28/08/2015 20:30
«Շարմ» ընկերության նոր ֆիլմն էկրաններին կլինի 2016 թվականին. Լուսանկարներ
Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում «Շարմ» ընկերությունը ֆիլմ է նկարահանում: Այն Script-reality և գեղարվեստական ֆիլմի խառնուրդ է:
«Հստակ ոճային առանձնահատկություն չունի: Ֆիլմում կան և́ կատակերգական, և́ դրամատիկ հատվածներ, սակայն ես ֆիլմին որևէ ուղղվածություն չեմ տվել: Այս ոճն առավել մեծ տարածում ունի ԱՄՆ-ում, Ռուսաստանում, այժմ այն փորձում եմ կիրառել հայկական կինոշուկայում: Հավատացեք, հնարավոր չէ «ադի-բուդի» գնել ու գնալ կինոթատրոն` այն դիտելու»,- Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ռեժիսոր Վահե Յանը:
Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Արամ և Անետ», տղայի և աղջկա պատմություն է:
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով նրանցից մեկն` Ամերիկայից, մյուսը` Ֆրանսիայից, գալիս են Հայաստան: Այնպես է ստացվում, որ այս երկուսը հանդիպում են, սիրահարվում… Ֆիլմում ամենակարևոր հատվածներից մեկն էլ դրսի և Հայաստանում ապրող հայերի մեջ տարվող զուգահեռներն են` տարբերություններն ու նմանությունները, երկու կենցաղների բախումը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Սցենարի հեղինակը Կարինե Խոդիկյանն է, նկարահանումները կատարվում են միայն Հայաստանում, հիմնականում` Երևանում: Ֆիլմում նկարահանվել են Վարդան Հովսեփյանը, Արփինե Իսրայելյանը, Տաթև Հովակիմյանը, Ռոզի Ավետիսովան, Իշխան Ղարիբյանը, Էդուարդ Գասպարյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Հակոբյանը, Սարգիս Հակոբյանը և այլք:
«Հիմնականում, բոլորն էլ իմ ընկերներն են և ես շատ ուրախ եմ, որ իրենք համաձայնել են մասնակցություն ունենալ այս նախագծում` քաջ գիտակցելով, որ իրենցից ոչ-ոք գլխավոր դերում չի լինելու: Գլխավոր կերպարների` տղայի և աղջկա դերերը մարմնավորում են ռեժիսուրայի բաժնի ուսանողներ Մերի Մկրտչյանը և Անդրանիկ Բաբայանը: Այնպես որ, գլխավոր հերոսները հանրությանը հայտի չեն, իսկ հանրությանը հայտնի դերասանները խաղում են երկրորդական դերերում»,- նշեց Վ. Յանը:
Արդյոք այս մոտեցումը միտումնավո՞ր էր հարցին ռեժիսորը պատասխանեց.
«Նախ և առաջ, ես սկզբում ընտրեցի գլխավոր կերպարներին. արտաքնապես և ներքին դինամիկայով այնպիսի մարդկանց, որոնց տեսնելով կհավատայի, որ իսկապես, մեկն ամերիկահայ, իսկ մյուսը ֆրանսահայ է: Նաև ինձ համար շատ կարևոր էր, որ իրենք հայտնի չլինեն, այդպես ավելի ճշմարտանման կլինի»:
Նման ֆիլմերի հիմքում հաճախ ընկած են լինում իրական պատմություններ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս ֆիլմի սցենարը ևս ու՞նի իր նախապատմությունը.
«Թեև, ֆիլմը իրական պատմության հիման վրա չի նկարահանվում, բայց չեմ զարմանա, եթե հետագայում պարզվի, որ այս ընթացքում նման պատմություններ եղել են: Բնական է, որ մարդիկ կարող են տարբեր երկրներից գալ, այստեղ միմյանց տեսնել, սիրահարվել, ամուսնանալ ու որոշել իրենց հետագա կյանքը շարունակել Հայաստանում: Այլ բան է` հեռվից սիրել երկիրը, բոլորովին այլ բան` գալ քո երկիր ու զգալ քո արմատների ձգողությունը, ինչն էլ կատարվում է մեր ֆիլմի հերոսների հետ»:
Նշենք, որ ֆիլմի տևողությունը կլինի մոտ 1 ժամ 30 րոպե:
Թեև ռեժիսորը դժվարացավ հստակ ժամկետ նշել, սակայն այն, հավանաբար, էկրաններին կլինի 2016 թվականի սկզբին: