01/09/2015 14:11
«Երևանյան Հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Երևանում հարմերգ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումը
«Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 3-ին, ժամը 20:00-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ հայտնի դիրիժոր Զուբին Մեթանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի մամուլի ծառայությունից:
Այցելության շրջանակներում նվագախմբի դիրիժոր Զուբին Մեթան կունենա նաև մամուլի ասուլիս:
Նշենք, որ դիրիժորի պատմական այցը Հայաստան իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, համակարգող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Հիշեցնենք, որ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել հինգ աշխարհամասերի լավագույն բեմերում՝ հանդիսանալով աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժոր», ինչպիսիք են Նյու Յորքի, Վիեննայի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը:
Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվ տիտղոսների և մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է: Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի։
2011թ․-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել նաև Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը լավագույներից է աշխարհում: Գոյության 80 տարիների ընթացքում այն գրավել է աշխարհի առաջատար մշակութային բեմերը և հյուրընկալվել ամենահեղինակավոր երաժշտական փառատոններում: