01/09/2015 19:12
«Ամբողջ ազգը ծնունդս է նշում, բոլորը սիրուն հագնված են». Ընկերները վերհիշում են Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրերը
Շատերն այսօր մտաբեում են իրենց դպրոցական, ուսանողական տարիները, առաջին սերն ու ընկերական հավաքույթները, սեպտեմբերմեկյան տոնակատարություններն ու միջոցառումները: Հենց այս տոնական օրն է լույս աշխարհ եկել լուսավոր մի մարդ` դերասան, շոու-մեն Մարկ Սաղաթելյանը: Ավաղ, արդեն երրորդ տարեդարձն է, ընկերները ոչ թե նրան բաժակաճառեր են նվիրում, այլ` հիշում թախիծով ու ափսոսանքով:
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն Aysor.am-ի հետ զույցում նշեց, որ ընկերոջ և գործընկերոջ շնորհիվ` իր կյանքում սեպտեմբերի 1-երը տոնի վերածվեցին նույնիսկ դպրոցն ու համալսարանը ավարտելուց հետո:
«Դպրոցն ավարտելուց հետո մարդկանց կյանքում աշնան առաջին օրը դառնում է հասարակ, մնացածից ոչնչով չտարբերվող մի օր: Սակայն ես` Մարկի շնորհիվ, մինչ այսօր սեպտեմբերի 1-ը որպես տոն եմ նշում: Նա միշտ ասում էր. «Ամբողջ ազգը ծնունդս է նշում, բոլորը սիրուն հագնված են, ձեռքներին ծաղիկներ ունեն: Սեպտեմբերի 1-ին միշտ աշխուժություն է փողոցում»»:
Ռեժիսոր, դերասան, հաղորդավար Արմեն Թադևոսյանը չի սիրում, երբ Մարկի մասին անցյալով են խոսում:
«Մարկն այսօր նույնպես մեր կողքին է: Թող` ոչ ֆիզիկապես, բայց մեզ հետ է: Չէ՞ որ քանի դեռ մարդուն հիշում ես՝ նա ողջ է: Այնպես որ, Մարկի դեպքում սա պարզապես անմահություն է»,- նշեց մեր զրուցակիցը:
Վերհիշելով Մարկ Սաղաթելյանի ծննդյան սեպտեմբերի 1-երը` Ա. Թադևոսյանը պատմեց.
«Հաշվի առնելով, որ Մարկը շատ ջերմ, կյանքը սիրող մարդ էր, բնականաբար, ծննդյան օրերն անցնում էին շատ ուրախ: Ընդհանրապես, նա ապրում էր տվյալ օրով, հաճույք ստանում ցանկացած օրվանից: Գուցե հոգու խորքում տխրեր, բայց դա ցույց չէր տալիս… Հիշում եմ` ավտոպատահարից մի քանի ամիս անց իր ծննդյան օրը նա դեռ հիվանդանոցում էր, իսկ ես քաղաքում չէի: Զանգահարեցի, շնորհավորեցի ու հարցրեցի, թե ի՞նչ է անում: Ուրախ-ուրախ պատասխանեց` eրեխեքս փուչիկներ են բերել, խաղում ենք փուչիկներով: Անգամ այդ դժվար օրերին նա լավատես էր»:
Մարկի հեռանալուց հետո ընկերների կյանքի այդ հարթությունում դատարկություն է, սակայն` զուտ ֆիզիկական դատարկություն:
«Վերջին ժամանակահատվածում նա հիմնականում բնակվում էր Մոսկվայում: Հաճախ զանգում էր ու ասում` գիտես, մի հատ համերգային կամ հետուստատեսային պրոյեկտ եմ մտածում անել: Ուզում եմ` դու էլ «կպնես»: Հիմա էլ, կարծես, սպասում եմ, որ մի օր նորից կհնչի նման զանգ…Շատ լավ ընկեր էր Մարկը»,- եզրափակեց Արմեն Թադևոսյանը: