27/08/2015 10:27
«Վտանգավոր խաղեր»` Արմեն Զարգարյանի, Հարություն Մովսիսյանի, Ռազմիկ Մանսուրյանի, Աննա Պանիի մասնակցությամբ
«Dimm media group»-ը և «USA Armenia TV»-ն ձեռնարկել են նոր բազմասերիանոց ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այս ընկերությունների նախաձեռնությամբ ժամանակին նկարահանվել են նաև «USA Armenia»-ով և «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Կտակով թագուհին», «Էմիգրատները», «Մեղավորները» և լիամետրաժ «Անմեղ մեղավորները» ֆիլմերը: «Վտանգավոր խաղեր». այսպես է կոչվում նոր հեռուստասերիալը, որը օգոստոսի 24-ից արդեն իսկ ցուցադրվում է «USA Armenia» հեռուստաընկերության եթերում, նաև ինտերնետային «Guavor.Tv»-ով:
«Սերիալի նկարահանումները սկսել ենք նախորդ ամիս` ԱՄՆ-ում: Հայաստանյան ցուցադրումների մասին շուտով կտեղեկացնենք: Շատ հետաքրքիր դերասանական կազմ է ընդգրկված, ովքեր նոր շունչ ու ասելիք են հաղորդում մեր սերիալին»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց սերիալի իրանահայ ռեժիսոր Անաշ Խոդավերդին:
««Վտանգավոր խաղեր»-ում ներկայացվում է մի տղայի պատմություն, ով բոքսի չեմպիոն էր: Երիտասարդը ժամանակավորապես մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` մենամարտելու գումարի համար: Ամեն ինչ հերոսի ցանկությամբ չի ընթանում և նա մնում է ԱՄՆ-ում: Տղային այնպես են ծեծում, որ ընկնում է հիվանդանոց, դառնում հաշմանդամ: Թեև Երևանում իրեն սպասող նշանած ուներ, բայց սերը նրան այցելու է նաև հայրենիքից դուրս»,-սերիալի մասին մանրամասնեց ռեժիսորը:
Սցենարիստը Անուշիկ Պետրոսյանն է, պրոդյուսերը` Դավիթ Ադամյանը, գլխավոր հերոսի` Մարկի դերում հանդես է գալիս Արմեն Զարգարյանը:
«Ֆիլմում նկարահանվել են նաև Հարություն Մովսիսյանը, Շահեն Բադալյանը, Խաչատուր Հունանյանը, Մարինա Մինասյանը, Գայանե Մարտիրոսյանը, Սուսաննա Նիդելյանը, Լուսինե Գասպարյանը, Դավիթ Սարգսյանը, Աննա Պաննին… Ընթացքում մեզ կմիանա նաև Ռազմիկ Մանսուրյանը»,-նշեց մեր զրուցակիցը:
Սերիալն ունի նաև իր սաունդթրեյքը: Էդգար Ալեքսանյանի երաժշտությամբ և Գևորգ Եղիազարյանի խոսքերով գրված «Օտարություն» երգի կատարումը վստահված է Գոռ Եփրեմյանին: