15/09/2015 18:29
Երբ անձնական կյանքումս փոփոխություններ են լինում, ասպարեզից «կորում» եմ. Ալլա Նավասարդյանը մայր է դարձել
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրը, լույս աշխարհ է եկել երգչուհի Ալլա Նավասարդյանի առաջնեկը: Ի դեպ, փոքրիկը «շտապել» և հետաքրքիր անակնկալ է մատուցել ծնողներին: «Մենք փոքրիկին սպասում էինք ամսի 17-ին, սակայն նա մի քիչ շտապեց: Բայց ասեմ, որ ամեն ինչ հաջող ընթացավ, հասուն, առողջ ու սիրունիկ բալիկ է`3,3 կիլոգրամ քաշով և 50 սմ բոյով: Ինձ թվում է, նա գիտունիկ, ծնողին նվիրված երեխա է լինելու: նաև նշեմ, որ մենք լինելով ավանդապաշտ հայեր` քառասունք ենք պահում. երեխայի մոտ ելքն ու մոտքն արգելված է»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգչուհի մայրիկը:
Տարածված խոսք է` մայրանալու զգացողությունն ամենաքաղցրն ու անմոռանալին է: Մեր զրուցակիցը նշեց, որ որքան էլ պատմել էին, ասել, բայց միևնույն է, զացողությունները տարբերվում էի պատկերացրածից: «Ավելի վեհ զգացում չկա, քան այն, որբ երեխային դնում են քո կրծքին: Քանի որ իմ փոքրիկը չէր լացում, շատ էի անհանգստանում: Հետո բժշկուհին բացատրեց, որ ոչ թե չի լացում, այլ երգում է… Նախկինում ինձ համար ծնողի սիրուց հետո ամենավեհ զգացումը հանդիսատեսի սերն ու համակրանքն էր, բայց հիմա հասկացա, որ դրանից այս կողմ և այն կողմ միայն քո բալիկի ծնունդ է»,-ծիծաղելով վերհիշեց մեր զրուցակիցը:
Գեները խոսուն են լինում. այս անգամ դա ապացուցեց Ա. Նավասարդյանի զավակը` նորածնին բնորոշ լացի փոխարեն երգելով. «Ճչալու փոխարեն նա սկսեց մեղեդային ձայներ հանել: Բժշկուհին կատակեց, թե երգչուհի մայրիկին է «քաշելու»: Բայց ես չեմ ցանկանա, որ իմ զավակն էլ նույն ուղին ընտրի, քանի որ շատ լավ գիտեմ, թե ինչ անշնորհակալ բնագավառ է երգարվեստը: Թեև, երբեք ոչ դեմ կլինեմ, ոչ էլ կպարտադրեմ իմ կարծիքը»:
Ի դեպ, նշենք, որ Ալլայի առաջնեկը արու զավակ է` փոքրիկ Արմենը, ում անվան ընտրությունը կատարվել էր դեռևս շատ ու շատ տարիներ առաջ: Ոչինչ պատահական չէր. «Մանկուց ես և եղբայրս որոշել էինք` որ մեկս մյուս սեռի բալիկ ունեցավ, կդնի մյուսիս անունը: Եղբայրս իր աղջկա անունը դրեց Ալլա, ես էլ իմ որդու անունը դրեցի Արմեն: Աստծուն շատ եմ խնդրում, որ իր քեռուն նմանվի և́ համեստությամբ, և́ խելացիությամբ, և́ ծնողասիրությամբ ու հայրենասիրությամբ: Եվ հետո, ես այնքան էլ կողմնակից չեմ այս նոր, ոչ հայկական անուններին: Ես ուզում եմ` տղաս որ երկրում էլ լինի, ներկայանալուց հասկանալի լինի իր ազգային պատկանելությունը` հայ լինելը»:
Թեև փոքրիկը դեռևս 15 օրեկան է, բայց մայրիկը վստահեցնում է` «նա իմ քսերոքսն է». «Ես էլ նորածին ժամանակ եղել եմ սպիտակամաշկ, բաց գույնի մազերով: Աչքերն էլ իմ աչքերի պես խոշոր ու երկար են: Երբ նայում եմ իմ մանկության նկարները, հասկանում եմ, որ իսկապես շատ նման է ինձ:
Տեղեկացնենք, որ երգչուհին ամուսնացել է մեկ տարի առաջ, սակայն անձնական կյանքի մասին «շատախոսել» չի սիրում: Դա նաև ամուսնու որոշումն է: «Ես նախընտրում եմ իմ անձնականը միմիայն իմը լինի: Երբ անձնական կյանքումս փոփոխություններ են լինում, ասպարեզից «կորում» եմ ու թույլ չեմ տալիս, որ իմ կյանքը հանրայնացվի ու տուժի: Միայն կասեմ, որ ամուսինս ազգությամբ հայ է, բայց ոչ Հայաստանից: Բարեգործական բժշկությամբ է զբաղվում. սովորաբար, իրենք լինում են այն վայրերում, որտեղ պատերազմ է լինում: Ներկա պահին էլ Սիրիայում են գտնվում: Քանի որ ինքն էլ փոքրիկին սպասում էր ամսի 17-ին, ապա Հայաստան պատրաստվում է վերադառնալ այդ օրերին: Այնպես որ, որդու հետ սկայփով է «ծանոթացել»»,-պարզաբանեց նա:
Երգչուհին այժմ զբաղված է միայն փոքրիկի խնամքով, աշխատանքային ռիթմին լավագույն դեպքում կվերադառնա հաջորդ տարվա սկզբին: Թեև, օգնականների պակաս չի զգացվում. «Եթե զգամ, որ աշխատանքս վնասում է իմ փոքրիկին, իհարկե, առաջնային կընտրեմ ընտանիքս: Բայց ասեմ, որ ինձ շատ են օգնում մայրս, ով մեզ հետ է ապրում, նաև մորաքույրս»:
Aysor.am-ը եզրափակելով զրույցը նորաթուխ մայրիկի հետ` շնորհավորեց և հետաքրքրվեց նաև` արդյոք շոու-բիզնեսի շատ ու շատ ներկայացուցիչների պես նա էլ պատրաստվում է սահմանափակվել միայն մեկ զավակով: «Ոչ, ես եսասեր չեմ, միայն իմ մասին չեմ մտածում: Քույրիկին եղբայր, իսկ եղբորը քույր է պետք: Բայց պետք չէ մեր պլանների մասին պատմել` Աստծուն ծիծաղեցնելու համար: Աստված ինքն է մեր պլաները կազմում»,-վստահեցրեց Ալլա Նավասարդյանը: