասահորդ կողջունի հանդիսատեսին՝ կատարելով իր նշանավոր պարային հնարքը:
«Սառույցի արքաները», ավանդույթի համաձայն, բացում է շոուի գլխավոր աստղ Եվգենի Պլյուշչենկոն՝ իր դրամատիկ «Storm» կարճ ծրագրով: Նվագակցելու է Էդգար Հակոբյանը: Երաժշտության հեղինակը հույն տաղանդավոր ինքնուս ստեղնաշարահար, երգահան Յաննին է: Նրա երաժշտությունը դրամատիկ և հուզումնալի զգացողություններ է առաջացնում, ինչը իդեալական է Պլյուշչենկոյի համար, քանի որ նրա ներկայությունը սառցադաշտում վերին աստիճանի հզոր և լիցքավորող է:
Հանդես կգա Բրիան Ժուբերը: Վերջինիս ելույթը այդ երեկոյի փոքրիկ հայտնությունը կլինի: Ժուբերը միշտ հայտնի է եղել իր ուժեղ տեխնիկայով և կենսախնդությամբ, սակայն այդ երեկո նրա ելույթը տրված կլինի հույզերին և զգացմունքներին:
Ես չէի ցանկանա առավել մանրամասնել, քանի որ այդ ամենը հարկավոր է դիտել: Հավատացեք Հայաստանում նման շոու դեռ չի եղել: Այնպես որ, ես հորդորում եմ բոլորին փոքրիկ տոն կազմակերպել իրենց ընտանիքների և մտերիմների համար՝ հայտնվելով բարու, անկրկնելի ու անմոռանալի հույզերի մթնոլորտում:
Կավելացնեմ միայն, որ շոուն կեզրափակի Եվգենի Պլյուշչենկոն՝ նոր “El Tango de Roxanne” ազատ ոճի ծրագրով: Ելույթը դարձյալ կլինի լիցքավորող՝ փայլուն թռիչքներով, այդ թվում բարդագույն:
- Իսկ ո՞վ է որոշում մասնակիցների կազմը:
- Իհարկե պրոդյուսեր Արի Զաքարյանը: Իմ կարծիքով դա փայլուն կազմ է՝ նշանավոր և բազմազան, որում ընդգրկված են գերաստղեր:
- Սոնա, ես լսել եմ, որ Եվգենի Պլյուշչենկոյի երկրպագուները իրենց պատրաստակամությունն են հայտնել որպես վոլոնտյորներ օգնել շոուի կազմակերպչական հարցերում:
- Ցանկացած օգնություն ողջունելի է: Մեր առաքելությունն է մարդկանց ցուցադրել բարձր մակարդակի գեղասահք և ապահովել հոյակապ ներկայացում: Ես համարում եմ, որ ԱՊՀ-ում ամենահրաշալի գեղասահորդներն են: Օրինակ, Եվգենի Պլյուշչենկոն վիրահատությունից կարճ ժամանակ անց կատարեց 8 եռակի ակսել, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է նրա հրաշալիության և առնականության մասին: Մեծագույն պատիվ է նման հոյակապ մասնակիցներով շոուի կազմակերպիչ լինելը:
-Էլ ինչո՞վ կզարմացնեք հանդիսատեսին:
- «Սառույցի արքաները» սառցե շոուն արդեն իսկ փառահեղ է: Այն պետք է դիտի իրեն հարգող յուրաքանչյուր մարդ: Կասեմ ավելին, երեխաների և դեռահասների համար այս շոուն դիտելը ուղղակի պարտադիր է:
Կավելացնեմ միայն, որ մեծ անակնկալ է սպասվում: Մի փոքր համբերեք և կհամոզվեք: