02/09/2015 20:21
Եղիշե Պետրոսյան. Մեր արվեստը չի վերջանում հարսանիքներում կամ լուրջ նպատակ չհետապնդող հեռուստաշոուներում
Յուրաքանչյուր մասնագիտության համար դարբնոցը կարևոր է: «Արձագանք» ստուդիան ժամանակին նմանատիպ մի դարբնոց էր հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար:
Երկարատև լռությունից հետո այսօր այն կրկին իր դռներն է բացել երգիչ-երգչուհիների առջև: Այս մասին Aysor.am-ին հայտնեց երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանը.
««Արձագանք» ստուդիան փակվեց Մարզահամերգային համալիրը ԲԱՄՕ-ին վաճառելուց հետո: Փաստացի, ստուդիան չէր գործում 2007թվականից: Այն վերագործարկվեց 2015թ. գարնանից, երբ ավարտվեցին ակուստիկ և տեխնիկական վերջին փոփոխությունները: Թեև չունենք սեփական շենք և տարածքը վարձակալում ենք, սակայն աշխատելու և փորձը փոխանցելու մեծ ցանկություն ունենք»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ ստուդիայում «մաստեր-կլասներ» կանցկացնի Ֆրանսիայից հրավիրված Ալեքսանդր Ֆերնանդեսը, ով լիարժեք պրոֆեսիոնալ կրթություն ստացած հնչունային ռեժիսոր է:
Իսկ հարցին, թե ինչո՞վ այսօրվա բազում ստուդիաների շարքում կառանձնանա վերաբացված «Արձագանքը»` նա պատասխանեց.
«Իրականում, մեր խնդիրն է միջազգային շուկայի ստանդարտներին համապատասխան ձայնի տեխնիկական որակ ապահովել: Ի վերջո, մեր արվեստը չի վերջանում հարսանիքներում կամ ոչ մի լուրջ նպատակ չհետապնդող հեռուստաշոուներում: Աշխահին հայտ ներկայացնելու խնդիր կա: Մենք տեխնիկական կողմը ապահովում ենք, մնացածը ժամանակի և փնտրտուքի հարց է: Սա միջազգային ստանդարտի ստուդիա է` պրոֆեսիոնալ մասնագետներով, ովքեր գիտեն անգամ վերնիսաժում վաճառվող ամեն մի սովետական միկրոֆոնի պարամետրերը, գիտեն նաև միջազգային ստանդարտները և պահանջները»:
Ինչ վերաբերում է փորձարարական դպրոց-ստուդիային,ապա դրա նպատակն է քաջալերել օժտված ստեղծագործող անհատներին, ուղղորդել նրանց ու ներկայացնել:
«Մենք մեր ուսերին չենք վերցնի ամբողջ Հայաստանի բեռը,այլ կսահմանափակվենք մեր ստուդիայի ուղեծրում գործող անհատներով, ի վերջո մենք մասնավոր կազմակերպություն ենք և կողմնակի ֆինանսավորում չունենք: Կփորձենք մեր հնարավորության սահմաններում տաղանդներ բացահայտել: Ինչ վերաբերում է երեխաներին՝ այո, նրանց պետք է սովորեցնել»,- ասաց մեր զրուցակիցը:
Այսօր շոու-բիզնեսի դաշտը լրացնող շատ երգիչ-երգչուհիեր «Արձագանքի» դպրոցն են ավարտել: Արդյոք նրանք ևս տեղ կգտնե՞ն սովորեցնողների կողքին: Եվ, ընդհարապես, ովքե՞ր են լինելու ստուդիայի դասավանդողների աթոռին:
«Կդասավանդեն միայն դասավանդելու իրավունք, փորձ և հմտություն ունեցող մասնագետները «Մաստեր-կլասներ» կանցկացնեն նաև մեր նախկին սաներից կամ երաժիշտներից ոմանք: Չենք սահմանափակվի միայն վոկալով: Նախատեսվում են և́ կիթառի, և́ թմբուկի, և́ գործիքավորման արվեստանոցներ»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Եղիշե Պետրոսյանը: