11/09/2015 14:30
Դա միակ բանն է, որի համար միշտ «մեղադրում եմ» ծնողներիս. «ԱրմՔոմեդիի» Մհեր Խաչատրյանը նոր կերպարի, ընտանիքի և անձնական կյանքի մասին
«Արմենիա» հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում հեռուստադիտողին կներկայանա նոր սիթքոմով: «Դոմինո»` այսպես է կոչվում ժամանց ապահովող այս նոր աշխատանքը: Սիթոքմում բացի դերասաններից ներգրավված են նաև երգիչներ, հաղորդավարներ, անգամ մոդելներ ու լրագրողներ: Aysor.am-ը զրուցել է դերակատարներից Մհեր Խաչատրյանի հետ, ում մինչ այս ծանոթ էինք «ATV» հեռուստաընկերության «ArmCommedy» և «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» հաղորդաշարերից: Ի դեպ, սա Մհերի դերասանական առաջին փորձն է:
-Շուտով Արմենիա հեռուստաընկերության եթերում Ձեր մասնակցությամբ նոր սիթքոմ է սկսվում: Մի փոքր կմանրամասնեք սիթքոմի և Ձեր կերպարի մասին:
-Կերպարս` Գարիկը, մանկության 3 ընկերներից մեկն է. միակը, ով ամուսնացած է: Կնոջից վախեցող, էքսցենտրիկ, բայց և պարկեշտ երիտասարդ է... Նորմալ տղա՝ որոշ թերություններով իհարկե (ժպտում է):
-Դժվար չէ՞ աշխատել պրոֆեսիոնալ դերասանների կողքին:
-Իհարկե, դժվար է ու պատասխանատու, ուղղակի տվյալ դեպքում սիթքոմ ժանրը թույլ է տալիս ինձ՝ որպես ոչ դերասանի, քիչ թե շատ հանգիստ զգալ:
-Ո՞ւմ հետ է առավել դժվար և ում հետ առավել հեշտ` աշխատել նկարահանման հրապարակում:
-Հավատացեք, ամենադժվարն ինքս ինձ հետ աշխատելն է: «Դոմինոյում» շատ լավ թիմ է հավաքվել, կարծում եմ, բոլորս հաճույք ենք ստանում մեր արածից, ինչը շատ կարևոր է հաջողության համար:
-Մհեր, կարծեք, թե Ձեզ մոտ գործնական բոլորովին նոր հարթություն է բացվում` այսուհետ ներկայանալու եք դերասանի կարգավիճակում: Ինչպե՞ս եղավ առաջարկը:
-Նախ, դերասան տերմինն իմ դեպքում չափազանցված է, իսկ առաջարկը եղավ այսպես` առաջարկեցին, համաձայնեցի (ծիծաղում է):
-Չկա՞ մտավախություն, որ կդժվարանաք…
-Իհարկե կա, ու հենց դա էլ համաձայնելուս պատճառներից մեկն էր:
-Ձեզ այլևս չե՞նք տեսնի «ArmComedy»-ում:
-Ոչինչ չեմ բացառում:
-Ձեր գործընկեր-ընկերները չե՞ն նեղանա, որ հեռանում եք իրենցից:
-Մենք շատ լավ ընկերներ ենք` անկախ աշխատավայրից: Գուցե մի քիչ պաթոսային հնչի, բայց, իսկապես, շատ ուրախ եմ, որ Նարեկի ու Սերգեյի պես մարդիկ հայտնվեցին իմ կյանքում։
-Արդեն իսկ նոր առաջարկներ չունե՞ք:
-Ոչ
-Եթե չեմ սխալվում, մասնագիտությամբ իրանագետ եք, լրագրող: Փաստորեն` շուտով նաև դերասան. ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ:
-Այո, մասնագիտությամբ իրանագետ եմ, իսկ հոգեհարազատ է այկիդոն… Ես 3 տարի հաճախել եմ այկիդոյի (ժպտում է):
-«ArmComedy»-ում բավական լուրջ հարցերի անդրադառնում էիք հումորային տեսանկյունից, թեև դրանք հնչում էին սուր, երբեմն էլ` սադրիչ: Ձեզ չե՞ք պատկերացնում առավել լուրջ լրագրության դաշտում:
-«Արմնյուզի» եթերում հեռարձակվող «Երեկոյան Երևան» հաղորդման շրջանակներում մաքսիմալ լուրջ լրագրող կլինեմ (ծիծաղում է):
-Քանի որ խոսեցինք մասնագիտություններից, հետաքրքիր է, ինչո՞ւ որոշեցիք հատկապես իրանագետ դառնալ: Լա՞վ եք տիրապետում լեզվին:
-Իրանը բացի մեր անմիջական հարևանը լինելուց` շատ հետաքրքիր ու շատ հարուստ երկիր է, հենց այդ պատճառով էլ որոշեցի ավելի լավ ճանաչել այն: Իսկ լեզվին, չգիտեմ ինչքանով լավ եմ տիրապետում, բայց իրանցի զբոսաշրջիկներին շատ հեշտությամբ, առանց հայկական ակցենտի, բացատրում եմ Հանրապետության հրապարակի լոկացիան:
-Ծնունդով որտեղի՞ց եք:
-Երևանից:
-Մհեր, կարծեմ ժամանակին փոքրիկ բիզնես եք ունեցել` սրճարանի տեսքով: Այսօր չե՞ք մտածում բիզնես գործունեության մասին:
-Դեռևս ոչ:
-Այնքան էլ պերճախոս չեք. հանգիստ ժամանակն անցկացնելու նախընտրելի տարբերակ ունե՞ք:
-Բարձր երաժշտություն, հանգիստ խղճով անջատված հեռախոս ու բնություն…
-Որպես ժամանակակից երիտասարդության ակտիվ ներկայացուցիչ, գո՞հ եք Հայաստանում երիտասարդներին ընձեռված հնարավորություններից:
-Ըստ իս` 21-րդ դարում ընձեռված հնարավորությունները կապ չունեն երկրի հետ, իսկ եթե նույնիսկ կապ ունեն` միայն դրական իմաստով: Ինտերնետի ու ընդհանրապես` ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ երիտասարդները, թող կոպիտ չհնչի, ինչ ուզեն, կարող են անել` միայն թե լինի ցանկություն ու լայն աշխարհայացք:
-Լավ, մի փոքր էլ անցնենք անձնական տիրույթ: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Հայրս մաթեմատիկոս է, մայրս` թատերագետ, ունեմ 2 քույր, չունեմ եղբայր։ Դա միակ բանն է, որի համար միշտ «մեղադրում եմ» ծնողներիս (ժպտում է):
-Վստահ եմ, այսօր շատ աղջիկների հայացքներ են ուղղված դեպի Ձեզ: Արդեն իսկ ընտրե՞լ եք Ձեր միակին: Ինչպե՞ս կընկալեք, եթե խենթի պես սիրահարված երկրպագուհին որոշի առաջինն իր սերը խոստովանել:
-Իսկ ես վստահ եմ` սա ոչ մեկին հետաքրքիր չի (ժպտում է):
-Իսկ միգուցե փորձենք նկարագրե՞լ նրան, ով կկարողանա գրավել Ձեզ:
-Ծամոն ծամելուց «չճպճպացնի»` արդեն լավ է:
-Հանուն սիրելիի` պատրա՞ստ եք խենթությունների:
-Եսի՞մ, չգիտեմ…
-Մհեր, շրջապատում, կյանքում ի՞նչն է Ձեզ առավել նյարդայնացնում:
-Ծամոն «ճպճպացնողները, «Красотка» ֆիլմն ու «Մինյոնները»:
-Ի՞նչ նպատակներ, երազանքներ ունեք:
-Նպատակս այն է, որ 20 տարի հետո չասեմ` «ինչ «իձիոտ» էի ես 20 տարի առաջ»: Չնայած` վստահ եմ, որ հենց այդպես էլ լինելու է (ծիծաղում է): Երազանքս է ցանկացած պահի այցելեմ ցանկացած երկիր`ցանկացած ժամանակով:
-Իսկ ընթերցողներին ի՞նչ խորհուրդ կտաք:
-Միշտ լինել պոզիտիվ։