11/09/2015 16:00
Չգիտեմ, թե դա ում «թեթև ձեռքով» էր արվել. Մենեջերը Գևորգ Բարսամյանի նոր երգի մասին
Երգիչ Գևորգ Բարսամյանն այսօր համացանցային իր հետևորդներին է ներկայացրել նոր` «Մայրիկ» կատարումը: Երգչի մենեջեր Վերոնիկա Բարսամյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ շտապելու համար լուրջ պատճառներ ունեին. «Այս պրեմիերան շատ սպասված էր, քանի որ անկախ մեր կամքից` անորակ տարբերակը հայտնվել էր ինտերնետում: Չգիտեմ, թե դա ում «թեթև ձեռքով» էր արվել: Ամեն օր բազում նամակներ էինք ստանում այդ կապակցությամբ»:
Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը` Արսեն Խաչատրյանը, գործիքավորել է Արմեն Սարգսյանը` Բրդեն: Երգը տեսահոլովակ չի ունենա: «Երգի թեման այնպիսին է, որ տեսահոլովակի անհրաժեշտություն չկա: Առանց այդ էլ տխուր երգ է, տեսահոլովակն այն ավելի մռայլ կդարձներ: Այս ստեղծագործությունը պատմում է մորը կորցրած մարդու մասին, ով իր մայրիկի հետ խոսում է արդեն անցյալ ժամանակով»,-նշեց մենեջերը:
Իսկ տեսահոլովակային նորություն Գևորգ Բարսամյանը կունենա հոկտեմբեր ամսին, բայց ոչ այս երգի հիման վրա: «Տեսահոլովակը կնկարահանվի լիրիկական երգի համար: Այս անգամ ռեժիսորի դերում հանդես կգամ ինքս: Այնպես որ հետաքրքիր ու գեղեցիկ նորություն է սպասվում նաև առաջիկայում»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Վերոնիկա Բարսամյանը: