26/08/2015 13:19
Սկանդալային նկարչուհու կտավները այսօրվանից կհանվեն վաճառքի
Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ նկարչուհի Էմմա Թումանյանի անհատական ցուցահանդեսը: Aysor.am-ը ընթերցողներին է ներկայացնում նկարչուհու աշխատանքներն ու նրա հետ զրույցը:
-Էմմա, որքանո՞վ է հնարավոր գույնով արտահայտել մարդու հոգեվիճակը:
-Գույնը ամենուր է, բոլոր գացմունքերի մեջ գույն կա, յուրաքանչյուր միտք ու հոգեվիճակ իր գույնն ունի: Աշխարհն առանց գույների հնարավոր չէ պատկերացնել: Երբ ուզում ենք ասել, որ մարդը դժբախտ է, ասում ենք՝ նա անգույն ժպիտ ունի, կամ աշխարհը գունազրկվեց նրա համար: Այսինքն գույնը ուրախության, սիրո և երջանկության արտահայտությունն է: Եվ հենց գույներով է հնարավոր արտահայտել մարդու հոգեվիճակը:
-Դու երիտասարդ ես ու պիտի գերիշխեն քեզ մոտ լույսն ու երազանքները , բայց, կարծես, ցավ ու կսկիծ կա քո նկարներում:
-Իմ նկարներում մեզ շրջապատող կյանքն է իր բոլոր կողմերով: Մեր այսօրվա կյանքում, ցավոք, շատ է ցավն ու կսկիծը: Ամեն քայլափոխի հանդիպում ես խնդիրների ու հոգսերի բեռի տաք կքած մարդկանց, հանդիպում ես արտագաղթի մասին մտմտող, օրվա հացի խնդիր լուծող հայերի: Այդ ամենը, ինչպես յուրքանչյուրին, այնպես էլ ինձ, չի կարող անտարբեր թողնել: Ես դրանք խորն եմ ապրում ու ծնվում են իրականւթյունը արտացոլող նկարներ:
-Ցասումը, բողոքն ու զարույթն արտահայտելու համար ո՞ր ոճն ու գույներն են նախընտրելի:
-Ինչպես մեդալն ունի երկու կողմ, այնպես էլ բոլոր զգացմունքներն ունեն երկու երես, երկու կողմ, երկու ծայր: Եթե կա բողոք, ուրեմն կա նաև համակերպում, եթե կա զայրույթ, ուրեմն հեռու չէ նաև ներումը, ինչպես սիրո հետ համաքայլ է ատելությունը… Երբ շատ զայրացած եմ լինում, ներկում եմ «սևը կարմիրի համադրումով»: Բայց, ընդհանրապես, գույները ինձ մոտ վերածվում են խաղի և կախված այն բանից, թե որքան զայրույթ եմ արտահայտում և որքան թախիծ՝ փոխվում է այս կամ այն գույնի նրբերնգը:
-Իսկ սերը՞, ի՞նչ գույն ունի սերը:
-Սերը (ժպտում է)… բոլոր տաք գույները սեր են` ալ կարմիրը, երկնագունը, սպիտակը… Երբ գույնը սկսում է «ժպտալ», ուրեմն նա սեր է:
-Բավականին շատ նկարներ ունես: Նվիրո՞ւմ ես, թե՞ վաճառում:
-Oգոստոսի 26-ից սկսած՝ ցուցահանդեսի ավարտից հետո, կտավներս հանվում է վաճառքի: Առանց դրա նկարիչը չի կարող կենսունակ աշխատել:
-Հիմնականում ովքե՞ր են գնորդները:
-Նրանք ում համար արվեստն առաջին տեղում է…