11/09/2015 10:01
Եթե բարձրաձայնեմ, շատ մեծ բում կառաջացնի. Անի Զախարյանը` ծննդյան անակնկալների և երազանքների մասին
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը երկու օր առաջ նշեց ծննդյան 35-ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը նշեց, որ ծննդյան տարեդարձը նշել է տանը` ընկերական միջավայրում` փորձելով զերծ մնալ ընդհանուրի ուշադրության կենտրոնում գտնվելուց: «Ես տարբեր ընկերական միջավայրեր ունեմ` ինտելեկտուալ ընկերական միջավայր, ժամանցային ընկերական միջավայր… Քանի որ անընդհատ լուրջ տրամադրության մեջ եմ, որոշեցի մեր տանը հանդիպել հենց այն ընկերներիս հետ, որոնց հետ թեթև ժամանցային երեկո կանցկացնեինք: Ամեն ինչ ինքս էի պատրաստել. գեղեցիկ ու համեղ աղցաններ, ճաշատեսակներ: Շատ լավ մթոլորտում անցկացրեցինք»,-մանրամասնեց Ա. Զախարյանը:
Թեև անակնկալ չեղավ, բայց ամուսնու կողմից ապահովված էին շքեղ վարդերը. «Նաև տոնական գեղեցիկ պայուսակ ու իմ նախընտրած հագուստը նվեր ստացա նրանից: Ամեն դեպքում, կարևորն այն սերն է, որն ամուսինս ամեն օր ինձ նվիրում է»:
Ծննդյան տարեդարձին բոլորը կարծես խոսքները մեկ էին արել: «Միաբերան մաղթում էին, որ շուտափույթ մայրանամ: Եթե անկեղծ` ապա իմ ամենամեծ իղձը նույնպես դա է: Իսկապես ուզում եմ ապրել մայրության բերկրանքը: Դա արդեն ներքին ազդակներ են, որոնք հասնում են ցանկացած կնոջ գիտակկցությանը որոշակի տարիքից հետո: Հուսով եմ, որ մոտ ապագայում այդ սպասված բալիկը կլինի: Այնքան մարդ է ինձանից հարցնում` նորություն չկա՞, որ ես նույնիսկ մտածում եմ` ինչպես արագացնեմ, որ դա լինի»,-ժպիտով ու հոմորով պատասխանեց հոբելյարը:
Անի Զախարյանը նշեց, որ միշտ պահպանում է ընտանեկան ավանդույթներն ու գեղեցիկ մթնոլորտը. «Գեղեցիկ մոմեր էի գնել` 3 և 5, տորթի վրա այն փչեցի ու երազանք պահեցի: Բայց երազանքս այնքան լուրջ է, այնքան կապված գործունեության հետ, որ եթե բարձրաձայնեմ, շատ մեծ բում կառաջացնի: Ուստի, առայժմ լավ կլինի լռել»:
Ի դեպ, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը և ամուսինն արդեն իսկ իրենց առանձին անկյունն ունեն. նրաք այլևս չեն ապրում ամուսնու հայրական տանը: «Արդեն առանձնացել ենք: Ճիշտ է, շատ արագ ստացվեց, բայց դա ամուսնուս որոշումն էր, ես այդքան էլ չէի շտապում»: