04/09/2015 20:34
Ռուբեն Բաբայան. Մեր միակ փրկությունը մեր դիմադրողականության մեջ է
Վերջին օրերին սահմանամերձ շրջաններում հրադադարի խախտումը որոշակի խուճապ է առաջացրել: Այնտեղ մեր եղբայրներն են, մեր զավակները, մեր երիտասարդները, հայ գյուղացին, ում միակ ցանկությունը դարձել է խաղաղ ապրելը: Ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի ագրեսիան, հրադադարի միտումնավոր խախտումներն ու ո՞րն է այս ամենի նպատակը:
Aysor.am-ի հետ զրույցում արվեստագետ Ռուբեն Բաբայանը հայտնեց իր տեսակետը: Այն, որ իրավիճակը պայթյունավտանգ է՝ գաղտնիք չէ.
«Իրավիճակին ծանոթ եմ լրահոսից: Շատ լավ հասկանում եմ, որ անկախ նրանից` զինադադար կա, թե ոչ, այժմ Հայաստանում պատերազմական դրություն է: Երբ երկու երկրների միջև վիճակը խաղաղ չէ, և մարդիկ են զոհվում, նշանակում է` տիրում է ռազմական իրավիճակ: Ես այնքան միամիտ չեմ, որ չհասկանամ` այն պաշտոնական տեղեկությունները, որոնք հաղորդվում են երկու կողմերից, ավելի շատ քարոզչական բնույթի են: Տրամաբանությունը հուշում է՝ մենք չէ, որ նախաձեռնել ենք սրել իրավիճակը, այն մեզ ձեռնտու չէ»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Հարցին՝ իս ինչո՞ւ է իրավիճակի սրացումը ձեռնտու հակառակորդին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Հակառակորդի համար, իր կարծիքով, եկել է մի շատ կարևոր պահ. այն մեծ հույսը, որը նա ժամանակին դնում էր նավթի արտահանման վրա, կամաց-կամաց սկսում է ի չիք դառնալ: Չէ՞ որ Ադրբեջանն այն երկրներից է, որոնց տնտեսությունները պարզապես կառուցված են միայն նավթի վաճառքի վրա: Պարզ է, որ նրանք պետք է որոշակի քայլերի դիմեին, քանի որ վաղն այդ ֆինանսական առավելությունը կարող է պարզապես անհետանալ, ինչի դեպքում մեր հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակն իրենց համար կբացառվի: Ըստ իս, սա է նրանց ակտիվացման և ագրեսիայի պատճառը»:
Ռուբեն Բաբայանի համար առավել մտահոգիչ է Ռուսաստանի Դաշնության արձագանքն այս ընթացքում:
«Շատ ցավալի է, որ զոհեր ենք ունենում: Մենք միշտ հույս ենք փայփայում, որ սա կլինի վերջինը: Այժմ այսպիսի իրավիճակում Ռուսաստանը հերթական անգամ Ադրբեջանին առաջարկում է իրենից գնել սպառազինություն: Սա շատ ավելի մտահոգիչ է: Դու կապում ես քո ամբողջ անվտանգությունը մի երկրի հետ և նրան տալիս «քարտ-բլանշ»` վարվել քո անվտանգության հետ այնպես, ինչպես ինքը հարմար կգտնի… Ամեն դեպքում, անցել են ժամանակները, երբ մենք գլուխներս կախ ենթարկվողի դերում էինք: Այսօր բոլորս պետք է համախմբված լինենք, միմյանց թիկունք դառնանք` անկախ մեր հայացքներից, սոցիալական վիճակից: Մեր միակ փրկությունը մեր դիմադրողականության մեջ է: Միայն դիմադրող ազգը կարող է ապրել` չսպասելով որևէ փրկիչի, ով էլ որ նա լինի: Կարծում եմ՝ մենք հենց այդպիսի ազգ ենք»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:
Փորձված տեսակետ է` պարտվում է նա, ով առաջինն է հարձակվում: Ռ. Բաբայանի համոզմամբ` մենք չենք ցանկանում գրավել, առաջինը չենք հարձակվում, այլ պաշտպանվում եք: Իսկ պաշտանական գործը միշտ և ցանկացած պարագայում արդար է:
Որքանո՞վ են այսօրվա երիտասարդները համախմբված: Արդյոք, ինչպես 90-ականների սկզբներին, անհրաժեշտության դեպքում պատրաստ են մոռանալ սեփական բարեկեցությունն ու հայտնվել ռազմական դաշտում:
«Ամեն ժամանակ իրենն է թելադրում»,- ասաց Ռուբեն Բաբայանն՝ ավելացնելով.
«Մենք սիրում ենք հաճախ հիշել, որ նախկինում այսպես կամ այնպես էր… Հնարավոր չէ նույն գետը երկու անգամ մտնել, ամեն անգամ տարբեր որակ է ստանում: Կարծում եմ, որ այն երիտասարդությունը, որն այսօր կա, ոգևորիչ է: Գուցե մի քիչ պակասել է ռոմանտիզմը, որը կար 90-ական թվականներին, և ավելացել է պրագմատիզմը, բայց ես դրա մեջ լավ բան եմ տեսնում: Ռոմանտիկ մոտեցումները հետագայում բերում են որոշակի հիասթափության, որը, ցավոք սրտի, հաճախակի ստիպում է «ծալել ձեռքերն» ու ասել. «այ, մենք այս տեսակ հույսեր ունեինք և նրանք չիրականացան»: Դա ինքնախաբեություն է: Իսկ պրագմատիկ մոտեցումները շատ ավելի կարևոր են: Մեր երիտասարդներն ավելի սթափ են մտածում, ավելի շատ են հույսը դնում սեփական ուժերի վրա և սա ոգևորող է: Երբ մարդն իր փրկությունն իր մեջ է տեսնում, հասկանում է, որ իր կյանքն ու ապագան, իր երջանկությունը սեփական ձեռքերում է գտնվում, ապա այդ մարդուն հեշտ չէ ճանապարհից շեղել: Իսկ երբ նա դա ընկալում է որպես ուրիշի կողմից մատուցված ծառայություն, ապա հիասթափությունը շատ մեծ է լինում: Մենք ամեն օր բացում ենք պատմության մի նոր էջ: Ոչ ոք մեզանից առաջ այդ էջերը չի գրել, որպեսզի իմանանք` ի՞նչ պետք է անել: Այն համոզվածությունը, որը կա այսօրվա երիտասարդության մեջ: Իրենց երկրի տերը զգալու մեծ հավատն, անշուշտ, ինձ ոգևորում է»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռուբեն Բաբայանը: