03/09/2015 19:16
«Միսս մոլորակ» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 17-ամյա Դայանա Դավթյանը
Սեպտեմբերի 6-12-ը Թբիլիսիում կայանալիք «Միսս մոլորակ» միջազգային մրցույթին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշն ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու են գեղեցկուհիներ` 30 երկրներից:
«Հայաստանը կներկայացնի 17-ամյա մոդել Դայանա Դավթյանը։ Նա արդեն մեկ տարի է մոդելինգով է զբաղվում: Սա հեղինակավոր մրցույթ է: Ժյուրիի անդամներ կլինեն 20 երկրներից, մեր երկրից ժյուրիի կազմում կլինի «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշն ազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ Գևորգ Ասատրյանը»,- ասաց բանախոսը:
Դայանա Դավթյանն ընտրվել է ոչ միայն արտաքին տեսքի, այլև ներքին կուլտուրան և լեզուների իմացության շնորհիվ:
Ասուլիսին նա նշեց, որ չափազանց ուրախ է Հայաստանն այս մրցույթում ներկայացնելու հնարավորության համար:
Կարևորելով հաղթանակը՝ նա անկեղծացավ, որ մյուս մասնակիցներին որպես մրցակից չի տեսնում:
«Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մենք կընկերանանք: Ես արդեն Հայաստանը խորհրդանշող նուռ և որոշ այլ նվերներ եմ պատրաստել, որոնք սիրով կհանձնեմ մասնակից աղջիկներին»,- ասաց Դայանան:
Նշենք, որ այս մրցույթին մասնակցելու ծախսերը հոգում են «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիան և մոդելի ընտանիքը: Մրցույթի ընթացքում Դայանան կկրի դիզայներ Ֆաինա Հարությունյանի ստեղծած զգեստները:
Կներկայանա նաև տարազով, որը տրամադրել է «Տերյան» մշակութային կենտրոնը: