26/08/2015 12:53
Հայաստանում ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար պետք է ունենալ նաև Ղարաբաղի քաղաքացիություն. Կարեն Հովհաննիսյան
Որոշ ժամանակ առաջ դերասան Կարեն Հովհաննիսյանին հաճախ էինք հանդիպում էկրաններին: Aysor.am-ը նրա հետ զրուցեց` տեղեկանալու իր կյանքում տեղ գտած ստեղծագործական և անձնական նորություների, էկրանային բացակայության պատճառների ու այսօրվա զբաղվածության մասին:
-Կարեն, Ձեզ մի շրջան հաճախ էինք հանդիպում ֆիլմերում, սերիալներում: Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանի պասիվությունը:
-Դա այդքան էլ այդպես չէ. տարբեր ֆիլմերից ունենում եմ հրավերներ, թեև, հիմնականում, երկրորդական դերերով: Իսկ վերջին շրջանի պասիվությունս կապված է ավտովթարի հետ, որից, անկեղծ ասած` հրաշքով փրկվեցի: Հիմա ստիպված եմ շատ հրավերներ և գործնական առաջարկներ մերժել, քանի որ առողջական վիճակս դեռևս թույլ չի տալիս աշխատել:
-Ե՞րբ է եղել, ի՞նչ ավտովթար:
-Երկու ամիս առաջ ավտոմեքենայով կողաշրջվել եմ:
-Ձեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում… Դուք այսօր նաև որևէ թատրոնում հաստատված չեք: Ինչո՞ւ:
-Թատրոն մտում են ոչ թե աշխատելու, այլ թատրոնով ապրելու: Գաղտնիք չէ, որ չնայած թատրոնում դերասանը ծախսում է ժամաակի մեծ մասը, բայց ստանում է չնչին աշխատավարձ: Ինչպե՞ս եք պատկերացնում թատրոնի աշխատավարձով ընտանիք պահելը:
-Ֆիլմեր հաճախ չեն նկարահանվում, բնականաբար, «պարապ» ժամանակ շատ եք ունենում…
-Կարելի է ասել` ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում: Փոքր բիզնես ունեմ, որին տրամադրում եմ ժամանակիս մեծ մասը: Դրան զուգահեռ` որպես հանդիսավար անցկացնում եմ կորպորատիվ երեկոներ, միջոցառումներ, հարսանիքներ: Նաև զբաղվում եմ էքստրեմալ ավտոսպորտով… Մնացած ժամանակս անցկացնում եմ ընտանիքիս հետ:
-Շատերն այսօր թատրոնից հրաժարվում են ցածր աշխատավարձի պատճառով: Փաստորեն, Ձեր դեպքո՞ւմ էլ թատերական «անգործությունը» դրանով է պայմանավորված:
-Թերևս` այո: Ցավալի է, բայց Հայաստանում կա ապրելու, գոյատևելու խնդիր, որի պատճառով շատ դերասաններ ստիպված լքում են թատրոնը` փորձելով իրենց գտնել այլ բնագավառներում: Չէ՞ որ ոչ մի ծնող չի ցանկանում իր երեխային տեսնել սոված, կամ պատռված հագուստով:
-Որպես դերասան, ինչպե՞ս եք գնահատում հայկական կինոոլորտի գործունեությունը:
-Չեմ կարող միանշանակ պատասխանել: Լինելով այդ բնագավառում` տեսնում եմ կինոոլորտի և́ թերությունները, և́ դժվարությունները, ինչու ոչ` նաև առավելությունները: Ուրախացնող փաստ է, որ կա ինտուզիազմ, ցանկություն: Ամեն դեպքում, հայկական կինոն բարձր մակարդակի հասցնելու համար դեռ շա~տ-շա~տ անելիքներ կան:
-Կարեն, ինքներդ ի՞նչը կբացառեիք մեր սերիալներում և ֆիլմերում:
-Նախ և առաջ սերիալը պետք է ասելիք ունենա, որ ինչ-որ բան բացառես: Ինձ հաճախ թվում է, որ հայկական սերիալներում միայն վերնագիրն է փոխվում, սյուժեն նույնն է, գործողությունները կատարվում են նույն վայրերում, նույն դերակատարներով: Ամեն դեպքում, պետք է բացառել մոնոտոնությունը և միապաղաղությունը: Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, կարծում եմ, որակյալ և ստացված ֆիլմ նկարելու համար պետք է լինի հստակ բյուջե, պրոֆեսիոնալ ստեղծագործական, տեխնիկական և դերասանական անձնակազմ:
-Ասում են, հաջողված ու հաջողակ դերասան լիելու համար պետք է լինել համբերատար, կենսախինդ և լավատես… Այդպե՞ս է:
-Հայաստանում ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար պետք է ունենալ նաև Ղարաբաղի քաղաքացիություն (ծիծաղում է):
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Ի՞նչ մասնագետ է Ձեր կինը:
-Ընտանիքս կյանքիս ամենալուսավոր, ամենապաշտելի սրբությունս, կյանքիս մեծագույն պարգևն է: Ունեմ երկու որդի, սիրելի կին: Կցանկանայի, որ բոլոր հայ ընտանիքներում լիներ նույնքան սեր, փոխըմբռնում և փոխադարձ հարգանք:
-Արվեստի աշխարհի մարդկանց կյանքը, առօրյան առավել ազատ է, իսկ հայ կանայք որքան համբերատար, այնքան էլ խանդոտ են: Ձեր մասնագիտության հետ կապված խնդիրներ չե́ն առաջանում ընտանիքում:
-Սկզբնական շրջանում նման բան կար, բայց հետզհետե փոխադարձ վստահություն ձևավորվեց: Նման դեպքերում խանդը մղվում է երկրորդ պլան (Ժպտում է):
-Ինքներդ խանդին ինչպե՞ս եք վերաբերում:
-Կարծում եմ, չափավոր խանդը նույնիսկ պարտադիր է:
-Ձեր ընկերները Ձեր ստեղծագործական միջավայրի՞ց են, թե նրանց փնտրում եք արտիստների շրջապատից դուրս:
-Տարբեր բնագավառներից ընկերներ ունեմ: Ինձ համար կարևորը մարդու հոգևոր արժեքներն են, այլ ոչ թե մասնագիտական ուղղվածությունը:
-Ինչպիսի՞ն է մթնոլորտը դերասանական դաշտում:
-Կոնկրետ ինձ համար շատ հաճելի ու հարազատ միջավայր է: Իհարկե, առանձին դեպքեր լինում են, բայց դրանց համար ունեմ մի կարգախոս. «Մարդուն վերևից պետք է նայել մի դեպքում. Երբ ձեռք ես մեկնում նրան բարձրացնելու»:
-Կա՞ն մարդիկ, որոնց հետ փորձում եք խուսափել նույն նկարահանման հրապարակում հայտնվել:
-Ճիշտն ասած` ինձ համար միևնույն է, բայց գոյություն ունի դերասանական էթիկա: Դերասանը բեմում և նկարահանման հրապարակում առաջին հերթի խաղընկերոջ համար է խաղում: Այդ մասին գիտեն բոլոր կիրթ և գրագետ դերասանները: