14/09/2015 12:13
Ն. Զոհրաբյան. ԵԽԽՎ-ում լրջորեն անհանգստացած են սահմանին առկա լարվածությամբ
Առաջիկայում ԵԽԽՎ քաղաքական և ժողովրավարության հարցերի հանձնաժողովում քննարկվելու է Ռոբերտ Վոլտերի սկանդալային զեկույցը, որը կրում է «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումը և որը, հասկանալի է, Հայաստանի համար լիովին անընդունելի է: Aysor.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հեղինակը մինչ օրս այդպես էլ չի դիմել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին մուտքի այցագիր ստանալու համար և ըստ էության՝ չգիտի, թե ինչի մասին է գրում.
«Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես պետք է Ռոբերտ Վոլտերը զեկույց գրի Լեռնային Ղարաբաղում «իրավիճակի սրման մասին», եթե նա երբեք չի եղել Lեռնային Ղարաբաղում ու ըստ ամենայնի՝ ցանկություն էլ չունի լինելու»,- ասաց նա:
Իհարկե, նշեց Նաիրա Զոհրաբյանը, հայկական կողմը պարտադիր կներկայացնի մեր հակափաստարկները այս խայտառակ փաստաթղթի վերաբերյալ: Բացի այս, այլ միջոցառումներ էլ են ձեռնարկվում:
Այդպես, օրերս Փարիզում, ԵԽԽՎ Միգրացիայի և փախստականների հարցերով հանձնաժողովի նիստում նա, անդրադառնալով վերջին օրերի սահմանային էսկալացիային ու տեղեկացնելով, որ Տավուշի մարզի հայկական գյուղերը գնդակոծվել են Ադրբեջանի կողմից ծանր սպառազինության կիրառմամբ ևս, ԵԽԽՎ պատգամավորներին դիմել է հատուկ հորդորով.
«Ես դիմեցի նրանց չօգնել Ռոբերտ Վոլտերին այս ամոթալի զեկույցը մշակելու գործում, քանի որ դրա իրական նպատակն ու դրդապատճառները պարզ են: Սա թուրք-ադրբեջանա-անգլիական լոբբիի արդյունք է, և այն 2005-ի Աթկինսոնի խայտառակ բանաձևի նման կրում է հակահայկական բնույթ: Փոխարենը հարկավոր է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ»,- փոխանցեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ԵԽԽվ-ում լրջորեն անհանգստացած են առկա լարվածությամբ և հենց իրենց խնդրանքով Ն.Զոհրաբյանը ներկայացրել է մանրամասներ:
Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ զեկույցը ըստ ամենայնի պատրաստ կլինի արդեն տարեվերջին՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին ընդառաջ: