08/09/2015 17:17
Հեռուստաաշխարհում լավ պտտված գնչու եմ. Ավետ Բարսեղյան
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում այսօրվանից երաժշտական երեկոներն անսպառ են լինելու: Յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ ժամը 20:25-ին Ավետ Բարսեղյանն ու իր հյուրերը կփորձեն գուշակել մեղեդին: Aysor.am-ը հյուրընկալել է «Գուշակիր մեղեդին» ծրագրի հաղորդավար Ավետ Բարսեղյանին, զրուցել նկարահանման ընթացքի, անակնկալների, նաև ընտանիքի և անձնական կյանքի շուրջ:
-Ավետ, այսօրվանից եթերում է լինելու «Գուշակիր մեղեդին» երաժշտական-ժամանցային հաղորդումը: Բարի վերադարձ Հանրային… Ինչպե՞ս է անցել նկարահանման ընթացքը:
-Հանրային հեռուստաընկերության իմ աշխատուղին շատ երկար է եղել և այս նոր վերադարձս Առաջին ալիք հիշարժան է ինձ համար՝ բացարձակ կոմֆորտով և բացարձակ հարմարավետությամբ: Նկարահանումներն անցել են ճիշտ գծագրված ժամային գրաֆիկով, քանի որ աշխատող ամբողջ անձնակազմը գերպրոֆեսիոնալ է. ես հիացած եմ Հանրային հեռուստաընկերության այս վերաբերմունքից: Եթերից գուցե թվա, որ հեշտ ծրագիր է՝ երաժշտությունը գնում է ու մարդիկ գուշակում են, բայց այն իրականում շատ մեծ ու աշխատատար նախագիծ է:
-Ձեր հաղորդման հյուրերը միայն հայտնի մարդի՞կ են լինելու:
-Սկզբնական շրջանում հյուրերս կլինեն հայտնի մարդիկ, իսկ հետագայում չի բացառվում, որ կլինեն նաև հյուրեր, ովքեր մելոման են ու սիրում են տարբեր ոճերի երաժշտություններ:
-Այս ընթացքում նկատե՞լ եք, մասնակիցներն առավել շատ ո՞ւմ երգերն են գուշակում:
-Այդպիսի վիճակագրություն դեռևս չենք արել, սակայն շատ լավ է, որ հայկական էստրադային երգերը բավական նստած են մարդկանց մեջ, նաև Բաբաջանյան:
-Արդյոք նախագծի մեջ նոր էջեր ընդգրկված են, թե ամբողջովին կրկնվում է «Угадай мелодию» հաղորդման ֆորմատը: Անակնկալներ սպասվո՞ւմ են հեռուստադիտողին:
-Յուրաքանչյուր միջազգային նախագիծ ունի իր կանոնակարգը, և ակնհայտ շեղումներ, նոր էջեր չեն կարող լինել: Հայկական տարբերակը հետաքրքիր է նրանով, որ հնչում են նաև հայերեն երգեր:
-Եթե չեմ սխալվում, ռուսական տարբերակը ժամանակին ընդգրկվեց գինեսի գրքում` դառնալով ամենամեծ հեռուստալսարանն ապահովող հաղորդում: Ի՞նչ եք կարծում, ունե՞նք հնարավորություն կրկնելու այդ հաջողությունը:
-Ես չեմ սիրում վարկանիշ բառը կամ նման հասկացություններ, բայց վստահ եմ, որ այն շատ հարազատ նախագիծ է դառնալու: Հանրայինի եթերացանկում վստահաբար իր ջերմ տեղը կունենա:
-Ավետ, կարծում եմ, շուտով շատերը Ձեզ կհամեմատեն Վալդիս Պելշի հետ: Այդ հանգամանքը Ձեզ անհանգստացնո՞ւմ է, թե՞ ընդհակառակը:
-Դա բնական է և ինձ բացարձակ չի անհանգստացնում, որովհետև երբ քեզ համեմատում են լավ բանի հետ՝ թեկուզև վատ կողմեր գտնելով, միևնույն է, հաճելի է (ժպտում է):
-Հետաքրքիր է, բացի «Գուշակիր մեղեդի»-ից ի՞նչ այլ զբաղվածություն ունեք այսօր:
-Դեռեւս չունեմ, որովհետև «Գուշակի մեղեդի»-ն բավական էներգատար և աշխատատար նախագիծ է: Սակայն, կարծում եմ, հետագայում Հանրայինով այլ ծրագիր ևս կունենամ:
-Դուք այն հաղորդավարներից եք, որոնց համար «երկրորդ տուն» ասվածը ոչ թե որևէ հեռուստաալիք է, այլ ամբողջ հեռուստաաշխարհը: Ըստ Ձեզ, դա Ձեր բնավորության և կազմակերպվածությա՞ն արդյունքն է, թե՞ հեռուստաընկերությունների ղեկավարների` Ձեր նկատմամբ լավ տրամադրվածության:
-Ե́ւ նա, և́ նա՝ բոլոր բաղադրիչները: Ես համարում եմ, որ հեռուստատեսությունն է իմ տունը՝ չնայած, որ Հանրային հեռուստաընկերությունը մայր հեռուստատեսությունն է և այն դարբնոցը, որտեղ կոփվել է իմ անձը՝ որպես հեռուստահաղորդավար: Այստեղ է դրվել հիմնասյունը և զարգացել: Մնացած հեռուստաընկերություններում անձս ձևավորվել է, բայց սերմը այստեղ է եղել և այսօր ճիշտ վերադարձ է դեպի տուն: Կարելի է ասել, որ հեռուստաաշխարհում լավ պտտված գնչու եմ՝ հեռուստագնչու: Բայց, քանի մարդ մեծանում է, թերևս ցանկանում է վերադառնալ իր արմատներին. ես ևս եկա այնտեղ, որտեղ ծնվել եմ ու սնվել:
-Եթե դեմ չեք, մեր զրույցը մի փոքր անձնական տիրույթ տեղափոխենք. էկրաններից դուք թողնում եք հավասարակշռված, բայց անհրաժեշտության դեպքում «ճիշտը մարդու դեմքին ասող» մարդու տպավորություն: Ինչպիսի՞ն եք իրական կյանքում:
-Իրական կյանքում և́ հավասարակշռված եմ, և́ նյարդային, բորոբոքվող. ունեմ էն ամեն ինչը, ինչը բնորոշ է մարդուն: Իսկ արվեստի մարդու պարագայում ամեն բան մի փոքր ավելի է:
-Նրանք, ովքեր Ձեզ հետ քիչ թե շատ շփվել են, հավատացնում են, որ «աստղային հիվանդությունը» Ձեզ շրջանցել է: Այն հասունության հե՞տ է նահանջել, թե՞ երբեք էլ դրանով չեք «վարակվել»:
-Եղել են կյանքումս նաև այդպիսի շրջաններ: Սակայն տարիքի հետ էլ, շատ բաներ հասկանալով էլ եկել եմ հանգել այն եզրակացությանը, որ մարդկային գործոնից լավ բան այս աշխարհում չկա: Ես կարծում եմ, որ անազնիվ կգտնվի հեռուստադաշտում կամ հայտնիության դաշտում աշխատող այն մարդը, ով կասի, թե իրեն շրջանցել է դա: Ինձ լավ էլ կպել է դա, բայց, փառք Աստծո, «վերադարձել եմ» ու ապրում եմ այնպես,, ինչպես ապրում եմ:
-Բացի ճանաչված հաղորդավար լինելուց, դուք նաև պահանջարկ ունեցող բանաստեղծ-երգահան եք: Ի՞նչ նոր երգեր եք պատրաստել երկրպագուների համար:
-Նոր երգերս կներկայացվեն շուտով` մեր քաղաքի տոնին: Առանձնահատուկ է ինձ համար Ֆորշի կատարմամբ նոր երգը, որը կարծես «Երևանը մենք ենք»-ի տրամաբանական շարունակությունը լինի:
-Նկատե՞լ եք, որ հոգեվիճակում գրված ստեղծագործություններն են առավել հիթային դառնում:
-Ազնիվ հոգեվիճակում: Երբ մեխանիկորեն նստում ես և պետք է հիթ ծննդաբերես, դրանք դատապարտված են շատ կարճ կյանք ունենալու, իսկ երբ ազնիվ ես քո հոգու, սրտի ու մտքի հետ, այդ ժամանակ ազնվությունից ծնվում են շատ երկար կյանք ունեցող երգեր:
-Ավետ, նախորդ տարի շատերն արդեն իսկ սպասում էին Ձեր ամուսնությանը… Ինչպիսի՞ն է հիմա Ձեր կյանքում եղանակը:
-Նախորդ տարիների փորձից ելնելով՝ ես այլևս չեմ ուզում անձնական կյանքից խոսել, որպեսզի այն վերջապես դասավորվի (ծիծաղում է): Իսկ կյանքումս այժմ չավարտված ամառ է՝ ձմռան սպասումի վախով:
-Դժվարությա՞մբ եք ընտրություն կատարում:
-Անկեղծ ասած՝ ոչ: Մի բան, որ դուրս գալիս է՝ թե՛ մարդկային, թե՛ իրային առումով, փորձում եմ անել այնպես, որ ստացվի իմը: Չնայած կան դեպքեր, երբ ընտրությունը դժվար երկմտանքի առջև է կանգնեցնում:
-Ավետ, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ծնվել եմ հայկական ընտանիքում՝ շատ ջերմ ու լավ ընտանիքում: Ընտանիքիս մասին բավական շատ խոսել եմ հեռուստաէկրաններից, որևէ նոր բան թերևս չկարողանամ պատմել: