14/09/2015 13:10
«Jazz Parking Երևանում». Համերգ՝ նվիրված Հայաստանի անկախությանը
Սեպտեմբերի 20-ին ժամը 19.00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Jazz Parking Երևանում» համերգը՝ նվիրված Հայաստանի անկախությանը:
Համերգի կազմակերպիչ, «AZD Production»-ի գլխավոր տնօրենը և պրոդյուսեր Հայկ Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համերգը հնարավորություն կտա միավորել հանդիսատեսին կենդանի հնչողությամբ վայելել միջազգային մրցույթների մասնակից հայ երգիչների կատարումները:
«Համերգի ընթացքում հնչելու են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով կատարումներ ռուսաստանաբնակ այն երաժշիտների կողմից, որոնց շատերը կարողացել են միայն ռուսական հեռուստաալիքներով ունկնդրել, քանի որ նրանցից ոմանք Հայաստանում առաջին անգամ են ելույթ ունենալու: Համերգին կմասնակցեն «Գոլոս», «Գլխավոր բեմ», «Նոր ալիք» նախագծերի հայ մասնակիցները «Jazz Parking Band»-ի նվագակցությամբ: Լինելու են հետաքրքիր դուետներ և պրեմիերաներ: Համերգը լինելու է բազմաժանր և գույնզգույն»,- ասաց Հ. Հարությունյանը:
Համերգին մասնակցում են` Մարիամ Մերաբովան, Արմեն Մերաբովը, Մարգարիտա Պոզոյանը, Արծվիկը, Լիա Սարկիսյանը, Ալբերտ Մուսաելյանը, Լիլիթ Հարությունյանը, Սամվել Վարդանյանը, Հայկ Մովսիսյանը (Music Hayk), Սյուզի Մխիթարյանը, Էդվարդ Խաչարյանը, Արտյոմ Կաչարյանը, Էդգար Հակոբյանը, Գայանա Զախարովան:
Համերգի հատուկ հյուրերն են Շուշան Պետրոսյանը և Ալին Գոյանը: