07/09/2015 20:44
Սյուզան Պապյան. Հիմնականում ներկայանում եմ ճակատագրական կանանց դերերում
Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողներին հանձնեց նոր` «Ուրիշի հոգին» հեռուստասերիալը, որում իր` մինչ այս կերտած կերպարներից տարբերվող կերպարով ներկայացավ Սյուզան Պապյանը: Aysor.am-ը դերասանուհու հետ զրուցել է նոր դերի հետ առընչվող դժվարությունների, մասնագիտության, ընտանիքի և ընկերների մասին:
-«Շանթ» հեռուստաընկերությամբ նոր է սկսվել «Ուրիշի հոգին» սերիալը և շատերը դեռ ծանոթ չեն Ձեր կերպարին: Հակիրճ կներկայացնե՞ք:
-Իմ կերպարը տան աշխատողն է, ով տանտիրոջ երեխաներին մոր նման է ընդունում: Իրեն շատ հարգում են, համեստ ու հանգիստ կին է: Ունի որդիներ, որոնց համար անհանգստանում է… Ճիշտ է, հերոսուհիս հանգիստ ու համեստ է, բայց մակերեսային չէ: Ունի իր պատմությունը, անհանգստություններն ու մտածմունքները:
-Ովքե՞ր են Ձեր տղաների դերերում:
-Մովսես Երեմյանը և Հայկ Հովհաննիսյանը: Ի դեպ, արդեն շատերն ասում են, որ ես և իմ տղաների դերակատարները միմյանց շատ նման ենք (ժպտում է): Կարծում եմ, շատ ճիշտ ընտրություն է կատարվել:
-Հեռուստադիտողը Ձեզ պարբերաբար տեսել է «չար» կերպարներում, այստեղ, կարծեք, թե տարբերվում եք, այո՞:
-Իսկապես, հիմնականում ես ներկայացել եմ ճակատագրական կանանց դերերում: Սակայն դա ինձ համար հաճելի էր, մեծ սիրով եմ խաղացել: Իհարկե, այս կերպարը նույնպես ինձ համար հետաքրքրիր է, քանի որ շատ է տարբերվում իմ մյուս կերպարներից:
-Սյուզան, մարդիկ հաճախ նույնացնում են կերպարն ու դերասանին: Ասում են՝ եթե բացասական կերպարին ժողովուրդը սկսում է չսիրել, նշանակում է դերասանն իր գործը շատ լավ է արել...
-(Ծիծաղում է) Գիտեք, եթե այդպես է, նշանակում է` ես շատ-շատ լավ եմ խաղացել իմ դերերը: Երբեմն անգամ ասում են, որ նման չար դերեր մարմնավորած մարդը չի կարող կյանքում լավը լինել:
-Փաստորեն, «տուժել» եք Ձեր կերպարների պատճառով:
-Իմ դեպքում բախտս մի քիչ բերել է: Օրինակ, նախորդ կերպարիս` Լիլիին, ոչ-ոք չէր սիրում, բոլորն ասում էին, որ վատն է, դաժան է, չար է, բայց նույնը չէին ասում Սյուզան Պապյանի մասին: Բացասական կերպարներն աշխուժություն են մտցնում ֆիլմերի մեջ ու մարդիկ նրանց խաղին ավելի էմոցիաներով են հետևում:
-Դուք կարևորո՞ւմ եք դերի բացասական կամ դրական լինելը:
-Ինձ համար կարևորն այն է, որ կերպարը կենսագրություն, պատմություն ունենա, գունավոր լինի:
-Պատահե՞լ է` առօրյայում միջադեպեր լինեն` կապված կերպարի հետ: Գուցե բարկացրե՞լ են:
-Ոչ, բարկացնող միջադեպեր չեն եղել, բայց մեկ-երկու հետաքրքիր դեպք կհիշեմ… Այգում նկարահանում էինք «Սիրո գերին» սերիալի տեսարաններից մեկը, ամբողջ կազմն այնտեղ էր: Տարիքով մի կին մոտեցավ մեզ ու ասաց. «Այսքան մարդկանցով հավաքվել եք, չեք հասկանո՞ւմ, որ ինքն է սպանել Փայլակին»: Մի օր էլ մի աղջիկ ասաց. «Որ սկեսուրիդ ասում ես «պառավ-ջադու», իմ սրտից ես ասում» (ծիծաղում է):
-Զրույցի ընթացքում նշեցիք, որ մեծամասամբ ճակատագրական կանանց եք մարմնավորում: Իրականում, ինքներդ Ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:
-Ցանկացած կնոջ մեջ տարբեր տեսակի էություններ են ապրում: Յուրաքանչյուրի մեջ էլ կա և́ ճակատագրական կին լինելը, և́ մայր լինելը, և́ հանգիստ կամ աշխույժ լինելը: Պարզապես պետք է կարողանաս պահը որսաս ու ճիշտ ներկայանաս:
-Առաջին հայացքից Դուք ինձ թվում եք աշխույժ, կենսուրախ անձնավորություն: Իրականում այդպիսի՞ն եք:
-Տարբեր միջավայրերում տարբեր կերպ եմ. ընտանիքում չափազանց հանգիստ եմ, իսկ ընկերական միջավայրում և աշխատավայրում իսկապես աշխույժ եմ և կենսուրախ: Սիրում եմ, որ մարդիկ բարի են լինում, բարություն են գործում: Դա մարդկային ամենակարևոր հատկանիշն է, որն, ըստ իս, մեծ ուժ է: Միայն ուժեղ մարդիկ կարող են բարի լինել:
-Սյուզան, ինչո՞ւ որևէ թատրոնում չեք աշխատում:
-Պատճառն այն է, որ ես դերասանական կրթություն չունեմ:
-Իսկ ի՞նչ մասնագետ եք:
-Ավարտել եմ Մանկավարժական համալսարանի «Հատուկ հոգեբանության» և Գլաձոր համալսարանի «Լրագրության» բաժինները: Տեսնենք, հետագայում ինչպես կստացվի: Մայրս միշտ ասում է` դու դերասան ծնվել ես: Թեև, դա մայրիկիս կարծիքն է և թող անհամեստություն չհնչի (ծիծաղում է): Նա մեծ արտիստների է տեսել կյանքում, այնպես որ, ես իր կարծիքին վստահում եմ:
-Ինչպե՞ս հայտնվեցիք սերիալներում:
-Նախ ասեմ, որ հեռուստատեսությունում առաջին անգամ հայտնվել եմ 17 տարեկանում` պատահականության սկզբունքով`կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի շնորհիվ: Այդ օրվանից «հիվանդացել» եմ այս հիվանդությամբ ու հիմա անբուժելի հիվանդ եմ (ժպտում է): Աշխատել եմ որպես հաղորդավար, ունեցել եմ իմ հեղինակային հաղորդումը: Այնուհետև, առաջարկ ստացա նկարահանվել «Շանթ» հեռուստաընկերության սերիալներում…
-Իսկ գեղարվեստական ֆիլմերում Ձեզ չե՞նք հանդիպել:
-Իմ մուտքը կինոաշխարհ եղել է գեղարվեստական ֆիլմով. նկարահանվել եմ Գոռ Վարդանյանի «Չգրված օրենք» ֆիլմում:
-Դերասանները սիրում են միմյանց «տակ փորել»: Հեշտությա՞մբ եք լեզու գտնում Ձեր ներկայիս գործընկերների հետ:
-Չգիտեմ, ուրիշ հեռուստաալիքերում ինչպես է, բայց «Շանթ»-ում նման խնդիրների երբեք չենք առընչվում: Մենք միմյանց հարգում ենք, սիրում ու միմյանց հաջողություններով ուրախանում… Իհարկե, արվեստի աշխարհի մարդիկ դժվար բնավորություն ունեն, բարդ մարդիկ են: Դերասանը չի կարող հանգիստ մարդ լինել: Միշտ էլ սկզբնական շրջանում դժվար է լինում, բայց հետո բոլորը մերվում են, դառնում մեկ ընտանիք:
-Իսկ դերասաններից ո՞ւմ հետ եք առավել մտերիմ:
-Քանի որ Սոֆյա Պողոսյանի, Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ ավելի երկար ժամանակ ենք աշխատում, նկարահանման հրապարակում հաճախ ենք հանդիպում, դարձանք լավ ընկերներ, գործընկերներ: Ընդհանուր առմամբ` բոլորի հետ էլ մտերիմ եմ:
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Իմ ընտանիքը մայրս է և աղջիկս` Էլեն Պապյանը, ով շուտով կլինի 20 տարեկան: Սովորում է Սլավոնական համալսարանում, աշխատում է «Դար 21» հեռուստաընկերությունում: Կենդանիների հետ կապված շատ հետաքրքիր հաղորդման կազմակերպիչ է: Շատ է սիրում կենդանիներին, նաև սպորտսմենուհի է, «Մայ-թայ» սպորտաձև է պարապում:
-Սյուզան, գո՞հ եք Ձեր գործունեության ընձեռած ֆինանսական հնարավորություններից: Ասում են` սերիալը վատ չի վարձատրում:
-Ըստ իս, քիչ դերասաններ կան, որ կարող են այս գործունեությամբ իրենց ընտանիքը պահել: Շատ կարևոր է, թե այս կամ այն մարդուն հստակ որքա՞ն գումարն է բավականացնում: Բայց եթե համեմատենք մյուս երկրների դերասանների վարձատրության հետ, մեզ մոտ ծիծաղելի պայմաններ են և ծիծաղելի թվեր են շրջանառվում: Ինչ արած` հուսանք, որ մեզ մոտ էլ դրական փոփոխություններ կլինեն: Դերասանները արժանի են բարձր վարձատրվելուն:
-Ձեր բացակայությունների դեպքում տանը «բողոքողներ» չե՞ն լինում:
-Արդեն սովորել են իմ այդ ռիթմին (ժպտում է):