27/08/2015 17:25
«Հավես չկա» և «Թափթփված Թագուհին». Նոր մանկապատանեկան կատակերգական ֆիլմեր՝ հայկական կինոշուկայում
Սցենարիստ, ռեժիսոր, երգահան, մոնտաժող, «Հեքիաթֆիլմ» կինոնախագծի հիմնադիր և հեղինակ Նարինե Մնացականյանը շուտով նոր ու գեղեցիկ անակնկալներ կմատուցի բոլոր 0-ից բարձր տարեկաններին: «Հավես չկա» և «Թափթփված Թագուհին»` այսպես են կոչվում մանկապատանեկան կինոկատակրգությունները:
«Ֆիլմերի սյուժեներն ունեն հիմնական նպատակ, սկզբունքներ, որոնք «Հեքիաթֆիլմի» հիմքն են: Մեր նպատակն է՝ հանդիսատեսին ի ցույց դնել՝ իրական կյանքում մարդկանց գործած սխալները և, մատնանշելով դրանց բացասական հետևանքները` փորձել հեռու պահել բոլորին վարքագծի նմանօրինակ դրսևորումներից: Եթե մեզնից յուրաքանչյուրը նման մի քայլ անի, աշխարհում խաղաղություն կտիրի: Դա է «Հեքիաթֆիլմի» երազանքը: Այդ իսկ պատճառով, մենք որոշել ենք այսուհետ մեր ֆիլմերը մատուցել անգլերեն թարգմանությամբ, որպեսզի մեր բարի նպատակը հնարավորինս հեռու հորիզոններ լուսավորի: Այդ հարցում մեզ օգում են թարգմանիչներ Ալեքսանդր Հարությունյանը և Անժելիկա Հովհաննիսյանը, ինչի համար շատ շնորհակալ եմ: «Հեքիաթֆիլմի» ֆիլմերն անվանում ենք մանկապատանեկան, քանզի մեր մոլորակի ապագան հենց երեխաներն են, և աշխարհում որևէ դրական փոփոխություն կատարելու համար պետք է ամեն ինչ սկսել հենց նրանցից»,- Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ն. Մնացականյանը:
Ֆիլմերի սցենարների հեղինակները Նարինե և Գայանե Մնացականյաններն են: Մեր այն հարցին, թե ովքե՞ր են ընդգրկված դերասանական կազմում և արդյոք դժվար չէ՞ աշխատանքը պատանի դերասանների հետ, ռեժիսորը պատասխանեց. «Ֆիլմերում նկարահանվել են դերասաններ Արմեն Թադևոսյանը, Լաուրա Ավագյանը, Մարիաննա Ղազարյանը, Մանե Գաբրիելյանը: Պատանի դերասաններ Հենրիկ Վարդանյանը, Մարիաննա և Արամ Հակոբյանները, Էլեն Թադևոսյանը (դերասան Արմեն Թադևոսյանի դուստրը), Մարի Սարգսյանը, պատանի երգիչներ Նարեկ Վարդանյանը ( «Junior Evrovision» և «Новая Волна» մրցույթների նախընտրական փուլերի մասնակից) և Էլեն Սահակյանը: Էպիզոդիկ դերերում նույնպես հրաշալի երեխաներ են նկարահանվել: Երեխաների հետ, նախևառաջ, շատ հաճելի է: Ու քանի որ նրանց անչափ շատ եմ սիրում, բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի»:
Թե ե՞րբ այս երկու կինոկատակերգությունները էկրաններին կլինեն` դեռևս պարզ չէ: Ինչպես նշեց մեր զրուցակիցը` ֆիլմերը մարդկանց նման են՝ ունեն ճակատագիր, հաջողություն և խելք: Հուսանք, որ լավ կյանք է սպասվում այս նորածին երկու ֆիլմերին:
Ռեժիսորը, հանդիսանալով նաև ֆիլմերի մոնտաժողը, երաժշտական ձևավորումը ևս ինքն է կատարել` օգտվելով մեր և այլազգի երաժշտարվեստի մեծամեծերի ստեղծագործություններից: «Կարծում եմ, երեխաների երաժշտական ճաշակի ձևավորումը նույնպես կարևոր խնդիր է: Եթե դեռ առիթ չեն ունեցել լսելու, ինչո՞ւ ոչ, թող ֆիլմերի միջոցով ծանոթանան մեծն Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և այլոց ստեղծագործություններին»,- նշեց մեր զրուցակիցը:
«Հավես չկա» և «Թափթփված Թագուհին» մանկապատանեկան կատակերգական ֆիլմերի վրա աշխատում են նաև պրոդյուսեր Մարիետա Շահբազյանը, բեմադրող օպերատորներ Վանիկ Մարիկյանը և Հովհաննես Հակոբյանը, դիմահարդար Անահիտ Թորոսյանը: