15/09/2015 10:41
Ինձ համար մի քիչ անհավատալի է, քանի որ միշտ մենակ եմ եղել. Արթուր Աբրահամ
Երբ մասնագիտական հաջողություններն ու գրաված բարձունքները մարդուն չեն շփոթեցնում ու փառամոլ դարձնում, ապա դա խոսում է ներքին դաստիարակության և մարդկային, անհատական որակների մասին:
Նրան բոլորն ասում են Չեմպիոն: Իհարկե, դա արդարացված է, քանզի գործ ունենք իսկապես աշխարհի չեմպիոնի հետ: Սակայն բավական է նրա հետ զրուցել 10-15 րոպե` հասկանալու, որ փառքն ամենևին էլ վնասաբեր չէ… Aysor.am-ի հյուրը Արթուր Աբրահամն է, ով, թեև չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, բայց այս անգամ սպառիչ պատասխաններ տվեց:
-Արթուր, նախ շնորհավորում եմ հերթական հաղթանակի` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում հաղթանակներից հետ:
-Շնորհակալ եմ… Երբ հաղթում ես, հոգիդ ու սիրտդ հանգստանում է, ընկնում է «տեղը»: Չէ՞ որ մինչև այդ անհանգիստ ես լինում, վրդովված ու խառնված:
-Սա Ձեր և Ռոբերտ Շտիգլիցի 4-րդ հանդիպումն էր: Ամեն անգամ նրա հետ հանդիպելիս` փոփոխություններ նկատե՞լ եք նրա կատարողականության մեջ:
-Այո, նա գնալով թուլացավ (ծիծաղում է)… Յուրաքանչյուրն իր մարտավարությունն ունի և փորձում է այն ցույց տալ ռինգում: Իհարկե, ոչ բոլորի մոտ է ստացվում այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ով ուժեղ է, իր «տակտիկան» գործում է ու հաղթում է:
-Դուք մարտահրավեր եք նետել նաև Ֆելիքս Շտուրմին: Արդեն իսկ արձագանքե՞լ է:
-Մենք մի քանի անգամ ենք մարտահրավեր արել, բայց նա անընդհատ ձգձգում է: Կարծում եմ, հաջորդ տարվա մեջ այդ մարտը պետք է տեղի ունենա, հակառակ դեպքում այլևս չի լինի:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ձգձգման պատճառը:
-Նա հիմա աշխարհի չեմպիոն չի, պարտվեց: Շուդինովի հետ նորից պետք է հանդիպի: Եթե հաղթի, այդ դեպքում իմ համար հետաքրքիր կլինի իր հետ հանդիպումը. երկու աշխարհի չմպիոններ միմյանց հետ կմենամարտեն: Բայց տեսնենք` ինչպես կլինի: Շատ մեծ առաջարկ ենք արել. մեր մենեջերն իրեն 2.5 միլիոն գումար էր առաջարկել, որպեսզի համաձայնի մենամարտել, բայց նա դեռ հստակ պատասխան չի տվել:
-Որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք:
-Վերջին անգամ սեպտեմբերի 6-ին եմ եկել, բայց նախորդ այցիցս քիչ ժամանակ էր անցել:
-Եվ ինչքան ժամանակով եք եկե՞լ:
-Մեկ-երկու օրից կվերադառնամ: Նոյեմբերի 23-ի մենամարտից հետո երևի նորից կգամ:
-Հայենի՞քն եք այդքան շատ կարոտում, թե՞ հաճախակի այստեղ լինելու համար այլ պատճառներ ունեք:
-Առաջին հերթին կարոտն է խեղդում, շատ եմ կարոտում հարազատներիս: Սա քո տունն է, որտեղ գալիս ես հանգստանում, լիցքավորվում… Բայց, իհարկե, ուրիշ պատճառներ էլ կան. այստեղ ընկերներ ունես, սիրած էակ, ընտանիք, տուն: Ընկերուհուս եմ կարոտում, ուզում տեսնել: Արդեն մեծացել ենք, պետք է ընտանիք ստեղծենք (ժպտում է):
-Ի դեպ, ամբողջ ազգն անհամբեր սպասում է Ձեր ամուսնության բարի լուրին:
-Դե, կարևորն այն է, որ աղջիկը կա, մնացածն արդեն ժամանակի հարց է: Այս հարցն արդեն լուծված է:
-Քանի որ արդեն գտել եք Ձեր ընտրյալին, ինչո՞վ է պայմանավորված ամուսնության հետաձգումը:
-Սպորտում, կարիերայում անընդհատ ինչ-որ մի բան խանգարում է:
-Ձեր ընտրյալին չի՞ անհանգստացնում այդ հանգամանքը:
-Իհարկե, անհանգստացնում է: Բայց ոչինչ, շատը գնացել, քիչն է մնացել: Կարևորն այն որ, որ միմյանց սիրում ենք: Մնացածը երկրորդական բաներ են:
-Դուք երբեք Ձեր անձնականը չեք գաղտնազերծում: Միգուցե մի փոքր անկեղծանա՞ք այսօր:
-Ի՞նչ ասեմ. հայկական մտածելակերպով հայ աղջիկ է` նման բոլոր հայուհիներին: Շնորհքով, ընտանեկան աղջիկ է, նորմալ մարդ:
-Հավանաբար, շատերին կհետաքրքրի. առաջնահերթ ինչո՞վ է արժանացել աշխարհի չեմպիոնի ուշադրությանը:
-Ամենակարևոր երկու բանով` խելքով ու տեսքով:
-Ի վերջո, ե՞րբ սպասենք Ձեր ամուսնությանը: Ինչո՞ւ եք դանդաղում այդ հարցում:
-Հաշվեք ամուսնացած եմ (ծիծաղում է): Չեմ ուզում օր նշել, այդ պատճառով էլ այդպես եմ ասում:
-Իսկ չսպասե՞նք հարսանիքի, հարսի շորով հարսիկի, եկեղեցական պսակադրության…
-Բա ո՞նց, ամեն ինչ էլ լինելու է` հարսանիք էլ, հարսի շոր էլ:
-Գերմանիայո՞ւմ:
-Ոչ, միայն ու միայն Հայաստանում:
-Ընտրյալը Երևանի՞ց է:
-Այո
-Արդեն իսկ պատկերացնո՞ւմ եք ընտանիքի Ձեր մոդելը:
-Դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ մի օր այդպիսի բան կլինի (ժպտում է): Ինձ համար մի քիչ անհավատալի է, քանի որ միշտ մենակ եմ եղել, ամեն ինչ ինքս եմ արել: Տարվա 6-7 ամիսը ինքուրույն եմ ապրել` հավաքների տեղը, որտեղ մենք ենք մեր գլխի տերը. մեր կողքին ծնողներ, կանայք չկան:
-Փաստորե, «խեղճ» աղջկան մեծ փորձություն է սպասվում` Ձեզ ետ բերել դեպի ընտանիք:
-Ոչ, ինչո՞ւ: Իմ կնոջը շատ լավ եմ նայելու: Ես չեմ սիրում, չեմ ուզում, որ նա իմ մայրիկի պես շատ տանջվի: Հնարավորություններ ունենք, ամեն ինչի համար օգնական կբերենք, թող իրեն օգնի, որպեսզի նա լավ ապրի: Այդպես ժամանակ կլինի իմ ու իր համար` միմյանց վայելելու, ոչ թե ամբողջ օրը տանջվի, ինչպես մեզանից շատերի մամաները:
-Աղջիկներից շատերին հերթական անգամ ստիպեցիք խանդել Ձեզ… Ի դեպ, հեռավորությունն ինչպե՞ս եք հաղթահարում:
-Հեռավորության դժվարությունը հաղթահարում ենք սկայփով (ծիծաղում է):
-Խանդի զգացումներ չե՞ն առաջանում:
-Իհարկե, առաջանում են: Բայց խանդը նույնպես սեր է, պետք է լինի, բայց չափավոր: Աղջիկը պետք է այնքան լավը լինի, որ խանդի շատ առիթ չտա տղային:
-Իսկ տղա՞ն:
-Ես խելոք մարդ եմ, ամբողջ օրը հավաքների տեղում եմ: Գնում եմ պարապմունքի, գալիս տուն, առիթ չեմ տալիս հաստատ: Ժամանակ էլ չկա դուրս գալու, ինձ համար խելոք ապրում եմ (ծիծաղում է):
-Արդեն քանի՞ տարի է, որ միմյանց ճանաչում եք:
-Երկար ժամանակ է, կդժվարանամ նշել:
-Իսկ Ձեր երկրպագուհիներից շատերն այս տարիներին Ձեր ուշադրության կենտրոնում հայտնվելու հույսեր ունեին: Հուսախաբ եք արել…
-Ես միշտ էլ ասել եմ, որ ընտրյալ ունեմ, չեմ թաքցրել երբեք… Ուղղակի սկզբից աղջիկը չէր ուզում ինձ, այդ պատճառով էի վախենում բարձրաձայնել(ծիծաղում է): Բայց հետո համաձայնեց:
-Սիրային հարցում դժվարություննե՞ր եք հաղթահարել:
-Այո:
-Եվ դա առավել շատ ինչի՞ հետ էր կապված:
-Սիրո, հո ինքը բռունցքից ուժեղ չէ՞ր, որ ինձ հաղթեր: Ես ֆիզիկապես ուժեղ էի, ինքը շանս չուներ (ծիծաղում է): Այնպես որ, նա հոգեպես էր ուժեղ ու այդ մարտի մեջ մտավ: Բայց կարևորը, որ հաղթեցի ու հիմա հավասար ենք:
-Ինչպե՞ս համոզեցիք. տիտղոսո՞վ, թե՞…
-Ոչ, ոչ, տիտղոսը կար ու այդ ժամանակ էլ չէր ուզում: Բնականաբար` զգացմունքով:
-Ամեն դեպքում, ինչո՞ւ եք այդքան դանդաղում ընտանիք կազմելու հարցում:
-Չեմ դանդաղում, ուղղակի ամեն ինչ իր ժամանակն ունի : Ես չեմ ուզում ուղղակի գամ, ամուսնանամ, կնոջս տանեմ ու ես գնամ իմ գործերով:
-Ուզում եք կարիերան ավարտեք, նո՞ր ընտանիք կազմեք:
-Ոչ, մոտակա ժամանակներում այդ հարցը կլուծվի:
-Ձեր ապագա կողակիցը չի՞ բողոքում այս հարցում Ձեր «դանդաղկոտությունից»:
-Իհարկե բողոքում է, բայց ոչինչ, սկզբից ես էի բողոքում, թող հիմա էլ ինքը բողոքի (ժպտում է):
-Ասում են, սպորտսմենները «չոր» բնավորություն ունեն, երբևէ խենթություններ արե՞լ եք Ձեր սիրելիի համար:
-Նայած` խենթուրթյուն ասելով ինչ եք հասկանում:
-Անսովոր արարքներ…
-Այն, որ սիրել եմ, արդեն իսկ անսովոր արարք է (ծիծաղում է): Բայց անակնկալներ շա~տ են եղել, ուղղակի հստակ որևէ մեկը չեմ հիշի:
-Ձեր ծանոթության շրջանում արդեն իսկ հասե՞լ էիք հաջողությունների:
-Այո, բայց միևնույն է, սկզբում ինձ չէր ուզում…
Շարունակելի...